«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խոհեր Արցախի ներքաղաքական իրավիճակի մասին. Աշոտ Ներսիսյան

14/06/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Արցախի ներքաղաքական կյանքում անորոշություն է: Այն իրոք պառակտված է, ինչպես հայաստանյան ներքաղաքական կյանքը: Եթե այստեղ ընդդիմադիր ուժերը գլխավորապես դնում են իշխանափոխության հարց և ամեն ինչ անում են հեռացնելու Փաշինյանին, որը դժվար թե հաջողությամբ ավարտվի, ապա Արցախում այդպես սուր կերպով չդրվեց խնդիրը: Արայիկ Հարությունյանը հեռացրեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որը հաջորդեց Ալիևի այն պահանջին, որ նա ռուսների մարդն է և պետք է հեռանա: Առիթ էր արդյոք դա նրան հեռացնելու, թե իրոք վախեցավ, դժվար է պնդել: Թերևս ավելի շատ առիթ, քանի որ ներկայիս նախարարին էլ, որից ավել ոչինչ չէր անում Վարդանյանը, Ալիևը նույնպես չի հանդուրժում, ինչպես չի հանդուրժում այդ փոքրիկ պետական կազմավորումն առհասարակ: Ձախողվեց նաև Բաբայանի ցանկությունը, որն ընդամենը 100 օր էր ուզում իր ծրագիրն իրականացնելու համար, բայց չտվեցին: Մենք ներքին հանոզմունք ունենք, որ Արցախում միակ ռեալ քաղաքական ուժը, որը սթափ է դատում և ունակ է ճիշտ քայլերի դիմելու, Սամվել Բաբայանն է: Բայց ահա նրա հանրաքվեից հետո Արայիկ Հարությունյանը հատուկ հրամանով ուժեղացրեց իր դիրքերը: Շատ մեղմ էին նրա քննադատությունները ՀՀ իշխանությունների հասցեին, որոնք Արցախով ճանաչեցին Ադրբեջանի անկախությունը: Բայց առայժմ մենք որևէ լուրջ ծրագիր չենք լսել նրանից Արցախի ապագայի վերաբերյալ, որևէ ճանապարհային քարտեզ չենք տեսել իրավիճակից ելքի մատնանշումով: Միայն շաբլոն դարձած խոսքեր, որ Արցախը միշտ կմնա: Հանուն արդարության պետք է նշել, որ ցայսօր որևէ ծրագիր չենք լսել նաև Վարդանյանից: Դարձյալ միայն դատապարտող խոսքեր: Սամվել Բաբայանը մեկուսացվեց,որն ինչպես նշեցինք, հաստատ մի ծրագիր ունի: Դրվատելի է, որ միակն է, որը Ադրբեջանի բանակի հզորության մասին պատկերացումները համարում է միֆ: Նրա մեկուսացումը թերևս կարելի է բացատրել այն հանգամանքով, որ նա հարկ եղած պարագային կդիմեր ինքնապաշտպանության, որը հիմա չեն ուզում այստեղ, քանի որ դա կարող է խաթարել խաղաղության որդեգրված ծրագրի իրականացմանը, որն առանց այն էլ խաթարված է: Երկրորդ պատճառը, ցավոք, զուտ անձնական կարող է լինել: Այսպիսով, Արցախում քաոս է, մտքերի քաոս: Եթե բոլորի նպատակն Արցախը պահելն է, ապա այդ քաոսը չպիտի լիներ, այլ բոլոր ուժերի համախմբում: Ուրեմն, պայքար է գնում իշխանությունը պահելու համար, կամ էլ ցուցումներ են գալիս այլ գրասենյակներից: Երկու տարբերակն էլ ցավալի են:

Нет описания.