Ադրբեջանցիները անընդհատ ձգձգում և փոփոխում են ժամերը, ուստի որևէ հստակ բան այս առումով ասել չի լինի
Այս պահին Սյունիքի մարզում իրավիճակն անփոփոխ է։ Ադրբեջանական կողմից փակված Շուռնուխ-Գորիս-Որոտան ճանապարհահատվածները դեռևս չեն բացվել։ Այս մասին Infoport.am-ի հետ զրույցում հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը։
Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ այսօր ևս եռակողմ ձևաչափով բանակցությունները շարունակվելու են, դժվարանալով, սակայն հստակ ժամ նշել։
<<Ադրբեջանցիները անընդհատ ձգձգում և փոփոխում են ժամերը, ուստի որևէ հստակ բան այս առումով ասել չի լինի>>,-նշեց փոխմարզպետը՝ դժվարանալով նաև կանխատեսել սպասվելիք բանակցությունների արդյունքները։ Ավանեսյանը նաև վստահեցրեց, որ այլընտրանքային Գորիս-Աղվանի ճանապարհը երթևեկելի է և այս պահին տրանսպորտային կուտակումներ այնտեղ չկան։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի կեսգիշերին մոտ ադրբեջանական զինված ուժերը փակել են Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները, որոնք իրենց վերահսկողության տակ են անցել նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հետևանքով։ Չնայած դրան՝ այս երկու հատվածներում տեղադրվել էին ռուսական ուղեկալներ մեքենաների անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով։ Իբրև այլընտրանքային դիտարկվում է Տաթևի ճանապարհը, սակայն այն բավականաչափ լայն չէ բեռնատարների ու ավելի մեծ մեքենաների համար։