«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատմություն լուսանկարների հետևում, որը դարձել է Լեռնային Ղարաբաղում հայերի պայքարի խորհրդանիշը. La Croix (Ֆրանսիա)

06/12/2020

Արմունկները հենելով փայլուն սեղանին՝ Արտակ Հովհաննիսյանը իր մեծ ձեռքերով ծածկում է կարմիր դեմքը՝ արցունքները զսպելու համար: Անցնում է մի քանի վայրկյան, և նրա հայացքը ձգվում է դեպի շոկոլադե սալիկները, որոնք դրված են ճենապակե ափսեի մեջ: Ակամայից կարելի է մտածել՝ արդյո՞ք այդպիսի տխրություն է տիրում Հայաստանի բոլոր տներում:

Դա մոլուցքային մաքրասիրությո՞ւն է, թե՞ ողբերգության իրազեկում: Հովհաննիսյանների տունը դամբարան է հիշեցնում: Պահարանի վրա ծաղկամաններ էին՝ առանց ծաղիկների, մի անհայտ անձի նկարած կտավ՝ նրանց ավագ որդու՝ Ալբերտի լուսանկարի վերարտադրությունը:

Եթե ​​չլիներ այս լուսանկարը, 19-ամյա Ալբերտ Հովհաննիսյանը կլիներ մեկը Լեռնային Ղարաբաղի պատերազմի զինվորներից: Նրա դեմքին ճիչ կա: Մեծ չափսի համազգեստով և գլխին սաղավարտով մի երիտասարդ հրետանավոր շրջվում է Դ-30 հրանոթի կրակոցից: Նա փակում է աչքերը, որ զերծ պահի փոշուց, և բացում է բերանը, որպեսզի հարվածային ալիքից չպայթեն ականջների թմբկաթաղանթները: Նրա հետևում ամբողջը կրակ է: Այս դժոխքի ֆոնին սառած դեմքն արտահայտում է զայրույթ և տառապանք, վճռականություն և վախ:

Նա դարձավ մեկը, որին բոլորը գիտեն, մեկը, որի մեջ բոլորը ճանաչում են իրենց: Դա կարելի է տեսնել կառավարական ​​կայքերում և ֆեյսբուքյան էջերում: Ոմանք նույնիսկ դաջվածք են իրենց վրա արել: Ռազմական քարոզչության մեջ հայերն ընտրեցին խոցելիության պատկերը: Երևանի փողոցներում և լեռնային ճանապարհներին տեղադրված են գովազդային վահանակներ նրա նկարով և «Հաղթելու ենք» մակագրությամբ:

 Վիճակահանություն

«Ես կցանկանայի, որ նրա մասին հիշեին ոչ միայն այս նկարով»,- ասում է Արտակը՝ գլուխը բարձրացնելով: Նա իր հեռախոսով ցույց է տալիս Ալբերտի մի քանի նկարները մոր հետ (նա բուժքույր է երևանյան հիվանդանոցներից մեկում) և կրտսեր քրոջ հետ, որն այժմ 9 տարեկան է: Հոր հետ հազվագյուտ լուսանկարներում նա լուրջ տեսք ունի. «Ես Ալբերտի համար միշտ ավելի շատ ընկեր եմ եղել, քան հայր: Ես նրան ոչ մի բան չեմ արգելել, բայց ամեն ինչ արեցի, որ նա լավ մարդ դառնա»:

Արտակը մատը սահեցնում է էկրանին: Լուսանկարում 2020 թվականի հունվարի 13-ին Ալբերտը համազգեստով է՝ լուսանկարված ծնողների կողքին: Արտակը հպարտությունից փայլում է: Այդ օրը նրա համար պատիվ էր ուղեկցել զինվորական ծառայությունը սկսած որդուն: Տեղակայման վայրը որոշվեց վիճակահանությամբ: Հինգ ամիս պարապելուց հետո հրետանային սերժանտ Ալբերտ Հովհաննիսյանը ուղարկվեց Ջրական՝ Ջաբրայիլ:

«Ես նրան միայն մեկ անգամ եմ տեսել Արցախ մեկնելուց առաջ»: Ալբերտը լուրջ էր տրամադրված: Զենքերը Լեռնային Ղարաբաղում իրականում չեն լռել, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը գրավել է Ադրբեջանի այս լեռնային շրջանը:

Բախումների ու դիպուկահարների կրակի հետևանքով ամեն տարի բազմաթիվ զոհեր ու վիրավորներ են լինում: Ջաբրայիլը ընկած է ադրբեջանական դիրքերի հակառակ կողմում: Արտակը շատ լավ գիտի այդ վայրը՝ հենց ինքն էլ 22 տարի առաջ ծառայել էր այնտեղ: Երբ նա հրաժեշտ տվեց որդուն, խոստացավ գալ ու պատմել նրան այն ամենը, ինչ գիտեր այդ տարածքի մասին:

Առաջնագծում

Ալբերտն առաջնագծում էր: Նա իրեն լավ էր զգում ու հեռախոսով խոսելիս հանգստացնում էր ծնողներին: Սնունդ լավ էր, սպաների վերաբերմունքը՝ նույնպես: Նրան դուր էր գալիս ընդհանուր գործողության ոգին և ընկերասիրությունը: Ժամանակին Արտակը ծառայում էր որպես հասարակ շարքային զինվոր և այդ պատճառով հպարտությամբ շիկնում էր որդու կոչումը հիշատակելիս: Ալբերտը հրամանատարն էր երեք հոգանոց հրետանային անձնակազմի:

Սեպտեմբերի 15-ին՝ նրա 19-ամյակին, հայրը վերջապես կարողացավ այցելել որդուն: Նա անապատի մեջտեղում տեսավ հրետանային դիրքեր, անորոշ խրամատներ: «Եթե քեզ հրամայեն նահանջել, հետևիր մյուսներին և քեզ մի ցուցադրիր»,- խորհուրդ է տվել հայրը: «Այստեղ չափազանց վտանգավոր է»: Օրվա ընթացքում նրանք զբոսնել են և ճանապարհին գտել են մի փոքրիկ մատուռ: Նրանք դա ընդունել են որպես լավ նախանշան: «Ես այլևս չէի վախենում նրա համար: Ես ինքս ինձ ասացի, որ Աստված հսկում է մեզ»:

Արտակը խոր շունչ է քաշում: Նա բռունցքը սեղմում է կրծքին այնպես, կարծես փորձում է զսպել սուր ցավը: «Սեպտեմբերի 26-ին ես զանգահարեցի նրան՝ պարզելու, թե ինչպես են գործերը: Սեպտեմբերի 27-ին, ինչպես բոլորը, այնպես էլ ես, իմացա պատերազմի սկսվելու մասին: Երբ փորձեցի կապվել նրա հետ, համարն այլևս չպատասխանեց»:

Սեպտեմբերի 27-ին գիշերը ժամը 2-ին Ռաֆայել Պետրոսյանի ռացիան միացավ: «Ուշադիր նայեք,- հրամայեց սպան,- ինչ-որ բան է նախապատրաստվում»: Բաց ժպիտով 19-ամյա այս տղան հուլիսից ծառայում էր Ջաբրայիլում՝ Ալբերտ Հովհաննիսյանի հաշվարկում:

Նրանք ընկերներ էին: Ռաֆայելին դուր էր գալիս սերժանտի հանգստությունը, որը միշտ նրա հետ էր:

Ալբերտը սիրում էր նրա հետ խոսել Երևանի մասին, որտեղ երկուսն էլ ծնվել էին: Երեք ամիս նրանք ապրում էին մի սենյակում, ուտում էին նույն ուտեստը, նույն խրամատում էին լինում: Հրամանատարից նախազգուշացում ստանալով՝ Ալբերտն ու Ռաֆայելը շտապեցին դիրքեր: Նրանք այնտեղ մնացին մինչև առավոտյան 06։00-ն, իսկ հետո գնացին քնելու: Առավոտյան 07:05-ին սարսափելի սուլոցը նրանց քնից հանեց:

Դժոխային հրանոթ

Նրանց դիրքերի վրա թափվեցին «Գրադ» կայանքի արկերն ու հրթիռները: Ռաֆայելը կապվեց հրամանատարի հետ, որը հրաման տվեց կրակել ըստ հայեցողության: Թիրախների կոորդինատները փոխանցվում էին ռադիոյով: Ալբերտն ու իր ենթակաները ուղղեցին հաուբիցը և կրակեցին: Խուլ մռնչյունը և փոշու ամպը ծածկել էին նրանց: Ռաֆայելի ականջները զրնգում էին, բայց նա արագ ընտելացավ:

Ժամը 13։00-ին ռացիան լիցքաթափվեց: Ռաֆայելն ու Ալբերտը շտապեցին տոպրակի միջից պահեստային մարտկոցները հանել, երբ նրանց կողքին պայթեց «Գրադի» հրթիռը: Ալբերտը չէր տուժել, իսկ Ռաֆայելին պայթյունը դուրս էր նետել խրամատից. մի բեկոր հարվածել էր ձեռքին, և նա չէր կարողանում շարժվել: Ալբերտը նրան քարշ տալով թաքցրեց և փորձեց օգնել: Նրանք ստիպված էին երկու ժամ սպասել շտապօգնության մեքենային, որը Ռաֆայելին տեղափոխեց Ջաբրայիլի ռազմական հիվանդանոց: Նույնիսկ մի օր չէր անցել, ինչ պատերազմը սկսվել էր, իսկ Ալբերտն արդեն մնացել էր առանց ընկերոջ:

ՊՆ լուսանկարիչ Սիփան Գյուլումյանը սեպտեմբերի 28-ին ժամանել էր Ջաբրայիլ և իր առջև տեսել այդ ապոկալիպտիկ նկարը: Ալբերտ Հովհաննիսյանի մարտկոցի 12 հաուբից ցնցեց գետինը: Յուրաքանչյուր կրակոցից հետո փոշու հաստ շերտը ծածկում էր գնդացրորդներին, որոնք շտապում էին դեպի զենքը՝ այն հնարավորինս արագ վերալիցքավորելու համար: Շատերն իրենց զրահաբաճկոնները հանեցին՝ վազքը հեշտացնելու համար:

Ռադիոօպերատորները բղավում էին թիրախների կոորդինատները: Մի քանի զինվորների ականջներին արյուն կար: Սիփանը տեսախցիկը ուղղեց Ալբերտի կողմը, ֆիքսեց պահը, նկարեց: Երեկոյան նա լուսանկարների ընտրանին ուղարկեց Պաշտպանության նախարարություն և քնով անցավ: Գիշերը Ալբերտի լուսանկարը հայտնվեց լրատվական կայքերում: Երբ Սիփանը մեկ օր անց կրկին կարողացավ միանալ ինտերնետին, նրա նկարն արդեն կար աշխարհի շատ լրատվամիջոցներում:

 «Ալբերտը թողեց մեզ»

Երևանում Արտակին շնորհավորում էին: Անծանոթ մարդիկ գրում էին նրան աշխարհի մյուս ծայրից՝ որդուն հաղթական վերադարձ մաղթելու համար: Արտակը մեղմում էր այս ոգևորությունը: Իհարկե, նա ուրախ էր սեպտեմբերի 29-ի երեկոյան հեռուստատեսությամբ տեսնել որդուն, բայց նրա հոգին անհանգիստ էր:

Գիշերը վերջապես կարողացավ զանգահարել որդուն՝ իմանալու վերջին նորությունները: Երկար լռությունից հետո Ալբերտը հոգոց հանելով ասաց. «Ամեն ինչ լավ է»: Հետո կապն ընդհատվեց: Արտակին չհաջողվեց նորից զանգահարել: Օրն անցավ առանց որդու մասին լուրերի: Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:30-ին, նա դեռ զանգ է ստացել ճակատից: Գծի մյուս ծայրին սպան էր:

– Դուք Ալբերտ Հովհաննիսյանի հա՞յրն եք:

– Այո։

– Ալբերտը հեռացավ մեզանից:

Որոշ ժամանակ անց՝ «պատերազմի հինգերորդ կամ վեցերորդ օրը», AVA Design գովազդային գործակալությունը Երևանի քաղաքապետարանից անսովոր պատվեր ստացավ՝ տպել և կախել պաստառներ հայ զինվորների նկարներով և «Հաղթելու ենք» կարգախոսով ամենուր: Փոքրիկ ընկերությունն անմիջապես ազատեց դրա համար գովազդային տարածքները։

 Դիահերձարանից դիահերձարան

Նմանատիպ առաջադրանք հանձնարարվեց մեկ տասնյակ այլ ֆիրմաների: Քաղաքի տպարաններն աշխատում էին ամբողջ գիշեր, իսկ պաստառները փակցվում էին հաջորդ օրը: Մի քանի ժամվա ընթացքում հայրենասիրական պատկերները ծածկեցին Երևանի գովազդային տարածքների 90%-ը: Ալբերտ Հովհաննիսյանի ճիչը մայրաքաղաքի փողոցներում էր: Ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ AVA Design-ը չգիտեին, որ երիտասարդ հրետանային սերժանտը զոհվել էր մի քանի օր առաջ:

Արտակն ամեն բան արեց, որ այդ մասին չիմանան: Նա չէր ուզում հավատալ, քանի դեռ չէր տեսել որդուն: Նա բանակից պահանջեց իրեն տալ որդու մարմինը: Դժվարությունն այն էր, որ ոչ ոք չկարողացավ գտնել նրան: Արտակը սպառնաց դատական ​​հայց ներկայացնել զինվորականների դեմ և պահանջեց ցույց տալ իրեն առնվազն լուսանկարը, բայց դա ոչինչ չտվեց: Հուսահատված նա գնաց որդուն որոնելու: Հոկտեմբերի 2-ին նա իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Ալբերտը կորել է: Հոկտեմբերի 5-ին նա սկսեց ականատեսների որոնումը. «Ես մի քանի օր է, ինչ որդուս մասին լուր չունեմ: Ես խնդրում եմ ձեզ՝ կապվեք ինձ հետ, եթե ունեք հավաստի տեղեկատվություն»:

Արտակը չգիտի, թե քանի դիահերձարան է այցելել: Մինչ նա շրջում էր Հայաստանում, եղբայրը նույնը արեց Լեռնային Ղարաբաղում: Նրանք փնտրում էին Ջաբրայիլից բերված զինվորների, բայց տեղեկատվությունը հաճախ մատչելի չէր: Երբեմն նրանք ստիպված էին ստուգել մահացածների մարմինները: Արտակը դիահերձարաններում տեսավ անհավասար պատերազմի դեմքը, բայց հրաժարվեց համակերպվել իր որդու մահվան հետ:

«Հայրս հիվանդանոցում էր՝ սրտի հետ կապված խնդիրներ ուներ, և ես վախենում էի, որ կկորցնեմ նրան, եթե լուրը տարածեմ»,- ասում է նա: «Բացի դրանից, մարդիկ շատ էին գնահատում Ալբերտին:

Նա հաղթանակի խորհրդանիշ էր, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Եվ ահա նորությունը: Դա միայն իմ մասին չէր, իմ ցավի մասին էր: Ես չէի ուզում կոտրել մարդկանց մարտական ոգին»:

«Մեր բոլորի հերոսը»

Տասնօրյա որոնումներից հետո եղբայրս Ալբերտի դին գտավ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Նրա ազգանունը սխալ էր գրված: Արտակը իմացավ, որ իր որդին մահացել է հրթիռի պայթյունի հետևանքով։ Բեկորները մահացու վերքեր են պատճառել գլխին, սրտին և ստամոքսին:

Հոկտեմբերի 8-ին բանակը վերջապես տեղափոխեց Ալբերտի մարմինը Երևան: Այդ օրը Արտակը Ֆեյսբուքում հայտարարեց որդու մահվան մասին. «Իմ վիշտը մեծ է, բայց ես հպարտ եմ, որ հայրենասերի հայր եմ: Իմ Ալբերտը ոչ միայն իմ հերոսն է, այլև մեր բոլորի հերոսը»: Մեկնաբանություններում 13 000 մարդ ցավակցեց նրան: Հաջորդ օրը մի փոքր բազմություն հավաքվեց Երևանում՝ եկեղեցու մոտ` հարգելու նրա հիշատակը:

Ալբերտ Հովհաննիսյանը դարձել է ազգի զոհաբերության խորհրդանիշ: «Նրա հայտնի լուսանկարը դարձել է եզակի պատկերը ոգու ուժի, որը հայ ժողովուրդը դրսևորեց այս պատերազմում»,- ասաց Արցախի Հանրապետության նախագահը:

«Մենք սգում էինք նրա մահը, բայց դեռ հավատում էինք»,- ասում է AVA Design-ի մենեջեր Էրին Հարությունյանը: Հոկտեմբերի 12-ին գործակալության աշխատակիցը պատրաստեց պաստառների զանազան տարբերակներ, որոնք քաղաքապետարանն ուղարկել էր տասը օր առաջ: Դրանց վրա գրված էր. «Հաղթեցինք»: «Իհարկե, մենք դրանք երբեք չենք օգտագործել»,- ասում է Էրին Հարությունյանը: «Բայց ես համոզված եմ, որ մենք միակ գործակալությունը չենք, որը դրանք պատրաստել է»:

 Աղետալի զինադադար

Այս ամենը հաղթահարելու համար Ալբերտի ծնողները գնացին աշխատանքի: Նրա մայրը բուժքույր է, նվիրվել էր վիրավորների համր հոգ տանելուն: Արտակն իր մեքենան նվիրեց բանակին և կամավոր դարձավ Լեռնային Ղարաբաղից ժամանած զինվորների և փախստականների համար օգնություն հավաքելու հարցում: Նա իրեն արգելեց կոտրվել, քանի որ չէր ցանկանում «վիշտը ուրիշներին փոխանցել»: Անընդհատ աշխատանքը նրան որոշակի մխիթարություն բերեց: Նա սոցիալական ցանցերում շարունակեց դիմել համաքաղաքացիներին: «Մեր պայքարը արդար է, և մենք հաղթելու ենք»,- գրել էր նա հոկտեմբերի 26-ին:

Հաղթանակի հույսերը ցնդեցին նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի հետ զինադադար կնքելու մասին: Համաձայնագիրը արտացոլում էր ծանր ռազմական իրավիճակը և աղետի էր վերածվում Հայաստանի համար. նա ստիպված էր հաշտվել պատմական Շուշի քաղաքի կորստի և 1994 թվականից ի վեր գրաված ադրբեջանական մի քանի շրջանների վերադարձի հետ:

