«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի 7 շրջանների դիմաց Փաշինյանին 5 մլրդ դոլարի առաջարկի մասին Միքայել Մինասյանի տարածած տեսանյութը ուսումնասիրվում է դատախազությունում

14/12/2020

Արցախի հանրապետության 7 շրջանների դիմաց Ալիեւի կողմից Փաշինյանին 5 մլրդ դոլարի առաջարկելու մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը պարունակող տեսանյութն ուսումնասիրվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հետ զրույցում հայտնեցին դատախազությունից՝ նշելով, որ հետագա ընթացքի մասին՝ ըստ անհրաժեշտության կտեղեկացվի:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ 2018 թվականի հոկտեմբերին Ալիեւը 5 մլրդ դոլար է առաջարկել Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի 7 շրջանի դիմաց։

Առաջարկը պարունակող գաղտնի նամակը Փաշինյանի կառավարության ներկայացուցչին է փոխանցվել ԱՄԷ Դուբայ քաղաքում՝ հինգ աստղանի հյուրանոցում ՝ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան մի անձնավորությունից, որը հանդես է եկել Իլհամ Ալիևի անունից։

«Նամակի բովանդակությունը հետևյալն էր՝ մենք՝ Ադրբեջանի կառավարությունը, պատրաստ ենք տրամադրել Նիկոլ Փաշինյանին եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի կերպ չեն ասոցացվելու Ադրբեջանի հետ, հինգ միլիարդ ամերիկյան դոլար։ Հինգ միլիարդ դոլար յոթ շրջանի համար՝ 5+2»,- նշել էր Մ.Մինասյանը։


Մ.Մինասյանի հայտարարությունից օրեր առաջ՝ Արցախի դիմաց Փաշինյանին աստղաբաշխական գումար առաջարկելու մասին հարցադրում-հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«2019-ին արդյոք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան, համարժեք երկու պաշտոնյա։ Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման։ Եւ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ի՞նչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը խնդրում ենք՝ փոխանցել ձեր ղեկավարին։

Արդյո՞ք երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված, ասել է թե՝ տես էդ անասունները ինչ են առաջարկում, մեր երկրի ղեկավարը ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»,- նշել էր Աղվան Վարդանյանը։

Այս հայտարարությունները դեռեւս պաշտոնապես չեն հերքվել։ «Կոչ եմ անում, խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին, հաստատի կամ հերքի իմ ասածը։

Բայց հերքելուց առաջ հիշի, որ կան մարդիկ, որոնք գիտեն, որոնք ստացել են, որոնք փոխանցել են, և որոնք ունեն նաև նամակի պարունակությունը»,- դեկտեմբերի 11-ին տարածված տեսանյութում ասել էր Մ.Մինասյանը։

Աղբյուր` Փաստինֆո