«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մետրոպոլիտենի նախկին տնօրենն ու ընտանիքը կանչվել են դատախազություն

23/02/2022

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանալու ծանուցագրեր են ուղարկվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանին, նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Սվետլանա Մովսիսյանին, երկու որդիներին՝ Արտակ և Վահագն Յայլոյաններին և Մարիաննա Հովհաննիսյանին։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրվել է azdarar.am կայքում:

Ըստ հաղորդագրության, 2020 թվականին Ոստիկանությունից հայտնել էին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և փաստական տվյալներ ձեռք բերվել նույն ընկերության նախկին տնօրենի ապօրինությունների մասին։
Հաղորդագրության մեջ ասվում էր, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նակին տնօրենը 2017 թվականին կնքել է 696․000 եվրո արժեքով՝ «Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի» պայմանագիր՝ մի շարք խախտումներով՝ վատնման եղանակով հափշտակել 624․000 եվրո:

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, նախկին տնօրենը 2016-2019 թվականների ընթացքում ընկերության տարածքների մաքրման ծառայությունների համար հայտարարված մրցույթում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները։ Նաև չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2017-2019 թվականներին խախտումներով՝ առանց գնման հրատապությունն ու օբյեկտիվ անկանխատեսելիությունը հիմնավորելու, իր մերձավորների անվամբ ՀՀ-ում, ինչպես և արտերկրում գործող մի շարք տնտեսվարողներից իրականացրել է ընդհանուր՝ 734․741․890 դրամի միանձնյա գնում, ինչի արդյունքում ընկերության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվել էր, որ Յայլոյանների ընտանիքի մեկ այլ անդամի` նրա որդու նկատմամբ ևս կա մեկ գործ չարաշահումների վերաբերյալ, որը գտնվում է ԱԱԾ վարույթում: