«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՐԿՈՒ ՓԱՄՓՈՒՇՏ. ԱՐՇԱԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ

09/08/2020

Այսօրվանից մաս – մաս մեր ընթերցողին ենք ներկայացնում Արշակ Ներսիսյանի դեռևս չհրատարակված «Երկու փամփուշտ» վեպի առաջին գլուխը: Կարծում ենք, որ ներկայից բուռն քաղաքական իրադարձությունների պայմանններում, որոնցով համակված է աշխարհը և մեր ժողովուրդը, վեպի ընթերցումը հատկապես մեր կայքի այցելուներին կշեղի մի այլ՝ հետաքրքիր ոլորտ: Վեպն ստեղծվել է իրական դեպքերի հիմամբ: Հեղինակը՝ Արշակ Ներսիսյանը, ծնվել է 1997 – ին Երևանում: Ավարտել է ԵՊՀ Պատմության և Աստվածաբանության ֆակուլտետները: Այժմ սովորում է ԵՊՀ Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետի մագիստրատուրայում՝ Տնտեսական քաղաքականություն և իրավունք մասնագիտությամբ: Աշխատում է Երևանի քաղաքապետարանում:

ԵՐԿՈՒ ՓԱՄՓՈՒՇՏ
(վեպ)
Գլուխ առաջին. Երբ ելք չկա…

Պայքար: Սա այն միակ բառն է, որով նախընտրեցի սկսել պատմությունս : Այս բառի մեջ կարելի է տեսնել մի տարօրինակ խորություն ու մի այլ տեսակ իմաստ, քան այն արտահայտում է պարզապես կարդալիս: Եթե ձեզ խնդրեին մի բառով բնորոշել մինչ այս պահը ապրած ձեր ամբողջ գիտակից կյանքը, ո՞ր բառը կընտրեիք դուք: Համոզված եմ , որ ավելի ճշգրտորեն բնորոշող բառ միարժամանակ բոլորիս համար չափազանց դժվար է գտնել: Մարդ էակը ի ծնե պայքարող է` կյանքի դժվարությունների, բնության տարերքների, և անգամ ինքն իր դեմ: Մարդը `արդեն շատ վաղուց, հաղթահարել է եղած բոլոր խոչընդոտները, սակայն բնազդաբար շարունակում է գտնել նորանոր դժվարություններ, քանի որ պայքարն է նրա էությունը, հաջողության գաղտնիքը, գոյության իմաստը ու դեպի կատարյալը տանող ուղին:
Առանց պայքարելու բոլոր ցանկություններն ու ձգտումները միանգամից հօդս են ցնդում: Ո՞րն է ձեր կյանքի նպատակը, բարձունքի այն գագաթնակետը, որից այն կողմ այլևս ոչինչ ձեզ չի շահագրգռում. անհաշվելի գանձերի տեր դառնա՞լը, ձեր միակ ու անկրկնելի սերը գտնե՞լը , կատարյալ երջանկությու՞նը , թե՞ անսահման փառքն ու իշխանությունը, կամ ցանկացած այլ բան: Մի պահ պատկերացրեք, որ ունեք ամենը, ինչի մասին երազում եք: Ո՞րը կլինի ձեր հաջորդ քայլը: Պատասխանը պարզ է . դուք միանգամից կսկսեք նոր շարժառիթ որոնել պայքարելու համար, քանզի առանց դրա ուղղակի կկորցնեք ապրելու ձիրքը, ինչ-որ արժեք ստեղծելու և կրկին առաջ շարժվելու ցանկությունը: Գլուխը բարձին դնելիս ոչ ոք բնավ չի երազում մի բանի մասին, որ շատ հեշտ է ձեռք բերել կամ արդեն ունի , որովհետև պայքարն է տալիս երազանքին այդքան բնորոշ քաղցրությունը: Սա է մեծագույն բարիքների ու չարիքների ծնողը, մարդկային էության ու մարդկության զարգացման հիմնասյունը:
Վերջնական արդյունքում հաղթողը նա է, ով պայքարելու ավելի մեծ տաղանդ ունի, ու երբեք չի հոգնում դրանից:
Ճիշտ է` մի տեսակ անիրատեսական է կյանքի իմաստը բացատրել միայն մի բառով: Բայց ահա իմ պատմությունը , որով կփորձեմ կոտրել բոլոր հնարավոր տարակարծությունները: Եվ այսպես...
Անսովոր է աշունը բնորոշել կնճռոտ բառով: Բայց այն իսկապես այդպիսին էր, քանզի ուղեկցվում էր սուր, ծակող քամիներով, ավելի մռայլ էր ու ավելի հոգնեցնող: Այն կարծես չէր ուզում ավարտվել , շարունակում էր անհագ հաճույք ստանալ մարդկանց հոգիները թախիծ ներարկելուց: Այն անգամ ուներ իրեն բնորոշող բույրը, որը չէր կարելի հաճելի համարել:
Հակառակ բոլորին, Արթուրը սիրում էր աշնանային այդպիսի պատկերներ: Նրա ներաշխարհը և մտորումները դրանից խաղաղվում էին: Եղանակային այդպիսի երանգը թվում էր` նախապատրաստում է առեղծվածային ու դեռևս չբացահայտված ինչ-որ իրադարձության:
Արթուրը միջին հասակ ուներ, սևուկ, կլորիկ դեմք ու պսպղուն աչքեր: Արտաքնապես, թերևս, աղքատիկ տեսք ուներ, բայց կոկիկությունն ու մշտապես խնամված լինելը մի տեսակ հպարտ կեցվածք էին հաղորդում նրան: Քաղցրալեզու էր ու հեշտ շփվող, բայց դրան հակառակ՝ չափազանց բարդ խառնվածք ուներ:
Երկիրը գտնվում էր հետխորհրդային պետություններին բնորոշ ճգնաժամի ընդհատակում. չէր գործում ոստիկանությունը, տնտեսություն ասվածը համարյա բացակայում էր, չկար հարկային համակարգ , իսկ անկախ իշխանությունը դեռ նոր-նոր էր կազմավորվում: Անասելի անարխիա էր տիրում ամբողջ երկրում:
Յուրաքանչյուրը վարվում էր այնպես , ինչպես թույլ էին տալիս իր բարոյակա-նությունը, խիղճը ու համոզունքները` առանց որևէ պատասխանատվության զգացումի: Երեկոյան ժամերին քաղաքի բակերից լսվում էին կրակոցներ` հաճախ խուլ աղաղակներով ուղեկցվող: Չկար էլեկտրաէներգիա, գազ, իսկ հոսանք մատակարարվում էր օրվա մեջ միայն մի երկու ժամ` թույլ տալով մարդկանց ընկղմվել բրազիլական սերիալների ցանկալի իրականության մեջ: Տները տաքացնում էին վառելով հնարավոր ամեն ինչ ոմանք իրենց տարիներով հավաքած գրադարանը, ոմանք տան մանրահատակը, ոմանք կահույքը:
Բակերի ու քաղաքի մոտակայքի ծառերը կոտորվել էին այնպես, որ այլևս դժվար կլիներ ամռան տապին պատսպարվելու մի տեղ գտնել: Սրան գումարվել էր պատերազմը և ոչ շատ հեռու անցյալում վրա հասած երկրաշարժը: Կարծես Աստծո կողմից աշխարհը կործանելու փորձեր էին կատարվում ու , չգիտես ինչու , այդ ամենը սկսվում էր հենց այստեղից:
Այսպիսի պայմաններում յուրաքանչյուրը պետք է վաստակեր այնպես, ինչպես կարող էր, ու Արթուրը որոշեց ընդունել ընկերոջ առաջարկը՝ ոչ մեծ տաղավար վերցնել շուկայում ու այդտեղ վաճառել ինքնաշեն սարքեր տները ջեռուցելու համար: Դրանք պատրաստելը շատ ջանքեր չէր պահանջում, ուստի վառարանները հասանելի գին ունեին, իսկ այրման հետևանքով տհաճ հոտ չէին տարածում: Պատկերացրեք, որ վաճառասեղանը սկսեց օգուտ բերել ու որոշ չափով բավարարել տասնութ - տասնինը տարեկան տղաների պահանջները: Արթուրը հպարտանում էր այն փաստով, որ կարող էր ինչ-որ կերպ օգնել իր մորը: Նա անգամ դրանք պատրաստելու հետ գործ չուներ, զբաղվում էր միայն վաճառքով ու նրա մոտ դա քիչ թե շատ լավ էր ստացվում: Իսկ սարքերը պատրաստում էր ընկերը ` իր տանը (այդ արհեստը սովորել էր հորից, ով գտնվում էր ռազմաճակատում):
Մարտինը` Արթուրի ընկերը, կլասիկ խուլիգան էր` չափից շատ բռնկուն ու անզիջում բնավորությամբ: Նա նաև անտակտության չափ անկեղծ էր, ինչը խանգարում էր իրեն առևտրի մեջ: Այս պատճառով էր, որ Արթուրին նա ընտրել էր, որպես գործընկեր. վերջինս զբաղվում էր վաճառքով: Մարտինը մի անգամ ծեծելով ուշագնացության էր հասցրել մեկին, ով պարզապես իրեն թլիկ էր անվանել: Խեղճ տղան արդեն շատ վաղուց գիտակցությունը կորցրած փռված էր գետնին, իսկ Մարտինը դեռ արյունլվա բռունցքներով շարունակում էր հարվածել նրա ուռած ու կապտած դեմքին: Հնարավոր եղավ նրան պոկել տղայից միայն երկու հոգու ծանր ջանքերով: Այդուհետ նրան ոչ ոք չէր համարձակվում այդպես անվանել, չնայած բոլորին հայտնի էր նրա այդքան զվարճալի թլիկությունը: Մարտինը հոգեկան լուրջ շեղումներ ուներ, սակայն չէր կարող իմանալ դրա մասին , քանի որ նրա միակ ճանաչած բժիշկը իր հարևան ատամնաբույժն էր, ով հեռացրել էր նրա ատամներից մի քանիսը:
Կարելի է ասել` ընկերների համագործակցությունը երկու կողմերին էլ ձեռնտու էր: Գործերը լավ էին ընթանում և աստիճանաբար ամեն ինչ իր տեղն էր ընկնում, սակայն այն ինչ պատահեց փոխեց դեպքերի բնականոն ընթացքը:
Մի քանի ամիս ընկերները միասին աշխատեցին: Նրանք ավելի ու ավելի էին հմտանում իրենց գործում: Մարտինը վարձով էր ապրում ու իր արհեստով կարողանում էր գլուխը պահել : Նրա մայրը զոհ էր գնացել երկրաշարժին, իսկ հայրը մեկնել էր ռազմա-ճակատ` որդուն թողնելով միայն մի «Մակարով» ատրճանակ ու ընդամենը երկու փամփուշտ: Տղան շատ էր պարծենում իր այդ հարստությամբ, հաճախ էր ցուցադրում այն, հա-ճախ մաքրում, սակայն ոչ մի անգամ կրակելու փորձ չէր արել: Երևի ափսոսում էր զուր վատնել իր այդ երկու փամփուշտը:
Այդ երեկո վաճառասեղանը սովորականից ուշ փակվեց: Մարտինն արդեն երեք շաբաթ էր, ինչ լուր չուներ հորից: Սովորականից ավելի բռնկուն էր դարձել ու փորձում էր իրեն բնորոշ անկեղծությամբ Արթուրին համոզել հրաժարվել վաստակածը հավասար կիսելու մտքից , քանի որ ինքն էր աշխատանքի մեծ մասը կատարում և պահանջում էր վառարանների վաճառքից ստացված եկամտի ավելի մեծ մասը: Արթուրի ցանկությունը այլ էր.
- Լա~վ, համաձայն եմ , բայց ուզում եմ, որ ինձ դրանք պատրաստել սովորեցնես ,-պնդում էր Արթուրը` ցանկություն ունենալով տիրապետել արհեստն ու օգնել ընկերոջը նաև պատրաստման գործում: Սակայն Մարտինը այդտեղ դավադրություն էր տեսնում, կասկա-ծում էր, որ նա վառարաններ պատրաստել սովորելով կլքի իրեն ու ինքը կզրկվի հմուտ վաճառողից ու լավ ընկերոջից:
Երկուսն էլ ավելի ու ավելի էին բորբոքվում այդ խոսակցությունից: Արթուրը լավ գիտեր ընկերոջ անտանելի բնավորությունը, գիտեր, որ նա ոչնչի առջև կանգ չի առնում ու ոչինչ չի ցանկանում զիջել:
Պատճառ բերելով, թե իբր մոռացել է կողպել պահեստի դուռը ` Արթուրը գնաց փակելու այն: Նա շատ լավ հիշում էր, որ դուռը կողպված է (ուղղակի հոգնեց ընկերոջ հետ անտեղի վիճելուց): Իսկ Մարտինը մնաց վառարանների մոտ: Նա չէր կարողանում հանգստանալ, ինքն իր հետ խոսում էր, իր իսկ ասածներից ավելի կատաղում:
Բոլոր վաճառականները արդեն գնացել էին: Շուկան փակվել էր: Այդ օրը դեռ ոչ մի վառարան չէր վաճառվել, և Մարտինը տաղավարը փակելու նպատակով ոտքի կանգնեց ու հանկարծ նկատեց մեկին: Սա օրորվելով քայլում էր Մարտինի կողմը և երբ, վերջա-պես հասավ, հենվեց սեղանին ու սկսեց հարցուփորձ անել վառարաններից մի կերպ բառերն իրար կապելով: Մարտինը պատասխանում էր նրան կարճ ու արագ հասկանալով, որ ոչինչ չի կարողանալու վաճառել:
Զվարճալի է լսել թլիկի և հարբածի խոսակցությունը: Երկուսին էլ դժվար է հասկանալ, իսկ երբ նրանք հանդիպում են, կարելի է կարծել, որ երկուսն էլ նոր են խոսել սովորելու փորձեր անում:
Շուկայում Արթուրից հետո Մարտինի ամենամոտ բարեկամը մի նորածին կատու էր, որին ընկերները կերակրում էին ձեռքի տակ եղածով, իսկ կատուն չէր հեռանում նրանցից: Ինչ-որ անհասկանալի խառնուրդ էր, բայց շատ հաճելի մռութ ու զվարճալի քայլվածք ուներ: Անվերջ շանունակվող հարցերն ավելի էին բարկացնում Մարտինին: Գնորդը այնպիսի ջանասիրությամբ էր այդ հարցերը հորինում, որ ասես նպատակ ուներ ինչ-որ մեկից դրանց դիմաց պարգևատրում ստանալ:
Կատուն անընդհատ քսմսվում էր նրան` շողոքորթելով ու փորձելով հանգստացնել գնորդին: Սկզբում նա ուղղակի ոտքով հրում էր կատվին, իսկ հետո հրումները փոխարինվեցին թույլ հարվածներով: Մարտինը արդեն հունից դուրս գալով, հեգնանքով խոսեց.
- Մի' խփիր կատվին, հանգիստ թո'ղ նրան… Եթե ինչ-որ բան ես պատրաստվում գնել` ասա': Համբերությունս մի' չափիր. այն այնքան էլ մեծ չէ:
Մարտինը վերցրեց կատվին ու մի կողմ դրեց, սակայն շեղվելով դեպի խոսակցի ավելի կատաղած պատասխանը՝ չնկատեց, թե ինչպես կատուն կրկին անցավ իր հին զբաղմունքին: Խաղալով հարբեցողի արձակված քուղերի հետ կատուն միամտաբար քերծեց նրա ոտքը: Գնորդը ձեռքը գցեց սեղանի մոտ դրված երկաթե ձողին:
Ոտքի ուժգին հարվածը կատվին եւ խնամքով պահված «Մակարովի» կրակոցը աննկատ հաջորդեցին միմյանց ու այդ երեսունին մոտ տղամարդու անշնչացած մարմինը փռվեց Մարտինի ոտքերի առաջ: Կատուն չնեղանալով հարվածից շարունակում էր քաշքշել գետնին փռվածի քուղերը: Մարտինն անշարժացել էր` իր դիրքում կանգնած:

 

(շարունակելի)