«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գյումրիի քաղաքապետարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ քննարկում է մի քանի շենքերի պատկանելության հարցը

15/07/2021

Գյումրիի քաղաքապետարանը ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ բանակցություններ է տանում քաղաքում մի քանի շենք-շինությունների պատկանելության և գործառնական նշանակության փոփոխության շուրջ: Խոսքը, մասնավորապես, ռուսական նախկին Կեչի շենքի, 8-րդ զինվորական թաղամասի կիասակառույցների և Ալեքասանդրապոլի բերդի՝ Պայտաձև ամրոցի մասին է: Ամրոցի տարածքը չի օգտագործվում, այն լքված է: Պաշտպանական կառույցը զինվորական թանգարանի վերածելու առաջարկն է վերջին տարիներին քննարկվում:

Ցարական Ռուսաստանը 19-րդ դարում իր տարածքներում կառուցում էր 3 տեսակի պաշտպանական ամրոցներ: Դրանք դասակարգվում էին առաջին, երկրորդ և երրորդ կարգի: Առաջին՝ ամենահզոր պաշտպանական կառույցները պատերազմական գոտում էին կառուցվում: Անդրկովկասում, այդ թվում և Ալեքսանդրապոլում, կառուցվում էին երկրորդ կարգի պաշտպանական ամրոցներ: Ներկայիս «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ամրոցները կառուցվել են բարձ դիրքում՝ թմբերի վրա: Ամրոցների տեղանքի ընտրությունը և կառուցման պատմությունը հիմա արդեն ներկայացնելու հետաքրքիր նյութ են Գյումրիի էքսկուրսավարների համար:  Ամրոցը պահպանվել է իր նախկին տեսքով՝ այնպիսին, ինչպիսին կառուցվել է: Դրանով էլ այն հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար:

«Հետաքրքիր է այն, ինչ հետաքրքիր ենք ներկայացնում: Զբոսաշրջիկները չեն գալիս հատուկ բերդի համար, բայց գալով , իմանալով, տեսնելով տպավորվում են:Եթե պայտաձև ամրոցը լիովին վերականգնվեր հենց իսկական տեսքով, ռազմական միջավայրը պահպանվեր, հրանոթները, մարդիկ 19-րդ դարի հագուստներով, սա կլիներ իդեալական տարբերական այս կառույցի համար»,- Shantnews-ին հետ զրույցում ասել է էքսկուրսավար Հովհաննես Ֆրանգուլյանը:

Պայտաձև ամրոցը զբոսաշրջիկների համար նորահայտ վայր է, որն արտացոլում է քաղաքի կյանքը 19-րդ դարում: Պայտաձև ամրոցը ռուսական 102-րդ ռազմաբազայի հաշվեկշռում է: Գյումրիի գլխավոր ճարտարապետը նշում է, որ ամրոցը ռազմաբազայի այլ տարածքների հետ միջպետական պայմանագրով մինչև 2045 թվականը հանձնված է ռուսական կողմին: Այն տասնյակ տարիներ անօգտագործելի է: Ամրոցը վերականգնելու, ռեստորանի կամ հյուրանոցի վերածելու առաջարկներ  մասնավորից քաղաքապետարանը շատ է ստացել, բայց դրանց ընթացք տալ չեն կարող, քանի դեռ ամրոցը համայնքային ենթակայության չէ:

«Մենք մի քանի անգամ դիմել ենք ռուսական կողմին, որ այդ կառույցը որպես սեփականություն հանձնեն համայնքին, որ մեր կողմից վերակառուցենք և օգտագործենք զբոսաշրջության ծրագրի շրջանակներում: Սակայն քննարկումներից հետո ռուսական կողմը բացասական արձագանքեց՝ պատճառաբանելով, որ դա ավելի շատ որպես ռազմական կառույց անվտանգության հետ կապված խնդիրներ ունի: Ռազմաբազայի նախկին հրամանատարության հետ ենք քննարկել հարցը, որ համատեղ ամրոցը վերականգնվի և դառնա ռազմական պատմության թանգարան: Ներկա դրությամբ կոնկրետ լուծումներ և ծրագրեր չկան ընթացքի մեջ: Հույս ունենք, որ թեկուզ ռազմաբազայի հետ կարողանանք փրկել այդ կառույցը»,-Shantnews-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Ամրոցը որպես զբոսաշրջության  ենթակառուցվածք օգտագործելու համար պետք է, որ այն պահպանի իր ռազմական նշանակությունը: Սա էքսկուրսավարի կարծիքն է:  Պայտաձև ամրոցը միակ կառույցը չէ, որի պատկանելության շուրջ ռուսական կողմի հետ բանակցում է քաղաքապետարանը: Ղորղանյան փողոցում գտնվող նախկին Կեչի շենքը, որը Կումայրի պատմական միջուկում է, իր հաշվեկշիռ վերցնելու և թանգարանի վերածելու ցանկություն է հայտնել քաղաքապետարան

«Դրա համար պետք է որոշակի փոխահատուցում տանք, այսինքն՝ շենքի կամ հողի տեսքով, որպեսզի գործարքը կատարվի: Մի քանի առաջարկներ արել ենք, որոնք չեն ընդունվել նրանց կողմից: Հիմա պատրաստում ենք նոր առաջարկություններ»,- ասել է Հենրիկ Գասպարյանը:

Տարիներով քննարկվում է նմաև 8-րդ զինվորական թաղամասի շենքերի ու կիսակառույցների պատկանելության հարցը: Այս տարի, ըստ Հենրիկ Գասպարյանի, տեղի է ունենալու հայ-ռուսական միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու է այդ կիսակառույցների վերականգնման հարցը: Ինչպես նաև 8-րդ զինվորական թաղամասում, ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետի,  ռուսական կողմի ֆինանսավորմամբ նոր բնակելի շենքեր են կառուցվելու: Դրանց նախագծերն արդեն պատրաստ են: