«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչպե՞ս է լուծվելու հայ-ադրբեջանական խնդիրը. Արայիկ Մկրտումյան

05/09/2023

Հարց ամենալայն իմաստով։ Շատերը գուցե զարմանան, բայց հայ-֊ադրբեջանական խնդիրը Արցախով չի սկսվել, Արցախով էլ չի ավարտվելու։ Արցախը  Ռուուրի ածխահանք չի, ոչ էլ նույնիսկ Տրանսիլվանիա, որ երկու պետություն վիճեն դրա համար ու ի վերջո կամ մեկը հաղթի մյուսին կամ՝ կոմպրոմիսի գան։

Հայ-ադրբեջանական հարցը միջէթնիկ պայքար է, մշակութային ու քաղաքակրթական խորության մակարդակի։ Այստեղ ոչ թե պարզապես տարածքի, այլ տարբեր բարոյականությունների, մտածելակերպի ու սոցիալական չափորոշիչների հասարակությունների մասին է խոսք գնում:

Եկեք ենթադրենք, որ աշխարհը որոշեց, որ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի մաս է կազմում։  Հարցը չի լուծվելու, որովհետև հայերը չեն համաձայնվելու, ինչը լրիվ բնական է։

Ենթադրենք, թե աշխարհը անկախ ճանաչեց Արցախը, կամ նույնիսկ Հայաստանի լիիրավ մաս։ Յոթ շրջաններն էլ հետը։ Գետաշենն էլ հետը։ Հարցը կրկին չի լուծվելու։ Որովհետև, բացի նրանից, որ ադրբեջանցիները չեն համաձայնվի, կան նաև բազմաթիվ միջազգային ուժեր, որ միշտ կսրեն վիճակը։

Ուրեմն ի՞նչ է լինելու հետո։ Քանի՞ անգամ ենք մենք մտածել այդ մասին: Եվ արդյո՞ք մտածել ենք: Մենք նույնիսկ չենք հասկանում, թե ինչ է կատարվել անցյալում։ Հարցը չի լուծվելու, եթե նույնիսկ հայերը հասնեն մինչև Բաքու։ Կամ վատագույն դեպքում, եթե ադրբեջանցիները հասնեն Երևան։

 Այսինքն տոտալ ոչնչացո՞ւմ։ Կամ մենք կամ իրենք։ Այս պահին հայ-ադրբեջանական փոխադարձ մասսայական ջարդը զսպում են միայն ՄԱԿ կոնվեցիաները, որոնք հուսալի չեն։ Իսկ այդ ՄԱԿ կոնվենցիաները պահպանում են խոշոր խաղացողները, որոնք հստակ շահեր ունեն այստեղ: Իսկ ի՞նչ, եթե այդ շահերը փոխվեն: Ինչի՞ հիման վրա ենք մենք վստահ, որ այն աշխարհը, որ հիմա կա, նույնն է մնալու: Քանի՞ օրինակ է մեզ անհրաժեշտ, որ մեզ շրջապատող աշխարհը մի վայրկյանում կարող է հօդս ցնդել: Նույնիսկ պետք էլ չէ, որ մեկ վայրկյանում լինի, բայց քանի որ մենք սովորաբար ամեն ինչին նայում ենք նեղ աշխարհայացքով, ապա նույնիսկ Քրիստոսի երկրորդ գալուստը, որի մասին խոսվում է արդեն երկու հազար տարի՝ մեզ համար անսպասելի մի բան է լինելու:

Ուկրաինան՝ օրինակ։ Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Աֆղանստանը, Լիբիան, Կոսովոն և այլն: Էլ ի՞նչ պիտի լինի, որ մենք գոնե տեսական մակարդակում պատրաստ լինենք «մեր քթից այն կողմ նայելու»:

Ուրեմն մենք ինչպե՞ս ենք պատրաստվում միջէթնիկ խորության խնդրին նայել։ Այս մասին մտածե՞լ ենք

