Չեխիան կձգտի ազատվել ռուսական նավթի ներկրման վրա ԵՄ-ի առաջարկած էմբարգոյից
Չեխիան կձգտի ազատվել ռուսական նավթի ներկրման վրա Եվրամիության առաջարկած էմբարգոյից, որպեսզի ժամանակ շահի խողովակաշարի կարողությունը մեծացնելու համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Պետր Ֆիալան, հայտնում է Reuters-ը։
«Մենք պատրաստ ենք աջակցել այս որոշմանը (պատժամիջոցների, այդ թվում՝ նավթի վերաբերյալ), եթե Չեխիան որոշակիորեն ուշացնի՝ մինչեւ նավթամուղների կարողությունը մեծացվի, որոնցով նավթը կարող է հասնել Չեխիա»,- ասել է Ֆիալան: «Մենք փորձում ենք երկու, գուցե երեք տարվա ժամկետ ստանալ»:
Չորեքշաբթի Եվրահանձնաժողովը նավթի աստիճանական էմբարգո է սահմանել։ Միջոցառումները ներառում են վեց ամսվա ընթացքում ռուսական հում նավթի եւ նավթամթերքի մատակարարումների փուլային դադարեցում՝ մինչեւ 2022 թվականի վերջը։
Չեխիան ձգտում է մեծացնել Իտալիայից Ավստրիայի տարածքով Գերմանիա գնացող TAL խողովակաշարի կարողությունը եւ սպասում է Բավարիայի իշխանությունների հաստատմանը:
Ֆիալան ասել է, որ այդ հարցը հինգշաբթի օրը Բեռլին կատարելիք այցի ժամանակ կքննարկի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Սլովակիան, որն իր հում նավթի գրեթե ամբողջ ներկրումը Ռուսաստանից է ստանում, երեք տարվա անցումային շրջան է ուզում
Հունգարիան նաեւ հայտարարել է, որ չի կարող աջակցել միջոցառումներին դրանց ներկայիս տեսքով: