«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևի «երկաթյա բռունցքները», ինչի մասին նա հայտարարել է, Ախալքալաքում կհալվեն

05/07/2021

Ախալքալաքի բնակիչներն անընդունելի են համարում Վրաստանում ադրբեջանցիների կողմից հայերի նկտամամբ սադրանքի փորձերը։ Հուլիսի 3-ի միջադեպը, երբ Բաթումիում Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկը դանակահարվել էր ադրբեջանցիների կողմից, Ջավախքի բնակիչների շրջանում մեծ արձագանք է գտել։ Ախալքալաքի բնակիչ Ռեմիկ Պողոսյանն ասաց, որ քննություն է ընթանում, այլ մանրամասներ դեռ չկան դեպքի վերաբերյալ։

«Մենք հույս ունենք, որ Վրաստանի իրավապահները լուրջ կզբաղվեն այս գործով, չեն թողնի, որ իրավիճակը հետագայում լարվի»,- ասաց նա։

Նշենք, որ Բաթումիում ազգությամբ ադրբեջանցիներ «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը» վանկարկումով մոտեցել էին 10-րդ դասարանցի Մարտունիկ Ուստյանին ու դանակով վնասվածք պատճառել։ Վնասվածք է ստացել նաև մեկ ոստիկան։

«Դանակահարված տղան մեր շրջանի գյուղերից մեկի բնակիչ է։ Դա որակում ենք որպես սադրանք ադրբեջանցիների կողմից, որովհետև եթե ցանկացած ախալքալաքցու էլ մոտենան ու հարցնեն՝ Ղարաբաղը մերն է, թե ձերը, իրենց պատասխանը կստանան»,- ասաց Ռեմիկ Պողոսյանը։

Նա նշեց, որ Ախալքալաքի բնակիչները չեն ուզում սրել իրավիճակը՝ հետագա բախումներից խուսափելու համար։

«Ադրբեջանցիները միշտ վախենում են Ախալքալաքի հայերից, երբ այստեղ գալիս են՝ առևտրի նպատակով, կարտոֆիլ գնելու, մի քանի անգամ զանգում ու հարցնում են՝ ամեն ինչ նորմա՞լ է, մեր անվտանգությունը կապահովվի՞։ Ընդհանուր առմամբ իրենք այդ ռիսկը չունեն, որ կարողանան իրենց այդպես պահել։ Մենք գտնում ենք, որ անթույլատրելի է երրորդ երկրի տարածքում սրել իրավիճակը։ Որ կողմը կոնֆլիկտը տեղափոխում է Վրաստանի տարածք, այդ կողմը կլինի Վրաստանի թշնամին։ Եթե ադրբեջանցիներն ուզում են կոնֆլիկտը տեղափոխել այստեղ, բախումներ առաջացնել, ուրեմն իրենք կլինեն Վրաստանի թշնամին։ Մենք հայտարարում ենք, որ Ալիևի «երկաթյա բռունցքները», ինչի մասին նա հայտարարել է, Ախալքալաքում կհալվեն»,- նշեց Ռեմիկ Պողոսյանը։