Հաղթական կարգախոսներով պաստառները դեռ այստեղ են

Մայրաքաղաքի փողոցներում պատերազմի տեսարանները, որոնք ծանոթ են դարձել հակամարտության ընթացքում, այլևս չեն հեռարձակվում հսկայական էկրաններով, բայց հաղթական կարգախոսներով պաստառները դեռ այստեղ են: «Ամեն անգամ երբ տեսնում եմ, սիրտս ցավում է»,- ասում է Էրին Հարությունյանը: Դրանք դեռ պետք է հեռացվեն. ցուցադրումը կամավոր էր, և եկամուտը բավարար չէ: Էրինը խոստացավ, որ պատվերների բացակայության դեպքում գովազդային տարածքը կզբաղեցնեն զինվորների լուսանկարները։

Գոհար Մարտիրոսյանը, ինչպես շատերը, Ալբերտի նկարը որպես գլխավոր լուսանկար տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում. «Ինձ հարցնում էին, թե ինչու ես այն չփոխեցի խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո, բայց ես չեմ կարող: Այդպիսով ես կդավաճանեի նրան»: 2016-2018 թվականներին այս 56-ամյա թոշակառու կապիտանը զինվորական պատրաստություն էր դասավանդում Ալբերտի դպրոցում: Նրա նախկին աշակերտներից չորսը զոհվել են, ևս երկուսը անհայտ կորած են: «Երբ դասարանում խոսում էի մեր անցած պատերազմների հերոսների մասին, ես խոսում էի նրանց գործողությունների նպատակի մասին: Իսկ հիմա ի՞նչ եմ ասելու: Որ նրանք զոհվել են, որպեսզի մենք կորցնենք մեր հո՞ղը»:

Շաբաթներ շարունակ շքեղ քարոզչությունից հետո «Հաղթելու ենք» կարգախոսն այժմ հնչում է որպես խախտված խոստում: Ցուցարարները մեղադրում են կառավարությանը դավաճանության մեջ, պնդում են, որ պատերազմում պարտվել են ոչ թե զինվորները, այլ առաջնորդները: Ոմանք միակ մեղավորը համարում են Նիկոլ Փաշինյանին: Մյուսները պարտությունը բարդում են նրա նախորդների վրա: Ընտրված մեկնաբանությունը կորոշի Հայաստանի ապագան: Դրանից կախված կլինի, թե ինչ իմաստ կստանա զինվորների զոհաբերությունը:

Եռաբլուր ռազմական պանթեոնում գերեզմաններ են փորվում: Զենքը լռել է երկու շաբաթ առաջ, բայց նոր մարմիններ են հայտնաբերվել կամ բերվել են Ադրբեջանի հետ փոխանակումից: Արտակն անցնում է գերեզմանների կողքով: Նա ամաչում է, բայց այստեղ հազվադեպ է գալիս: Նա չգիտի, թե ինչ ասի որդուն: Մարդիկ հեռվից նայում են նրան ու բարևում, ասես վախենում են նրանից: Ոմանք գալիս են մի քանի բառ ասելու: Մի քանի օր առաջ ինչ-որ մեկը կարեկցանքով ձեռքը դրեց նրա կրծքին:

«Կարիք չկա»,- ասաց Արտակը նրան: «Սիրտս այլևս չի բաբախում»: Արևի ոսկե ճառագայթները խաղում են փոշու մասնիկների և խնկի ամպերի մեջ, երբ նա մոտենում է որդու գերեզմանին:

«Զինվորները չեն պարտվել պատերազմում»,- հառաչում է նա: Ինչ պայմանավորվածություն էլ լինի, ես հպարտ եմ որդուս համար: Մարդիկ նրա մեջ տեսնում էին մինչև վերջ կռված զինվորների խորհրդանիշը: Նա մնում է խորհրդանիշ: Նույնիսկ եթե այս խորհրդանիշի էությունը փոխվել է»:

Արտակը հենվում է, մի քանի բառ շշնջում ու համբուրում գերեզմանաքարը: Տախտակի վրա փորագրված Ալբերտ Հովհաննիսյանի լուռ ճիչը պատասխան է պահանջում ավելի, քան երբևէ: