«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իշխանական ֆրակցիայի հետ հանդիպման ընթացքում շեշտել եմ՝ ես չեմ լինելու իշխող ուժի պաշտպանը․ ՄԻՊ թեկնածու

29/12/2021

Դեկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ՄԻՊ թեկնածուն արդարադատության ներկայիս փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն է։ Նշենք, որ փետրվարին լրանում է գործող ՄԻՊ Արման Թաթոյանի լիազորությունների ավարտը:

Քրիստինե Գրիգորյանի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորև․

- Տիկին Գրիգորյան, ո՞ւմից եք ստացել առաջարկը և ինչո՞ւ որոշեցիք այն ընդունել. արդարադատության փոխնախարարի պաշտոնում այլևս չէի՞ք ցանկանում շարունակել Ձեր գործունեությունը։

- Առաջարկն ստացել եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանից։ Բնականաբար, որոշակի ժամանակ եմ խնդրել, որպեսզի կարողանայի մտորել դրա շուրջ, ինչից հետո համաձայնությունս տվել եմ։ Ես արդարադատության նախարարությունում աշխատում եմ արդեն մի քանի տարի։ Անձնական զարգացման, ինչպես նաև կարիերայի զարգացման տրամաբանությունից ելնելով՝ որոշեցի ընդունել առաջարկը։ Ինձ համար այն շատ հետաքրքիր է և պատվաբեր։ ՄԻՊ-ի աշխատանքն առաքելություն է, որն ինձ հոգեհարազատ է, մասնագիտական առումով իմ հետաքրքրությունների շրջանակում է:

 - Ինչպե՞ս կգնահատեք Արման Թաթոյանի աշխատանքը ՄԻՊ պաշտոնում։

- Պարոն Թաթոյանի աշխատանքը շատ բարձր եմ գնահատում։ Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը մի նոր կարևոր մակարդակի է հասցրել։ Բայց ցանկանում եմ շեշտել, որ այս ինստիտուտի զարգացման գործում կարևոր դեր են ունեցել նաև նախորդ բոլոր պաշտպանները՝ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը և Կարեն Անդրեասյանը։

- Պարոն Թաթոյանի և այժմյան իշխանությունների հարաբերություններում ամեն բան չէ, որ հարթ է։ Օրինակ՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ պարոն Թաթոյանը միշտ չէ, որ անաչառ է և անում է քաղաքական հայտարարություններ։ Դուք նկատե՞լ եք այդպիսի միտումներ, և հնարավո՞ր է, որ ՄԻՊ-ն իր գործունեության ընթացքում կարողանա առհասարակ զերծ մնալ քաղաքականությունից։

- Շատ դեպքերում, երբ ՄԻՊ-ը իրականացնում է իր կանխարգելիչ գործառույթը, բնականաբար, այդ ընթացքում նաև քաղաքականության հետ կապ ունեցող հարցերի հետ է առնչվում։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք ունեն այդ սովորությունը՝ քաղաքական գնահատականներ տալ տարբեր մասնագիտացված կազմակերպություններին։ Ինձ համար կարևոր է շեշտել, որ պաշտպանի ինստիտուտը սահմանադրական ինստիտուտ է, և նրա անկողմնակալությունը բոլորիս հոգածության առարկան է։ Պաշտպանը պետք է ջանա, և սա է լինելու ինձ համար կարևոր սկզբունքը. գործողություններում լինել անկողմնակալ։ Դիտորդի մոտ պաշտպանը պետք է փորձի անկողմնակալ ՄԻՊ-ի իմիջը կերտել։

- Հիմա Դուք քաղաքական պաշտոն եք զբաղեցնում։ Դա խանգարող հանգամանք չի՞ լինի հետագայում անկողմնակալություն պահելու հարցում։

- Իշխանական ֆրակցիայի հետ հանդիպման ընթացքում ես շեշտել եմ՝ չեմ լինելու իշխող ուժի պաշտպանը, այլ իրականացնելու եմ այն սահմանադրական մանդատը, որի համար իրենք ինձ առաջադրել են, և հուսով եմ՝ նաև կընտրեն։ Ինձ համար դա կարևոր սկզբունք է, և ես շատ ուրախ եմ, որ խմբակցության հետ այս հարցում մենք եղել ենք միաձայն։

- Հայաստանն այժմ հետպատերազմյան օրեր է ապրում, սահմանին դեռևս միջադեպեր են գրանցվում։ Այս ծանր ժամանակներում ՄԻՊ պաշտոնի ստանձնումն ի՞նչ դժվարություններ է ներկայացնում։ Պատրա՞ս եք մարտահրավերներին։

- Մարդու իրավունքների պաշտպանության հարցերը մեր հասարակության մոտ միշտ զգայուն են ընկալվում։ Այո, ՀՀ-ն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեծ մարտահրավերների առջև է կանգնած։ Պաշտպանի մանդատը շատ կարևոր և ուժեղացնող ձայն կարող է լինել պետական քաղաքականության մեջ՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետները փոխլրացնելու, ամրապնդելու առումով։ Կարծում եմ՝ այս դեպքերում պետք է գործի երկրի իշխանությունների հետ փոխլրացման մոտեցում, քանի որ սրանք երկրի առջև ծառացած մարտահրավերներ են։ Իսկ ինչ վերաբերում է դժվարություններին։ Գիտեք, ես իսկապես մտածել եմ այս ուղղությամբ։ Կարծում եմ՝ հեշտ որոշում չէ ստանձնել ՄԻՊ պաշտոնը։ Վստահաբար, դժվարություններ լինելու են, և ես պատրաստ եմ ներդնել իմ ամբողջ ներուժը՝ այդ խնդիրներին լուծումներ տալու համար։ Ինձ հույս է ներշնչում նաև այն հանգամանքը, որ ՄԻՊ թիմում աշխատում են մեծ պրոֆեսիոնալներ, որոնք կայացած են իրենց ոլորտում։

- Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ի՞նչ գործունեություն եք ծավալել Ձեր աշխատանքային կարիերայի ընթացքում։

- Ես արդարադատության նախարարությունում աշխատում եմ 2015 թվականից։ Մարդու իրավունքների ազգային 2 ռազմավարությունների մշակման և իրականացման աշխատանքներն եմ համակարգել։ Մշակել եմ նաև 2017-2019 թ. գործողությունների ծրագիր, այնուհետև՝ 2019-2021 թվականների՝ ընդհանուր մեկ ռազմավարությունը։ Նախարարությունում համակարգում եմ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի համակարգման և դրանց իրականացման ապահովման ոլորտը, ինչպես նաև ազատությունից զրկման վայրերում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտի օրենսդրության, համապատասխան միջազգային կազմակերպությունների (ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե և այլն) հետ կապերի ապահովման, միջպետական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մասնակցության ապահովման և այլ ոլորտներ։ Վերջերս էլ գլխավորել եմ ՀՀ-ի պատվիրակությունը ՄԱԿ-ի քաղաքական և քաղաքացիական իրավունքների զեկույցի պաշտպանության ընթացքում։

- Տիկին Գրիգորյան, շատ է խոսվում այն մասին, որ Դուք հայտնի չեք հասարակության շրջանում։ Ընդունո՞ւմ եք այդ տեսակետը, և, առհասարակ, հայտնի չլինելը որևէ կերպ կարո՞ղ է ազդել ՄԻՊ աշխատանքի վրա։

- Չեմ վիճում, շատ մարդիկ ինձ չեն ճանաչում։ Նմանատիպ հարց դեռևս բարձրացվում էր, երբ Արման Թաթոյանն էր ՄԻՊ թեկնածուն։ Այդ ժամանակ էլ որոշ պատգամավորներ ասում էին՝ Ձեզ՝ որպես արդարադատության փոխնախարարի չեն ճանաչում։ Այս մասով ուզում եմ շեշտել, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից, որպես օմբուդսմենին ներկայացվող պահանջներ, խոսվում է 4 բաղադրիչի մասին․ բարոյականություն, բարեվարքություն, մասնագիտական կրթություն, մասնագիտական փորձը հենց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Այս առումով հաշտ եմ, քանի որ ես համապատասխանում եմ ներկայացված այդ բաղադրիչներին՝ չնայած նրան, որ հասարակության լայն շերտերին միգուցե և հայտնի չեմ։

- ՄԻՊ-ն այս տարվա մարտից այլևս չի մասնակցում Կառավարության նիստերին։ Որքանո՞վ եք կարևորում ՄԻՊ-ի ներկայացվածությունը դրանց, արդյոք ընտրվելու դեպքում դիմելո՞ւ եք, որպեսզի ապահովեն Ձեր մասնակցությունը:

- Կառավարության նիստերին մասնակցությունը համարում եմ կարևոր։ Բովանդակային մասով պետք է արձանագրենք, որ այդ նիստերին մասնակցությունն ընդամենն ընդհանուր կանխարգելման ֆունկցիայի մեկ դրսևորումն է։ Պաշտպանը մեծ դերակատարում ունի օրենքների և նախագծերի մշակման գործընթացներում։ Պաշտպանը ներկա է լինում նախարարների կոմիտեի քննարկումներին, որտեղ լինում են բովանդակային քննարկումներ, պաշտպանը մասնակցում է նաև տարբեր նախարարությունների կազմակերպած քննարկումներին, որոնք մասնագիտական ուղղվածություն ունեն, և արդեն Կառավարության նիստն այսբերգի երևացող գագաթն է։ Կարծում եմ՝ կառուցողական գործընկերության և հարգանքի վրա հիմնված հարաբերությունները երաշխիքն են ՀՀ-ում այս ոլորտում բարելավումների հասնելու հարցում։ Ընտրվելու դեպքում կդիմեմ Կառավարությանը նիստերին մասնակցելու խնդրով։