«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Թանկացման ռիսկ, «փողի գին» և 750 մլն դոլարի եվրաբոնդ. ԿԲ մոտեցումները

03/02/2021

Գնաճի տեմպի արագացման ռիսկ կա՝ ներքին ու արտաքին շուկաներն ուսումնասիրելով կանխատեսել են Կենտրոնական բանկում և վերաֆինանսավորման ճշգրտման տարվա հենց առաջին նիստում՝ 0.25 կետով բարձրացրել տոկոսադրույքը. սահմանել՝ 5.5 տոկոս:

Վերաֆինանսավորման բարձրացման հետևանքը տնտեսությունում կարող է բերել ներդրումների կրճատման: Նախորդ տարիների չափ վարկեր գոնե առաջիկայում չեն տալու՝ առևտրային բանկերի հետ շփումներից կարծիք են կազմել գլխավոր դրամատանը:

Մարտին Գալստյան, ՀՀ ԿԲ նախագահ - Որոշակի հաճախորդների ֆինանսական վիճակի վատթարացման արդյունքում հնարավոր վարկավորման պոտենցիալն ավելի ցածր կարող է լինել՝ մեսիջը դա է:

Արմեն Նուրբեկյան, ՀՀ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն - Ակնհայտ էր, որ վարկավորումը դանդաղելու է՝ բացասական շոկից հետո:

Որքա՞ն կնվազի բիզնեսի վարկավորման տեմպը՝ գնահատական դեռ չկա: 2020-ն, ըստ ֆինանսիստների, սպասվող 7.2-ի փոխարեն փակել ենք 7.8 տոկոս տնտեսական անկմամբ: Այնպես որ իրավիճակ շտկելու համար պետությունը պետք է փորձի կապիտալ ծասխերով վերականգնել ՀՆԱ-ի մինչպատերազմական մակարդակը՝ ասում է Մարտին Գալստյանը:

Մարտին Գալստյան - Ամենակարևոր գործողությունը, որ կառավարությունը պետք է այս տարի անի, տնտեսության ներուժային մակարդակին նպաստող բարեփոխումներն են:

Ասուլիսին հարց հնչեց. արդյո՞ք երկրում առկա քաղաքական մթնոլորտը ևս ազդում է բանկային համակարգի վրա:

Մարտին Գալստյան - Բնականաբար, այդ ռիսկերն ավելացնում են ընդհանուր ռիսկերն ու անարոշության ֆոնը, բայց գնահատական այս պահին կդժվարանամ տալ:

Կենտրոնական բանկում առայժմ թիվ չեն հնչեցնում ոչ պատերազմի պատճառով Արցախում բանկերի կրած կորուստների, ոչ էլ կորանավիրուսի հետևանքով չվերադարձվող, անհույս վարկերի չափի վերաբերյալ: «Հնարավո՞ր է որևէ բանկ փակվի» հարցին գլխավոր դրամատան նախագահն արձագանքում է. խնդիրները հաղթահարելու համար իրենք համակարգին աննախադեպ իրացվելություն են տրամադրել:

Մարտին Գալստյան - Այս պահի դրությամբ չենք տեսնում բանկ, որն ունի այնպիսի ֆինանսական ռիսկ, որ առաջանա ծայրահեղ վիճակ:

Ֆինանսական բոլոր տիպի խնդիրներով հանդերձ՝ մակրոտնտեսական վիճակը երկրում կայուն է՝ պնդում են Կենտրոնական բանկում: Նաև դրա ապացույց համարում միջազգային ներդրողների վստահությունը Հայաստանի նկատմամբ: Մարտին Գալստյանը հաստատեց մոտ մեկ շաբաթ պաշտոնապես չհրապարակվող տեղեկությունն, ըստ որի օրեր առաջ կառավարությունը 750 մլն դոլարի եվրաբոնդ է թողարկել:

Մարտին Գալստյան - Եվրաբոնդեր, այո, թողարկվել են 10 տարով, ես կարող եմ այդ մասին ասել: 10 տարվա թղթեր, ԱՄՆ դոլարով, 3.875 տոկոս եկամտաբերությամբ: Պահանջարկը շատ մեծ է: Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմմաբ երբեք չի եղել այդքան մեծ պահանջարկ: 

Գալստյանի կարծիքով՝ մեծ պահանջարկի պատճառը մեր մակրոմիջավայրի հուսալիությունն է, ու աշխարհում՝ կորոնայից հետո առկա ազատ փողերը: Գումարը երկիրն ի՞նչ նպատակով է ծախսվելու, որոշողը կառավարությունն է:

Հեղինակ`Հերմինե Բաղդասարյան