«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀԿ-ն հույս ունի, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի երկու տարուց էլ պակաս ժամկետում

21/08/2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հույս ունի, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի երկու տարուց էլ պակաս ժամկետում, հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նրա խոսքով՝ 1918 թվականին Եվրոպայում տարածված իսպանական գրիպը հաղթահարելու համար պահանջվել է երկու տարի։ «Այժմ մենք ունենք ավելի շատ տեխնոլոգիաներ, սակայն մյուս կողմից աշխարհն ավելի փոխկապված է, եւ վիրուսն ավելի մեծ հնարավորություններ ունի արագ տարածվելու համար»,-ասել է նա։ «Միեւնույն ժամանակ մենք ունենք տեխնոլոգիաներ եւ գիտելիքներ դա կասեցնելու համար»։

Նրա խոսքով՝ պատվաստանյութը կդառնա «կենսական կարեւորություն ունեցող գործիք» կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարում, սակայն ինքնուրույն վերջ չի դնի Covid-19-ի համավարակին։

Նա նշել է, որ մշտապես բռնկումներն ու համավարակները փոխել են տնտեսությունն ու հասարակությունը։ «Մասնավորապես, Covid-19-ի համավարակը տվել է նոր խթան կլիմայի փոփոխությանն արձագանքելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությանը»,-ասել է նա։ «Covid-19-ի համավարակը տվել է մեզ պատկերացում մեր աշխարհի եւ այն մասին, թե ինչպիսին այն կարող էր լինել՝ ավելի պարզ երկնքով եւ մաքուր գետերով»։