«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ադրբեջանը ստանալու է ՊԲ-ի հուժկու հարվածը, բայց մենք երբեք չենք թիրախավորելու իրենց քաղաքացիական բնակավայրերը. Նախագահի խոսնակ

30/09/2020

Անկեղծ ասած՝ մենք երբևէ որևէ մեծ տարբերություն չենք տեսել սահմանամերձ  բնակավայրերի, քաղաքների ռմբակոծության կամ այսօր արդեն Ստեփանակերտի ուղղությամբ կրակոցների միջև, քանի որ բոլոր դեպքերում էլ թիրախավորվում են քաղաքացիական անձինք: Մենք սա համարում ենք Ադրբեջանի կողմից միջազգային հանցագործության դրսևորումներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցում են նաև արտասահմանցի լրագրողներ, հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Առաջին հերթին մեր գործընկերների միջոցով մենք ուզում ենք մեր խոսքն ուղղել միջազգային հանրությանը, որպեսզի ավելի ակտիվ լինեն, թույլ չտան Ադրբեջանին շարունակել այն հանցագործությունները, որոնք այսօր իրականացնում են: Բայց միևնույն ժամանակ ուզում եմ հստակ ասել, որ մենք ի վիճակի ենք պաշտպանելու մեր հայրենիքը: Ադրբեջանը ստանալու է ՊԲ-ի հուժկու հարվածը: Բայց մենք երբեք չենք թիրախավորելու իրենց քաղաքացիական բնակավայրերը, սա մեզ համար կարմիր գիծ է, սկզբունքային հարց:

Բացի այն, որ Ադրբեջանը հրետակոծում է հայկական խաղաղ բնակավայրերը, միջազգային իրավունքի տեսակետից ևս շատ կարևոր դատապարտելի ու հանցագործության տարր է իրականացնում՝ հենց իր խաղաղ բնակավայրերում տեղակայելով այն ռազմական օբյեկտները, որտեղից հրետակոծում են ու թիրախավորում մեր խաղաղ բնակավայրերը:

Այսպես եղավ նաև 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ: Այդպես Ադրբեջանը նաև թիրախ է դարձնում սեփական խաղաղ բնակավայրերը, քանի որ ՊԲ-ն ստիպված պետք է լռեցնի այդ կրակակետերը, ինչի ադրյունքում կարող են տուժել նաև խաղաղ բնակիչները: Այս ամենի համար պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները»,-նշեց նա: