«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՐԻՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ. ԱԹՍ-ների, միանգամից 7 տանկի խոցում, հակառակորդի պաշտպանության խորքը մխրճում

03/10/2020

Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացնում է առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ:

Սեպտեմբերի 27-ին ՊԲ N զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Կարեն Արմենի Ալեքսանյանը զորամասի ՄՏՎ-ի մեկնարկային կրակային դիրքից խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, որով աջակցել է ՄՏՎ-ից անձնակազմի ժամանակին դուրսբերումը կենտրոնացման շրջաններ: Հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին, շարքային Կարեն Ալեքսանյանը յուրային ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման ժամանակ հանկարծակիության պայմաններում արագ կողմնորոշվել է և խելացի նախաձեռնության շնորհիվ խոցել է ևս 1 ԱԹՍ, ինչը հնարավորություն է տվել ստորաբաժանմանը կատարել կարևոր մարտական խնդիր:

Հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավելի զրահատեխնիկա ու մեծ քանակությամբ կենդանի ուժ: Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց և վիրավորվելուց հետո` խուճապի չի մատնվել և ցուցաբերելով սառնասրտություն` դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը: 2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է 3-րդ ՀՄՄ-ն և քաջաբար շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպանության խորքը: Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը:

Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի հակատանկային դասակի «Ֆագոտ» ջոկի օպերատոր, սերժանտ Մնացական Գևորգի Սահակյանը մարտկոցի կազմում խոցել է 7 տանկ, 1 ՀՄՄ և խուճապի մատնելով հակառակորդին` նպաստել է վերջինիս առաջխաղացման կասեցմանը:

Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-ի նշանառու, շարքային Արեն Ավագի Չոբանյանը հակառակորդի հարձակողական գործողությունների ժամանակ խոցել է 4 զրահատեխնիկա և հանկարծակիի բերելով հակառակորդին` խոչընդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացմանը:

Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը, ցուցաբերելով մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել է հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա: