«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՈՒՆԻՍԻ  20 –ԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ. Պրոֆեսոր Աշոտ Ներսիսյան

16/06/2021

Խելահեղ ընտրապայքարը մոտենում է իր ավարտին։ Իշխանության ղեկին գտնվող <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցությունը թերևս ամենալուրջ վտանգը զգում է  <<Քոչարյան>> դաշինքից, իսկ վերջինս մտածում  է, որ կարող է  պարտվել միայն ՔՊ – ից։ Հարկավ, խորհրդարան մտնելու հավանականություն ունեն նաև << Պատիվ ունեմ>> դաշինքը և ԲՀԿ – ն։ Մնացյալ ուժերից փոքր կազմով խորհրդարան կարող են մտնել ՀԱԿ –ը, թերևս նաև <<Հանրապետություն>> կուսակցությունը։ Ընդհանրապես ընտրությունների հնարավոր արդյունքը գնահատելը պարապ գործ է այն տեսանկյունից, որ ՀՀ – ում քվեաթերթիկով իշխանություն երբեք չի հանձնվել։

Քվեաթերթիկով և չկեղծված ձայներով ընտրվեց առաջին նախագահը, երբ անցում եղավ նախագահական կառավարման։ Առաջին նախագահի հրաժարականից հետո Քոչարյանը 10 տարի զբաղեցրեց  նախագահի պաշտոնն՝ այն փոխանցելով Սերժ Սարգսյանին, որը Սահամանդրությունը փոխելով փորձեց նորից վերարտադրվել, բայց հրաժարական տվեց Ն․Փաշինյանի օգտին, ըստ երևույթին վրեժխնդիր լինելով Կարեն Կարապետյանից, որը թերևս իրեն դավեց, թեև ինքը հայտարարեց, որ իշխանությունը փոխանցել է նրան։ Նաև վերջերս նշեց, որ պարտվել է ավելի հզոր ուժերի։ Դժվար է լիարժեքորեն պնդել, թե ինչ մութ երևույթներ են տեղի ունեցել  2018թ․ ապրիլյան այդ օրերին և այսօր մեր խնդիրը միանգամայն այլ է։ Պարզապես շեշտենք, որ երկրորդ անգամ, ոչ քվեաթերթիկով իշխանափոխությունը տեղի ունեցավ 2018թ․ ապրիլին, ինչպես ընդունված է պնդել՝ հեղափոխության արդյունքում, իսկ խորհրդարանական ընտրություններում քվեաթերթիկով իրոք իշխանության հասավ ներկայիս ուժը։ Այսինքն, ընդհանուր առմամբ, երկու ընտրության մասին կարելի է խոսել՝  որպես առանց ընտրախախտումների կայացածի։

Հիմա, ինպիսի՞ ընթացք կարող են ունենալ հունիսի 20 – ի արտահերթ ընտրությունները։ Դրանք կարելի է դիտարկել երկու տեսանկյունից՝ ա․ երբ հնարավորինս ամեն ինչ լինում  է մաքուր և առանց կեղծիքների,թեպետ ամեն ուժ օգտագործում է իր գաղափարական,վարչական և այլ ռեսուրսները, բացի կաշառքից, բ․ երբ իրենց գործն են անում վարչական ռեսուրսներն,  ընտրակաշառքը և <<բերման>> այլ միջոցներ։

Առաջին տարբերակի դեպքում ոչ մի ուժ չի կարողանալու խորհրդարանում հասնել այնպիսի մեծամասնության, որ միայնակ կարողանա կազմել կառավարություն։ Ձայների համեմատական մեծամասնություն կարող է ունենալ  ՔՊ կուսակցությունը, քանի որ անկախ պարտված պատերազմից, նրա հետևից են գնալու վարչական կառույցների մեծ մասի ներկայացուցիչները, ժողովրդի այն հատվածը, որը անվերապահորեն մերժում է նախկին իշխանավորներին, նրան միացած իրենց արտահայտությամբ՝ նախկին բիզնեսմենները, որոնք հօգուտ նրա կհանեն հսկայական մարդկային և ֆինանսական  ռեսուրս։ Նրան ձայների թվով կհաջորդի և, ըստ մեզ, ոչ զգալի տարբերությամբ <<Քոչարյան>> դաշինքը, որը նունյպես ունի բազում աջակիցներ,  վարչական  և մարդկային ռեսուրսներ։ ԲՀԿ –ն կարող է հաջորդը լինել, թեպետ չի բացառվում, որ լինի երկրորդը կամ չորրորդը, քանի որ դարձյալ տիրապետում է մարդկային և վարչական  բազում ռեսուրսների։ Սերժ Սարգսյանի ձևավորած դաշինքը նույնպես կհավաքի զգալի ձայներ՝ տեղական կառույցների տարաբնույթ աշխատանքի և այլ ռեսուրսների շնորհիվ։ Աստված պետք է լինել՝ ճշգրտորեն կանխատեսելու, թե երկրորդ, երրրորդ և չորրորդ տեղերն ովքե՞ր կարող են զբաղեցնել։ Նույնիսկ վերոնշյալ տեղերը կարող են փոխվել։ Բայց այստեղ կարևոր է մեկ բան՝ այս դեպքում հնարավոր չի լինելու կազմել կոալիցիա։ ՔՊ – ի հետ թերևս դրան գնա ԲՀԿ –ն, մանավանդ, որ վերջինս իր ցուցակից որոշ <<բազմավաստակ>> կարկառուններին հանելը  չար լեզուները վերագրում են  Ծառուկյանի և Փաշինյանի պայմանավորվածությանը։ Թեև Ծառուկյանը պնդում է դեռևս, որ ինքը երբեք դրան չի գնալու։ Բայց նրա քաղաքական կերպարը դժվար ընկալելի է և ցանկացած պահի կարող է իր ասածի հակառակն անել՝ <<հանուն ժողովրդի>>։

Այս տարբերակը  կարող է տանել փակուղու և նոր ընտրությունների, բայց իդեալական կլինի, եթե քվեաթերթիկների ճշգրիտ հաշվարկով խորհրդարան մտած ուժերը համախմբվեն և կոալիցիա կազմելով՝ լծվեն պետականաշինության վեհ գործին՝ իրենցից թոթափելով թշնամանքը։ Սա խիստ կասկածելի տարբերակ է, որը շեշտում ենք դառնությամբ։

Երկրորդ տարբերակի դեպքում կվերարտադրվի Փաշինյանի իշխանությունը, որովհետև նա ամեն ինչ կանի, ինչպես հայտարարում են արդեն, 60 տոկոս ձայն հավաքելու համար։ Այս դեպքում  Հայասատանը կվերադառնա <<ի շրջանս յուր>>՝ ընտրությունների արդյունքների փոփոխությամբ ձայների անհրաժեշտ թվի հրապարակումով։ Իսկ այդ ձայները կավելանան նաև այն մարդկանց հաշվին, որոնք ցուցակներում են, բայց ոչ Հայաստանում և որոնց թիվն հաստատ անցնում է տասնյակ հազարներից։ Հնարավոր է նաև, որ այս քայլին գնան նախապես որոշելով՝ ում ի՞նչ տան կամ էլ միգուցե արդեն որոշել են։

Մենք այն  կարծիքին ենք, որ Փաշինյանը ավելի շատ աշխատում է այս տարբերակի վրա, որովհետև կոալիցիաները կարող են անհնար լինել, իսկ հնարավորության դեպքում էլ՝ նրան ավելորդ գլխացավանք պատճառել։ Սրա վկայությունն է թերևս այն, որ արդեն ծրագրված են հետընտրական հավաքները։ Ցավով պետք է արձանագրել, որ արդար կամ կեղծված ընտրությունների արդյունքների դեպքում էլ  հայտարավելու է դրանց կեղծ լինելու մասին, որը լավ բանի չի տանելու։

Հարկավ, չի բացառվում նաև այն տարբերակը, որ դրսի ուժերի ազդեցությամբ մշակված է  ընտրությունների ապագան և անկախ տարբեր ուժերի հավաստացիումներից, կարծում ենք, որ <<Հռոմում>> և << Տիզբոնում>> արդեն որոշել են,թե ով է հաղթելու և կանգ են առել վարչապետի պաշտոնակատարի մնալու նպատկահարմարության վրա։ Այս դեպքում չի օգնելու ոչ մի հանրահավաք, երթ կամ ապստամբական շարժում։

Մենք անձամբ համակված ենք մեկ ցանկությամբ՝ արդար ընտրությունների արդյունքում տեսնել ժողովրդի իրոք ընտրած քաղաքական ուժին, թեպետ այս մասին խոսելը մեզ  տանում է միամիտների դաշտ և ստիպում է աչք փակել  <<ժողովրդավարության վնասների վրա>>։