«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հայկական դրամը որոշակիորեն վերականգնել է դիրքերը

19/01/2021

Դրամի փոխարժեքը պատերազմից հետո, տնտեսական դժվարությունների ֆոնին, շարունակում է զգալի տատանվել:
Մի քանի ամիս շարունակ հիմնական արտարժույթների նկատմամբ արժեզրկվելուց հետո վերջին օրերին հայկական դրամը որոշակիորեն վերականգնել է դիրքերը:

Եթե փոխանակման կետերում օրեր առաջ 1 դոլարը գնահատվում էր 527 դրամ, այժմ այն նվազել է մոտ 10 կետով:

Նույն դինամիկան է նկատվում նաև ռուսական ռուբլու և եվրոյի պարագայում: Արտարժութային շուկան կարգավորող կառույցը՝ Կենտրոնական բանկը, ժամանակ առ ժամանակ գործառնություններ է իրականացնում կայունություն ապահովելու համար: ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը:

Ավելի վաղ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ ներմուծման, արտահանման, տրանսֆերտների, նաև ուղղակի ներդրումների մասով Կենտրոնական բանկը որևէ արտառոց միտում չի արձանագրել: Մասամբ վերացել են նաև պատերազմի պատճառով առաջացած ռիսկերը: Իսկ դրամի արժեզրկումը կարգավորող մարմինը պայմանավորում է որոշ տնտեսվարողների միջոցները արտարժույթով պահելու վարքագծով:

Բագրատ Ասատրյան (տնտեսագետ) - Մենք ունեցել ենք, մոտավոր թվեր եմ ասում, ներմուծման 15 տոկոսի անկում, սակայն արտահանումը նվազել է ընդամենը 5 տոկոսով: 

Տարեսկզբին փոխանակման կետերում մեկ դոլարը գնահատվում էր մոտ 485 դրամ: Կորոնավիրուսի և պատերազմի բացասական ազդեցության ներքո դրամը արժեզրկվեց մոտ 7 տոկոսով հիմնական արտարժույթների նկատմամբ: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշում է՝ այս պահին փոթորիկների ֆինանսական շուկայում պետք չէ սպասել, քանի որ կարգավորող կառույցն ունի բավարար միջոցներ կայունություն ապահովելու համար:

Վահագն Խաչատրյան (տնտեսագետ) - ԿԲ հնարավորությունները մեծ են: Հունվարյան տոներից հետո ներկրողները սկսում են իրենց դրամները վերածել արտարժույթի, և շուկայում նկատվում է արտարժույթի պակաս:

Ավելի վաղ Կենտրոնական բանկը իրականացրել էր միայն մեկ ինտերվենցիա՝ գումարի չափը գերազանցել էր 60 միլիոն դոլարը: Կառույցը նաև միանգամից մեկ տոկոսով բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Հեղինակ`Արթուր Խաչատրյան