Եվ ինչո՞ւ միայն հայ-ադրբեջանական։ Ավելի՜ն։ Հայ-թուրքական հարցերը ինչպե՞ս են լուծվելու։ Էստեղ Արցախի մակարդակով հարց չէ։ Էստեղ ցեղասպանության մակարդակի հարց կա։ Պետությունները կարող են ինչ որ պաշտոնական համաձայնությունների գալ, բայց հայ-թուրքական թշնամությունը արդեն մշակութային էլ չէ։ Ենթագիտակցական գենետիկայի մեջ է մտել։ Այսինքն ի՞նչ։ Նոր ցեղասպանությո՞ւն։ Ի՞նչ ծրագիր կա։ Ի՞նչ կանխատեսումներ կան։ Մենք երկու կողմից ունենք ծայրահեղ թշնամական պետություններ, ունենք խախուտ Վրաստան, որին տնտեսապես ստրկացրել են թուրքերը և ունենք այս պահին բարյացակամ տրամադրված հարևան պարսիկներին, որոնք առանց մեզ էլ բավական լուրջ խնդիրներ ունեն։

 

Կարողանալո՞ւ ենք  Մինսկի խմբի եռյակին համոզելուց բացի նաև հսկողության տակ պահենք 80+7 մլն-ոց թուրքաց աշխարհի տրամաբանությունը։

Նախ նայենք իդեալական տարբերակով՝ Եթե թուրքերն ու ադրբեջանցիները ընդունեն մեր բոլոր պահանջները։ Ընդունեն նույնիսկ Սևրը։ Մենք իրո՞ք կարողանալու ենք հոգեպես ու մշակութորեն խաղաղություն հաստատելու։ Հավատո՞ւմ ենք նման բանի։ Վատագույն տարբերակը չեմ ասում։ Դա հայերի տոտալ ոչնչացումն է։ Ուրեմն ի՞նչ։ Ի՞նչ ենք անելու թե մեկ ու թե մյուս դեպքում։ Ո՞վ է ծրագիր ու առաջարկ ներկայացնելու։ Նույնիսկ եթե մենք դառնանք Իսրայել ու հսկենք թուրքերին այնպես, ինչպես հրեաները՝ արաբներին, մենք համաձա՞յն եք հաշտվել ու թուրքերին խաղաղ հարևան համարել։

Ընդ որում Արցախի հարցը հիմա իջել է Լաչինի միջանցքի բացելու հարցի մակարդակին: Ենթադրենք, թե Լաչինի միջանցքը ինչ-որ իքս պայմանով բացվեց: Հետո՞: Արձանագրելու ենք նոր «հաղթանակ» և սպասենք նոր խնդրի՞: Ոչ մի հարց չի չեզոքանում, ոչ մի հարց չի վերանում: Մենք ենք, որ գերադասում ենք փակել մեր աչքերը և ձևացնել, թե խնդիրն իրականում գոյություն չունի: Այնքան ժամանակ, մինչև որ այդ հարցը ևս մեկ անգամ պայթի մեր գլխին:

Իդեալականն իհարկե այն կլիներ, որ մենք կարողանայինք մեր սեփական ուժով զսպելու ադրբեջանցիներին այնքան ժամանակ, որ վերջիններս հաշտվեին այն մտքի հետ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Դրանից հետո կարելի էր ինչ որ սիմվոլիկ փոխատուցում վճարել՝ մի քանի հարյուր մլն դոլար, ինչ որ տնտեսական բոնուսներ և այլն:

Բայց ունենք այն, ինչ ունենք:

Եվ հիմա, երբ ամեն ինչ անհավանական մակարդակում խառն է, երբ Արցախում ամեն մարդու հաշվով նախատեսված է ընդամենը երկու հարյուր գրամ հաց, մենք չգիտենք ուղղակի, թե ինչ անել: Իսկ չէ որ ընդամենը երկու ամսից սկսվելու են ցրտերը:

Մենք այլևս ժամանակ չունենք պարապուրդի մատնվելու: Մենք կորցրել ենք մոտ երեք տասնամյակ: Բայց եթե չհասկանանք, թե ինչ է կատարվում և ինչ է կատարվելու, մենք կարող ենք կորցնել էլի նոր տասնամյակներ:

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող՝ Արայիկ Մկրտումյան