«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի բանակը շարունակում է Հադրութի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնել, որին ՊԲ–ն համաչափ պատասխան է տալիս. Վահրամ Պողոսյան

12/10/2020

Արցախի Հադրութի շրջանի ուղղությամբ շարունակվում են Ադրբեջանի բանակի նախահարձակ գործողությունները, որոնց Պաշտպանության բանակը համաչափ պատասխան է տալիս: Այս մասին Azatutyun.am-ի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նա նշեց, որ մարտերը ծանր են, սակայն Պաշտպանության բանակը համարժեք պատասխան տալիս է:

«Այս պահի դրությամբ և՛ Հադրութի ուղղությամբ, և՛ հարավային ուղղությամբ շարունակվում են մարտերը: Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որին համաչափ պատասխան է տալիս ՊԲ-ն: Մարտերը ծանր են, բայց ՊԲ-ն կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել»,- ասաց Պողոսյանը:

Վահրամ Պողոսյանը կարևորեց, որ միջազգային հանրությունն արձանագրել է, որ Ադրբեջանն օգտագործում է ահաբեկիչներ և նշեց, որ Թուրքիան փորձում է տարածաշրջանը վերածել ահաբեկչական նոր օջախի:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցին, ապա նա պատասխանեց, թե չեն կարծում, որ Արցախի անկախությունը պետք է ճանաչի միայն Հայաստանը, այն պետք է ճանաչեն շատ այլ երկրներ։ «Եվ այս ուղղությամբ չեմ բացառում, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն»,– ասաց նա: