Ինչո՞ւ են ՊՆ-ի զորանոցներից հանվում «Փառքի անկյուն»-ները․ ՊՆ-ի պարզաբանումը
ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել վերջին օրերին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տարածված՝ զորանոցներից «Փառքի անկյուն»-ներ հեռացնելու մասին լուրերի վերաբերյալ։
«Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու:
Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են:
Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։