«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսական ընկերությունը Հայաստանին սարքավորումներ կտրամադրի նավթամթերք արտադրելու համար

24/08/2022

Ռուսական «ВОРТЕКСПРОМ РУС» ընկերությունը սարքավորումներ կմատակարարի հայկական «Հայք-21» ՓԲԸ-ին․այդ ձեռնարկությունը զբաղվելու է շարժիչի յուղերի և քսանյութերի արտադրությամբ։ Համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 24-ին ՀՀ-ում բազմաոլորտ գործարար առաքելության շրջանակներում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է ռուսական ընկերության ներկայացուցիչ Ստանիսլավ Սերյոգինը:

Ընկերությունների միջև բանակցությունները տևել են երեք ամիս: Այժմ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է սարքավորումները Հայաստան ներմուծել, տեղադրել և թողարկել յուղերի և քսանյութերի առաջին խմբաքանակը։

«Սա շատ հետաքրքիր հեռանկար է, քանի որ շատ արտասահմանյան ընկերություններ լքել են Ռուսաստանը, լոգիստիկան խախտված է, պատժամիջոցներ են սահմանվել։ Ներուժ է բացվում հայկական արտադրանքը ռուսական շուկա արտահանելու համար»,-նշեց Սերեգինը։

Իր հերթին «Հայք-21» ընկերության ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանը կնքված պայմանագիրը կարևոր համարեց ոչ միայն ձեռնարկության, այլև ընդհանրապես Հայաստանի համար, քանի որ յուղերի և քսանյութերի արտադրությունը նոր և հեռանկարային ուղղություն է երկրի համար:

Գործարանի բացմամբ, որը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին, կստեղծվի առնվազն 15 աշխատատեղ, իսկ ավելի ուշ՝ ևս 25-ը։

Ինչպես նշեց Գրիգորյանը, միայն ընթացիկ տարում նախատեսվում է մեկ միլիոն դոլարի արտադրանք արտահանել: Սկզբնական փուլում հումքը ներկրվելու է Ռուսաստանից, սակայն զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև եվրոպական շուկայի հետ։

«Մենք մտադիր ենք Ռուսաստան արտահանել այնպիսի արտադրանք, որը լիովին կհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Ուզում ենք ցույց տալ, որ նավթամթերքի արտադրության համար պարտադիր չէ նավթը հենց երկրում արդյունահանել։ Նորագույն տեխնոլոգիաներն ու սարքավորումները թույլ են տալիս ստեղծարար լուծումներ գտնել»,- նշեց նա։

Գրիգորյանը հավելեց, որ արտադրությունը էկոլոգիապես մաքուր է լինելու, շրջակա միջավայրի աղտոտումը բացառվում է: Նախատեսված է արտադրության փակ ցիկլ, իսկ աղմուկը սահմանված նորման չի գերազանցի ։

Նշենք, որ օգոստոսի 24-26-ը Հայաստանում է գտնվում Ռուսաստանից ժամանած բազմոլորտ բիզնես առաքելությունը, որը կազմակերպել է Ռուսական արտահանման կենտրոնը՝ ՀՀ-ում ՌԴ Առևտրային ներկայացուցչության հետ համատեղ: Առաքելության շրջանակներում 40 ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ 250 հանդիպում կանցկացնեն հայ գործընկերների հետ և կքննարկեն տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները:

«Հայք-21» ՍՊԸ-ն «Ալյանս» ԱՏԳ-ի օպերատորների ռեեստրում ընդգրկվել է 5 տարի ժամկետով: Ընկերությունը նախատեսում է Հայաստանում շարժիչային յուղերի և քսանյութերի արտադրություն սկսել: Ծրագրի շրջանակներում ներդրումները կկազմեն շուրջ 980 մլն դրամ (ավելի քան 2,4 մլն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով): Ընկերությունն «Ալյանս» ազատ տնտեսական գոտում կունենա մոտ 2000 քառակուսի մետր արտադրական տարածք։ Ընկերությունը նախատեսում է բացել մի քանի տասնյակ աշխատատեղ՝ 250 000-ից 350 000 դրամ միջին աշխատավարձով։