«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱԷԿ-ը փակելու հիմքեր չկան. Խաչատուր Խաչիկյանը հակադարձել է Թուրքիայի նախաձեռնությանը

05/10/2023

Հայկական ատոմային էլեկտրակայանը փակելու հիմքեր չկան, սեյսմիկ անվտանգության առումով էլ այն բավարարում է պահանջներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը:

Խաչիկյանը նախ վստահեցրել է, որ ներկա պահին անվտանգության մակարդակը բավարար է, որպեսզի ՀԱԷԿ-ն անվտանգ աշխատի: Աշխատանքներ են տարվում անվտանգության մակարդակն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ:

«Առաջին դեպքը չէ, որ Թուրքիան փորձում է շահարկել ՀԱԷԿ-ի շահագործումը շարունակելու փաստը, պարբերաբար բարձրաձայնում է, դա իր իրավունքն է, սակայն ատոմակայան փակելու կամ չփակելու խնդիրը դուրս է իր դաշտից, դա տվյալ ատոմակայանը շահագործող պետության իրավասության ներքո է գտնվում, որը փաստել է նաև թուրքական մեջլիսի դիմումերի հանձնաժողովի կողմից»,-ասել է Խաչիկյանը:

Հայաստանը և Թուրքիան հանդիսանում են Միջուկային անվտանգության կոնվենցիան վավերացրած երկրներ։ Համաձայն այդ կոնվենցիայի պահանջներին անդամ երկրները, ներառյալ Հայաստանը, հաշվետվություններ են ներկայացնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ՄԱԳԱՏԷ)՝ երկրում միջուկային անվտանգության վիճակի վերաբերյալ, որը փորձագիտական գնահատման է ենթարկվում մյուս անդամ երկրների կողմից՝ հարցադրումներ, խնդիրներ ներկայացնելով հաշվետվությունը մշակած երկրին: Խաչիկյանը վստաեցնում է, որ առ այսօր ներկայացված հարցադրումներին և խնդիրներին Հայաստանի կողմից տրվել են սպառիչ պատասխաններ։

«Փորձագիտական դիտարկման արդյունքները ամփոփվում են հաշվետվության մեջ, որտեղ նշվում է թե պետությունն ինչ միջոցառումներ պետք է իրականացնի, որի իրականացման կարգավիճակը ներկայացվում է հաջորդ հաշվետու ժամանակահատվածում: Չկա նշված մի այնպիսի միջոցառում, որը մեր պետության ուժերից վեր լինի, կամ հրաժարվենք դրա իրականացումից: Միջոցառումները, որոնք հնարավոր է լինում իրականացնել կարճ ժամանակում, իրականացվում են հաջորդ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում, որոնք երկարաժամկետ են, մշակվում է իրականացման ճանապարհային քարտեզ և աշխատում ենք դրանց իրականացման ուղղությամբ»,-վստահեցրել է կոմիտեի նախագահի պաշտոնակատարը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և ՀՀ միջև տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից ցուցաբերվում է մասնագիտական և տեխնիկական աջակցություն՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը և միջուկային անվտանգության մակարդակի բարձրացմանը:

ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարացման շրջանակում իրականացվել են անվտանգության բարձրացմանն ուղղված բազմաթիվ աշխատանքներ՝ համակարգերի մոդիֆիկացիաներ և արդիականացումներ: Շահագործման ժամկետի երկարացման շրջանակում ստացած անվտանգության հիմնավորման դիտարկման գործընթացում ներգրավված են եղել ոչ միայն Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները, այլ նաև միջազգային փորձագետները։ Որոշումները կայացնելիս հաշվի են առնվում նաև միջազգային փորձագետների տրամադրված կարծիքները:

«Վթարային պատրաստվածության շրջանակում ատոմակայան շահագործող ցանկացած երկրում իրականացվում են որոշակի միջոցառումներ՝ վթարային պլանի մշակում, հակավթարային վարժանքների իրականացում, ազդակիր համայնքների բնակիչներին անհրաժեշտ յոդի դեղահաբերի պահեստավորում: Դա պարտադիր պահանջ է: Հայաստանը նույնպես պարբերաբար իրականացնում է վարժանքներ և ՀՀ-ում առկա է յոդի դեղահաբերի պահուստ, որը անհրաժեշտության դեպքում պետք է տրվի ատոմակայանի հարակից բնակավայրերի բնակչությանը»,-ասել է նա:

Անդրադառնալով սեյսմիկ անվտանգության հարցին՝ Խաչիկյանն ընդգծել է, որ հայկական ատոմակայանը, նախագծված լինելով Խորհրդային միության նորմատիվ պահանջներին համապատասխան, բավականին մեծ պահուստային գործակիցներ ունի:

«Չնայած այն նախատեսված է եղել ավելի ցածր սեյսմիկ ցնցումների համար, սակայն 1995թ-ի վերագործարկումից սկսած՝ պարբերաբար իրականացվել է սեյսմիկ անվտանգության վերագնահատում: Արդյունքում մեր ատոմակայանը բավարարում է ներկա պահանջներին: Վերագնահատման արդյունքում ցույց է տրվել, որ ատոմակայանի անվտանգության համար կարևոր համակարգերը կարող են դիմանալ մինչև 0.35 g (ազատ անկման արագացում) հողի ցնցումներին: Մենք պահանջ ենք դրել, որ իրականացվի այդ անվտանգության համակարգերի վերագնահատում և վերազինում, որը արդյունքում կհիմնավորվի, որ համակարգերը կդիմանան 0.42 g ցնցումներին։ Վերագնահատման խնդիրը ի հայտ է եկել նաև Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրակայանի վթարից հետո իրականացված «Ստրես-տեստի» իքնագնահատման արդյունքում»,-ասել է Խաչիկյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ (ՄԱԳԱՏԷ) Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։