Մերօրյա պատերազմներում ԱԹՍ խոցելը հեշտ գործ չէ, այն էլ ժամանակակից. Փորձագետ

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումների իրականացրած այսօրվա օպերացիան մարտավարական և հոգեբանական առումով մեծ նշանակություն ունի։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց «Հենակետ» վերլուծական կետրոն փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ անդրադառնալով ՀՀ զինված ուժերի կողմից Ադրբեջանի ԶՈՒ–ին պատկանող իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցմանը։

«Մերօրյա պատերազմներում ԱԹՍ խոցելը հեշտ գործ չէ, այն էլ ժամանակակից՝ ինչպիսին է «Elbit Hermes 900» -ը։ Այդպիսի ԱԹՍ –ների վրա տարբեր նորագույն համակարգեր են կիրառվում, և շատ ժամանակ խնդիր է առաջանում օբյեկտը, այսպես ասած, ուղեկցման վերցնելու գործում։ «Elbit Hermes 900» -ը շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մարտավարական անօդաչու է և, կարելի է ասել, պատմության մեջ առաջին անգամ է նման անօդաչու խոցվել, համենայն դեպս, հակառակը ապացուցող հրապարակային տեղեկատվություն չկա»,–ասաց փորձագետը։

Մանգասարյանը, անդրադառնալով օպերացիայի մարտավարական նշանակությանը, ընդգծեց, որ սրա միջոցով հայկական զինված ուժերը ցույց տվեցին հակառակորդին, որ հայկական բանակը ունակ է կանխելու ցանկացած, անգամ իր հզորությամբ և կարողություններով աչքի ընկնող խոշոր ԱԹՍ–ի առաջխաղացումը։

«Կարծում եմ՝ հակառակորդը կհասկանա, որ անկախ իրենց զինանոցում եղած ժամանակակից տեխնիկական միջոցների առկայությունից, հայկական բանակը ունակ է կանխելու դրանց առաջխաղացումը սահմանի ցանկացած հատվածում, ինչը բանակի կառավարման օղակներին էլ ավելի վստահություն է ներշնչում։ Գաղտնիք չէ, որ հակառակորդը այդօրինակ տեխնիկական միջոցները հիմնականում օգտագործում է հրամանատարական կետեր ֆիքսելու և հարվածներ հասցնելու նպատակով։ Ժամանակակից պատերազմներում շատ դեպքեր են արձանագրվել, որ պատերազմող կողմերը հնարավորության սահմաններում փորձել են շեշտը դնել տարատեսակ ԱԹՍ–ների կիրառման վրա, և եթե Ադրբեջանին դիտարկենք այդ երկրների շարքում, կարող ենք արձանագրել , որ ԱԹՍ–ների պատերազմներում նրանք ֆավորիտ չեն, և հայկական բանակը ունակ է ինչպես կանխել այդ ԱԹՍ–ների առաջխաղացումը, այնպես էլ պատասխան թիրախային հարվածներ հասցնել սահմանի ողջ երկայնքով»,– ասաց նա։

Դիտարկմանը, թե հարվածային ԱԹՍ–ները նպատակ ունեն ոչ միայն կոնկրետ թիրախներ խոցել, այլև խուճապ առաջացնել, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում, Մանգասարյանը պատասխանեց.

«Զինվորականների, ինչպես նաև սահմանամեձ բնակավայրերում ապրող քաղաքացիների մոտ ԱԹՍ ները, մեղմ ասած, լարվածություն են առաջացնում։ Շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն և համոզվեն , որ մեր Զինված ուժերը ունակ են անգամ նման ժամանակակից տեխնիկական միջոցներ շարքից հանել, ինչը բնականաբար կնպաստի լարվածության թուլացմանը»։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից հայ-ադրբեջանական հակամարտությունը մտավ լարվածության նոր փուլ. ադրբեջանական կողմը հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու անհաջող փորձերից հետո ակտիվացրեց հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ների կիրառումը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ՝ տալով մեկ տասնյակից ավելի կորուստներ` այդ թվում բարձրաստիճան սպաների (գեներալ-մայոր, գնդապետ և այլն)։ Ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմից զոհվել են չորս զինծառայողներ, որոնցից երկուսը ժամկետայիններ։ Հայ–ադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողություններին արձագանքել են ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը, այլ միջազգային կառույցներ ու դիվանագետներ։

Աղբյուր` News.am