«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նուբարաշենի աղբավայրի փոխարեն նորը կկառվուցվի. թափոնները կրճատվում են

03/07/2023

Երևանում աշխատանքներ են ընթանում Նուբարաշեն համայնքում գտնվող խոշորագույն աղբավայր տարվող թափոնների կրճատման ուղղությամբ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի քաղաքապետարանից՝ գրավոր հարցմանն ի պատասխան։

Ներկայումս ամսական վերամշակվում է միջինում 55 տոննա աղբ, այսինքն՝ այդքանը աղբավայր չի հասնում։

Նուբարաշենի աղբավայրի փակման և տարածքի վերաօգտագործման հարցը քննարկվում է վերջին մի քանի տարիներին։ Նոր աղբավայրի կառուցման մեկնարկի մասին համաձայնագրի ստորագրման ամսաթիվը երեք անգամ հետաձգվել է։ Առայժմ քաղաքի ծայրամասում գտնվող աղբավայրը գործում է, ամառվա շրջանում այնտեղ անընդհատ հրդեհներ են բռնկվում, որոնք լուրջ վնաս են հասցնում Երևանի էկոլոգիային: Քաղաքային իշխանությունները միջանկյալ ուղիներ են փնտրում այնտեղ հայտնվող թափոնների ծավալը կրճատելու համար։

Քաղաքապետարանից հիշեցրեցին, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին կից Թափոնների տեսակավորման վարչությունը 2020 թվականից Երևանում իրականացնում է երեք տեսակի թափոնների՝ պլաստիկի, թղթի և ապակու տեսակավորում: Տեսակավորված թափոնները հետագա վերամշակման համար հանձնվում են այդ գործունեության մեջ մասնագիտացած ընկերություններին:

«Արդյունքում, ամսական միջինում ավելի քան 55 տոննա թափոն գնում է վերամշակման և չի հայտնվում աղբավայրերում։ Նախատեսված է ավելացնել Երևան քաղաքում հավաքվող վերամշակելի թափոնների տեսակը։ Կախված ընթացիկ աշխատանքներից և դրանց արդյունքների մոնիթորինգից՝ նախատեսում ենք վարչական շրջաններում հաջորդաբար իրականացնել ալյումինե տարաների թափոնների համար նախատեսված կարմիր թափոնամանների տեղադրում։ Այս տարի նախատեսված է նաև տեսակավորման կետերի ավելացում»,-նշեցին քաղաքապետարանում։

Մոտ ժամանակներս կներմուծվի պլաստիկի, ապակու և ստվարաթղթի թափոնների համար նախատեսված տարաների խմբաքանակ, ինչպես նաև ապակու տարաների սպասարկման երկու մեքենա:

Ինչ վերաբերում է Նուբարաշենի աղբավայրի փակման և նոր աղբավայրի կառուցման հարցին, քաղաքապետարանից հայտնեցին, որ ներկայումս Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) խորհրդատուն ներկայացրել է տեխնիկատնտեսական վերլուծություն՝ աղբավայրի մի քանի տարբերակներով:

Երբ մայրաքաղաքի իշխանություններն ընտրեն ապագա աղբավայրի տարբերակը՝ գործնական հարթություն կանցնեն։ Մասնավորապես, ապագա աղբավայրի ծրագրի նախագծումը կտևի մոտ մեկ տարի։ Այնուհետև պետք է ընտրվի մրցույթի հաղթողը, որից հետո կսկսվի շինարարությունը, որը, ըստ ծրագրի, կտևի երկու տարի: