«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էլեկտրոնային հարթակներում (Facebook, Google, Netflix, Yandex Taxi…) տեղադրվող գովազդները կհարկվեն․ կառավարության նոր որոշումը

06/08/2021

Էլեկտրոնային հարթակներում (Google, Facebook, Netflix, Yandex Taxi…) տեղադրվող գովազդները կհարկվեն, խոսքը վերաբերում է ֆիզիկական անձանց: Այս մասին կառավարությունը որոշում ընդունեց օգոստոսի 6-ի նիստին։

Այսպիսով փոփոխություններ և լրացումներ են կատարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում։ Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից։

Նախագծի հիմ­­նական նպատակը ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրոնային ծառայության հասկացության սահմանման հստակեցումն է, էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որոշման կանոնների սահմանումը, ինչպես նաև ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի հաշվարկելու և վճարելու կարգավորումների նախատեսումն է:

«Մենք էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները պիտի հարկենք, ինչպես անում են աշխարհի ոչ բոլոր, բայց համենայն դեպս առաջատար երկրներն այդպես անում են։ Facebook, Google և ընդհանրապես ինտերնետային դաշտում, եթե մենք Հայաստանից բացում ենք այդ կայքերը, տեսնում ենք, որ այդ կայքերում հայկական ընկերությունների գովազդներ են տեղադրված։ Այդ գովազդների համար, բնականաբար, այդ ընկերությունները վճարվում են։ Եթե նմանատիպ գործարքներ տեղի են ունենում Հայաստանում գրանցված ընկերությունների դեպքում՝ առաջանում են հարկային պարտավորություններ այդ ծառայությունը մատուցողի համար։ Հիմա խնդիր ունենք, որ այս դաշտում այդ գովազդներից մենք չենք կարողանում հարկեր գեներացնել, և նախկինում, երբ քննարկել ենք, հիմանկան խնդիրը մեխանիզմի մեջ է եղել, թե ինչպես հաշվառենք, ինրպես հաշվարկել այդ գործընթացը»,-արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ուղիղ մուտքերով մոտ 20 միլիարդ հավելլյալ հարկ կգեներացվի։ Միայն Yandex Taxi-ն շուրջ 1 միլիարդ հարկ կվճարի։

Այսպիսով, նախատեսվել է․

1) սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը` հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով ներկայումս ԵԱՏՄ պայմանագրի 18-րդ հավելվածում նախատեսվող փոփոխությունները,

2) կարգավորել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով`

ա. հաշվետու ժամանակաշրջան սահմանել հաշվետու եռամսյակը,

բ. ծառայության մատուցման պահը որոշվում է այդ ծառայության դիմաց վճարում, այդ թվում` մասնակի, կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը ներառյալ,

գ. ԱԱՀ գումարներ վճարելու և ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,

3) ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների մասով Կառավարության կողմից սահմանել հարկային մարմնում հաշվառման և ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ։