«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կոսովոյի օրինակով պետք է ճանաչվի նաև Արցախի Հանրապետությունը

21/03/2022

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիմեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին․ «Կոսովոյի վերաբերյալ կա Արդարադատության միզազգային դատարանի կարծիք, և այդ կարծիքը մեզ համար միշտ եղել է կողմնորոշիչ։ Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական որոշման մեջ հստակ պարզաբանվում է, որ տարածքային ամբողջականությունը և ազգերի ազատ ինքնորոշումը միմյանց չեն հակասում, եթե խոսքը վերաբերում է միակողմանի անկախություն հռչակելու մասին։ Երբ խոսում ենք ՄԱԿ-ի մասին, Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին, արդյոք մենք մեկնում ենք հենց այդ ելակետից, որ Արցախի ժողովուրդը, ինչպես միջազգային հանրության աչքերում Կոսովոյի ժողովուրդը, իրավունք ուներ միակողմանի հռչակել իր անկախությունը, և այդ անկախությունը ճանաչվել է։ Հետևաբար, պետք է ճանաչվի նաև Արցախի Հանրապետությունը։ Հիմա ես Հայաստանի գործադիր մարմնի, քաղաքական իշխանությունների կողմից տեսնում եմ միտում՝ փորձել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքների միջև հակասություններ գտնել»։

Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Ճիշտ հակառակը, մենք որևէ հակասություն չենք դնում տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջև։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, մեր խորին համոզմամբ, որևէ կերպ չի վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, որովհետև ինչպես մենք, այնպես էլ մեզանից առաջ ասվել է, որ ԼՂ հարցը տարածքային հարց չէ։ Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոտնձգության հարց չէ, այն բացառապես և ամբողջովին Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարց է։ ԼՂ հակամարտությունը ծագել է ԼՂ հայության նկատմամբ տասնամյակներ շարունակ էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով, այդ նույն քաղաքականության դրսևորումները մենք տեսել ենք պատերազմի ընթացքում, տեսնում ենք և այսօր»։