«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր մենք միասին ավելի ուժեղ ենք, քան երբևէ. Ադամ Շիֆի ուղերձը Ցեղասպանության տարելիցին

24/04/2021

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, հիշում ենք նրանց, ում կորցրեցինք և հայտարարում, որ երբեք չենք մոռանա: Այս մասին «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը:

«Մենք նաև հիշում ենք վերջին ագրեսիայի հետևանքով զոհ գնացած  հայերին՝  նրանց, ովքեր մահացան Արցախում, ովքեր ստիպված եղան փախչել ադրբեջանական ու թուրքական ագրեսիայից՝ ուղղված իրենց տների ու կյանքի դեմ: Հիշում ենք նաև նրանց, ովքեր մնացին որպես ռազմագերիներ: Այս վերջին բռնությունն ընդգծում է ոչ միայն 1915 թվականի զոհերին հիշելու, այլև ճշմարտությունն ասելու կարևորությունը, պատմության այս խավար շրջանը ճանաչելու որպես ցեղասպանություն, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի:

Շիֆը նշել է, որ տասնամյակներ շարունակ Թուրքիան առաջ է տանում Ցեղասպանության ժխտման, այդ մասին բարձրաձայնողներին լռեցնելու քաղաքականություն:

«Նրանք ստիպում են շատերին լուռ մնալ, և ցավով եմ արձանագրում, որ շատ տասնամյակներ դրանց շարքում էր նաև ԱՄՆ կառավարությունը: Այլևս երբեք»,- նշել է Շիֆը՝ հպարտությամբ հիշեցնելով, թե ինչպես ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները նախորդ տարիներին ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր:

«Այսօր մենք կանգնած ենք միասին, ավելի ուժեղ, քան երբևէ՝ հայտարարելու, որ հայերին ոչնչացնելու քաղաքականությունը ձախողվել է: Պարզապես նայեք հայ ժողովրդին ու հայկական սփյուռքին:

Ես մշտապես կանգնած եմ լինելու հայկական համայնքի կողքին՝ ոգեկոչելու հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Մեր աշխատանքը շարունակվում է, քանի որ մենք շարունակում ենք պահանջել ու պայքարել արդարության համար»,- հայտարարել է Շիֆը: Նա նշել է, որ իրենք պահանջում են նաև խաղաղություն և անկախություն Արցախի համար: