«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բոլորն էլ գիտեն` սարը սար է մնալու, բայց ինչի է պետք էսքան լարել հարաբերությունները. Նազելի Վարդանյան

22/08/2020

Կառավարությունը Ամուլսարի հարցը թողել է ինքնահոսի, չի կարգավորում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան- բնապահպան Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ամուլսարի շուրջ ընթացող զարգացումներին:

«Ամուլսարի հարցը թողած է ինքնահոսի, որը հղի է շատ լուրջ վտանգներով, անընդհատ սադրանքներ են լինում: Պետք է ժողովրդի ձայնը լսելի լինի, որովհետեւ չի կարելի առանց ժողովրդի համաձայնության որեւէ գործողություն իրականացնել: Բոլորն էլ գիտեն` սարը սար է մնալու, բայց ինչի է պետք էսքան լարել հարաբերությունները, ես չեմ հասկանում: Իրենց վարկանիշն էլ է ընկնում, որը ցանկալի չէ այս խառը ժամանակում»,- ասաց նա:

Վարդանյանի խոսքով` հանքի շահագործումը թույլատրելու առաջին օրվանից հանրային լսումներ չեն արել, այսօր էլ չեն անում  եւ այսօր էլ անտեսում են ջերմուկցիներին:

«Մարդիկ ճանապարհ են փակում, բողոքի ակցիաներ են անում, կամ 150 կմ կտրում, գալիս են մայրաքաղաք, որ իրենց ձայնը լսելի լինի, բայց իրենց ոչ ոք չի լսում: Կարծես ջերմուկցին մեր երկրի ոչ լիարժեք քաղաքացի լինի: Մի փոքր գյուղ, որ բողոքի, կլսեն, բայց ոնց կարելի է ջեմուկցիներին անտեսել»,- ասաց նա:

Նազելի Վարդանյանի խոսքով` եթե մեկ տարի «Լիդիան»-ը հանքաարդյունաբերություն չի իրականացրել Ամուսլարում, ապա նրա ստացած թույլատրության ժամկետը անցել է, իսկ փորձաքննությունն էլ ուժը կորցրած է արդեն:

«Եթե Կառավարությունը ասի` գնացեք, հանքարդյունաբերություն  արեք, դա շատ խնդիրներ կառաջացնի երկրի համար: Իրենք ասում են նաեւ, որ ներդրումներ են արել, եթե չեն աշխատել ոչ մի օր, ի՞նչ ներդրումների մասին է խոսքը: Էս պահին  իրենք ոչ մի շանս չունեն, ոչ արբիտրում, ոչ էլ մեկ ուրիշ տեղ, որովհետեւ իրենք արդեն գոյություն չունեցող կազմակերպություն են»,- ասաց նա:

Իրավաբանի խոսքով` անօրինական են «Լիդիանի»-ին տված բոլոր թույլատրությունները եւ հիմա շատ հեշտ կլիներ մեր կառավարությանը ամեն ինչ բերել օրենքի դաշտ:

««Էլարդ»-ն էլ ասել է, որ նոր փորձաքննություն պետք է լինի, որպեսզի կարողանան գնահատել կարող են ռիսկերը կառավարվել, թե` ոչ: Հիմա շատ լավ ժամանակ է հարցը լուծելու, նոր նախարար ունենք, որը կաշկանդված չէ նախկին հայտարարություններով: 2 քրեական գործ կա, որոնց մասին չեն էլ խոսում, դատարանում պետական մարմինների դեմ հայց են ներկայացնում ու տեսչական մարմնի ներկայացուցիչը չի ներկայանում դատին, ի՞նչ է սա նշանակում»,-ասաց Նազելի Վարդանյանը:

Նա հավելեց, որ ջերմուկցին երբեք այս հարցում չի նահանջի, քանի որ սա մեր երկրի լինել-չլինելու հարցն է: