«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել

16/10/2023

Իրավապահները քրեական գործ են հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա։

Լաչինի ադրբեջանական անցակետն անխոչընդոտ հատած Բաբայանը Երևան հասնելուն պես իրավապահներին հորդորել է քրեական գործ բացել Արցախի իշխանությունների դեմ՝ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար»։

«Ազատության» հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածներով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը» (Քրեական օրենսգրքի հոդված 550)՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը» (ՔՕ հոդված 545)՝ առանց մարտի հանգամանքներով հարկադրված լինելու հրամանատարի (պետի) կողմից ամրությունը, մարտական տեխնիկան կամ մարտ վարելու այլ միջոցը հակառակորդին հանձնելը կամ թողնելը։

Գործով մեղադրյալներ այս պահի դրությամբ չկան: