«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փառուխը, Քարագլուխը և տեղեկատվական պատերազմը

01/04/2022

Արցախի և ընդհարապես Հայաստանի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիաները մշտապես ուղեկցվել են տեղեկատվական գրոհներով եւ սեփական հանրության համար տարվող ուժեղ քարոզչությամբ։ Ցանկացած ռազմական ագրեսիայի համար ստեղծվում են «կեղծ պատմական հիմնավորումներ։ Այդպես եղել է միշտ։ Այդպես է նաև հիմա, երբ թշնամու ռազմական ագրեսիայի թիրախում են հայտնվել Փառուխ գյուղը և Քարագլխի բարձունքը։

Որո՞նք են այս անգամ ռազմական ագրեսիային զուգահեռ իրականացվող տեղեկատվական ագրեսիայի հիմքում դրված ադրբեջանական թեզերը։

1. Տարածքի հայրենացում։ Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանական կողմը Փառուխի և  Քարագլխի բարձունքի համար տվել է «մեծ թվով զոհեր» (https://azerforum.com/az/sonxeber-quotbirinci-qarabag-muharibesinde-ferrux-zirvesi-ugrunda-geden-qanli-doyushlerde-xeyli-shehid-vermishikquot)։ Սա արվում է այսօրվա գործողությունները այն գաղափարախոսական դրույթի մեջ տեղավորելու համար, որ ադրբեջաներեն հնչում է «Torpaq uğrunda ölən varsa, Vətəndir»  (Հողի համար թե մեռնող կա, ուրեմն այն Հայրենիք է): Հասարակական ենթագիտակցության մեջ շատ արագ ներդրվում է այն գաղափարը, որ Փառուխը և Քարագլուխն իրենց հայրենիքն է, որի համար ժամանակին «շատ արյուն է թափվել»։

2. Հերոսական պատումների ստեղծում և ճանաչված հերոսների անվան հետ տարածքի ասոցացում։ Փառուխի և Քարագլխի դեմ ռազմական ագրեսիային իրականացման զուգահեռ ցանցերի ադրբեջանական տիրույթում արագ շրջանառվեց տեղեկություն, որ Արցախյան առաջին պատերազմում հենց Փառուխ գյուղի տարածքում «հերոսաբար» կռված և «ծանր վիրավորված» է եղել Ռագուֆ Օրուջովը (https://www.facebook.com/leletepe/posts/1368992610241632)։ Ինչո՞ւ հենց Ռագուֆ Օրուջովը։ Որովհետ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից ոչնչացված այն զինվորականներից է (փոխգնդապետ), որի անունը, ժանրի բոլոր կանոններով, միֆականացվել է և վերածվել հանրության կողմից պաշտելի հերոսի։ 

3. Տարածքի սակրալիզացում։ Ռազմական ագրեսիայի այս օրերին ամբողջ ադրբեջանական ցանցը և հեռուստաեթերը հեղեղված է մարդկային կմախքների, ոսկորների նկարներով, տեսահոլովակներով, որոնցում ասվում է, որ Քարագլխում արդբեջանցիները «հայտնաբերել են այդ լեռան վրա դաժանորեն սպանված և մորթված իրենց հայրենակիցները ոսկորները»։ Ո՞ր հայրենակիցների մասին է խոսքը։ Իբր Խոջալուի ցեղասպանությունից մազապուրծ եղած, սակայն Քարագլխի վրա հայերի ձեռքն ընկած և մորթված ադրբեջանցիների (https://xeberxetti.com/2022/03/30/fərrux-kəndində-daha-bir-necə-azərbaycanlinin-qaliqlari-tapilib-foto-video/),  ինչպես նաև 1992թ. ռազմական գործողությունների ժամանակ Քարագլխի վրա անհայտ կորած, գերի ընկած ադրբեջանցի զինվորների (https://fb.watch/c6iNtZUGdD/)։ 

4.  Պատմական հիշողության և վրեժի կանչի թարմացում։ Հեյդար Ալիևի՝ 1998թ. մարտի 26-ի հրամանագրով մարտի 31-ը Ադրբեջանում նշվում է՝ որպես «ադրբեջանցիների ցեղասպանության օր»։ Բացի այդ՝ 2013թ. սեպտեմբերի 18-ին ԱՀ գործող նախագահ Ի. Ալիևի մասնակցությամբ տեղի է ունեցել իբր 1918թ. հայերի կողմից ԱՀ Ղուբա քաղաքում ցեղասպանված մուսուլմանների հիշատակին նվիրված Ղուբայի ցեղասպանության հուշահամալիրը (ներառյալ թանգարանը), ուր ամեն տարի մարտի 31-ին «ցեղասպանության զոհերի ոգեկոչման երթի» շրջանակներում այցելում են ԱՀ քաղաքացիները։ Եւ արդեն երեկ Քարագլխի վրա ադրբեջանցիները նշել են «հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության օրը» և խոստացել «թափված արյունը գետնին չթողնել», այսինքն լուծել նախնյաց վրեժը (https://www.youtube.com/watch?v=sIZsnXMiby8

Արտյոմ Տոնոյան
 @Arm_Iranologists