«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի ՊՆ-ն Սիրիային մեղադրել է Հալեպի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար

15/03/2021

 

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Սիրիան հրթիռային հարված է հասցրել  Հալեպ նահանգի՝ Անկարայի վերահսկողության տակ գտնվող հյուսիսային մասում գտնվող երկու բնակավայրերի ուղղությամբ, գրում է Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ սիրիական իշխանամետ al-Watan թերթը հաղորդել էր, որ նահանգի այս հատվածում նավթատար ավտոցիստերները երկուշաբթի գիշերը հրթիռային հարվածների են ենթարկվել:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ արկերը արձակվել են Քուայրեսի օդանավակայանից: Սիրիացիները, ենթադրաբար, հարվածներ են հասցրել Ջարաբլուս և Էլ Բաբ քաղաքներին: Anadolu-ի տվյալներով՝ թուրքական կողմը Ռուսաստանին տեղեկացրել է Սիրիայից նման հարձակումները կանխելու անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք՝ 2016-ի օգոստոսին թուրքական բանակը սկսել է «Եփրատի վահան» գործողությունը  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ: Սիրիական ընդդիմության մասնակցությամբ թուրքական կողմը գրավել է երկրի հյուսիսում գտնվող սահմանամերձ Ջարաբլուս քաղաքը, ինչպես նաև Ազազ և Ալ Բաբ քաղաքները:
2019-ի հոկտեմբերի 17-ին Անկարան և Վաշինգտոնը հայտարարել էին, որ պայմանավորվել են 120 ժամով դադարեցնել «Խաղաղության աղբյուր» թուրքական ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում և քրդական կազմավորումներին դուրս բերել թուրք-սիրիական սահմանի 30 կիլոմետրանոց բուֆերային գոտուց: 
Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին չի կատարել Անկարայի հանդեպ ստանձնած պարտավորությունները Սիրիայի վերաբերյալ համաձայնագրերի շրջանակներում, իսկ Թուրքիան պատրաստ չէ գնալ փոխզիջումների: