Հայաստանը մնում է հայրենիք յուրաքանչյուր հայի համար. Զ. Մնացականյանը` լիբանանահայության խնդիրների և Հայաստան վերադառնալու մասին

Մերձավոր Արևելքում հայկական համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած՝ տնտեսական ճգնաժամ, գործազրկությունը 50 տոկոսի է հասնում և տարբեր հաշվարկներով` հնարավոր է օգոստոսին սովի խնդիր էլ առաջանա. ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը, հետաքրքրվելով, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը մտադի՞ր է աջակցություն ցուցաբերել հայկական համայնքին, միաժամանակ ընդգծելով, որ Լիբանանում Հայաստանի նկատմամբ հակահայ տրամադրություն է խրախուսվում Թուրքիայի կառավարության կողմից:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Լիբանանում հայ համայնքը պետության մեջ հանդես է գալիս որպես երկրի ինքնուրույն դերակատար միավոր:

Անդրադառնալով զարգացող հակահայ տրամադրություններին` նախարարը նշեց.

«Ատելության խոսքի յուրաքանչյուր դրսևորում մտահոգության տեղիք է տալիս: Կրոնական, ռասայական խտրականություն պարունակող խոսքը սպառնալիք է բարեկամ Լիբանանի ներքին կայունությանը: Վստահ ենք, որ Լիբանանի կառավարությունը և լիբանանահայությունը խստորեն հակազդելու են նման դրսևորումների դեմ: ԵՎ Լիբանանում հայկական քաղաքական երեք կուսակցությունների համատեղ հայտարարության հիմքում նույն տրամաբանությունն է, ինչը գնահատելի է»:

Անդրադառնով հայկական համայնքի խնդիրներին` Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դիվանագիտական ներկայացուցչության միջոցով մշտական կապի մեջ են համայնքային բոլոր կառույցների հետ և շարունակելու են այդ երկխոսությունը՝ հետևելով զարգացումներին:

«Լիբանանահայերի սոցիալ-տնտեսական վիճակը իրապես ճգնաժամային է: Կորոնավիրուսի պատճառով ճանապարհների փակ լինելը լրացուցիչ խնդիր է ստեղծում, եթե ցանկանան գալ Հայաստան: Այս խնդրի վերաբերյալ խորհրդակցում ենք, և Հայաստանը մնում է հայրենիք յուրաքանչյուր հայի համար: Հայաստանը ունի Սիրիայում համայնքային օգնություն հասցնելու փորձ, որտեղ նույնպես պայմանները ճգնաժամային են: Հիմա գնահատում ենք, թե ինչպե՞ս կարող ենք արձագանքել այդ ուղղությամբ»-եզրափակեց նախարարը:

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am