«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ  ԻՐԱՎԻՃԱԿԻ ՔՆՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒՒԹՅՈՒՆ. Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ

10/02/2021

Օրեր առաջ մենք հրապարակեցինք մի վերլուծական , ուր փորձեցինք որքան հնարավոր է անչառության դիրքերից քննության ենթարկել ՀՀ ներքաղաքական դրությունը: Այժմ փորձենք նրա կացության և քաղաքական ապագայի ամբողջական պատկերն ստեղծելու և նաև մեր վախեցած ժողովրդին գոտեպնդելու ձգտմամբ պայմանավորված քննության ենթարկել արտաքին քաղաքական կացությունը, որը բնականաբար ունի իր մշտական ներգործությունը ներքաղաքական կյանքի վրա: 

Արցախյան երկրորդ պատերազմից հետո, բնականաբար, բոլորի ուշադրությունը կենտրոնացված է թուրք – ադրբեջանական տանդեմի վրա, որի արդյունքում գլխավորապես հայտնի ցավալի ավարտն ունեցավ այն: Ուրեմն, քննությունը փորձենք սկսել մեր այս երկու հարևանների հետ ՀՀ արտաքին քաղաքական կացության քննությունից: Դա շատ ենք կարևորում մի քանի տեսանկյուններից՝ ժողովուրդը վախեցած է, որ թուրքերը կշարունակեն դեպի արևելք առաջխաղացումը, կնպաստեն, դարձյալ ռազմական օգնության ցուցաբերումով Ադրբեջանին, որպեսզի մեզանից պոկեն նոր տարածքներ, մասնավորապես Զանգեզուրը, ելնելով իրենց պանտութքիստական ծրագրերից, իշխանությունները տարածքներ են տալիս և այլն: Այս հարցը շահարկվում է նաև այն ուժերի կողմից, որոնք դնում են իշխանության հարց: Սակայն սառը վերլուծությունն այն եզրակացությանն է բերում, որ Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ վախը տանուլ տված պատերազմից հետո չափազանցված է: Ավելին, պատերազմից հետո ավելի ռեալ հնարավորություն է ընձեռնվում բարելավելու հարաբերությունները Թուրքիայի հետ, նպաստելու տնտեսական կապերի ոչ միջնորդավորված զարգացմանը, բացելու սահմանները, ստեղծելու դիվանագիտական հարաբերություններ, որոնք անշուշտ պարունակում են ռիսկեր, բայց դրանք առկա են ցանկացած տնտեսական հարաբերություններում: Սա շատ զգայուն խնդիր է, որի մասին շատ տարիներ է, որ արտահայտվում ենք, բայց ցավոք իրական չի դարձել մի շարք պատճառներով: Անշուշտ, դա կարելի էր անել այնպիսի ձևով, որ շրջանցվեր պատերազմը, ժողովրդի առաջ բաց հանդես գալով թե´ նախկին և թե´ ներկա իշխանությունների կողմից մատուցվեր այն պարզ ճշմարտությունը, որ փոխզիջումային տարբերակը եթե չաշխատի, ապա արդյունքը կլինի պատերազմը, բայց կեղծ և, ինչու՞ ոչ, նաև անկեղծ և զգացմունքներով առաջնորդվող հայրենասերները դավաճաններ էին որակում բոլոր նրանց, ովքեր խոսում էին փոխզիջումներից, ոչ մի թիզ հող էին գոռում՝ առանց հասկանալու, որ դրանով մոտեցնում են այն պահը, որը ողբերգական հետևանքներ կարող է ունենալ: Հայոց բանակի մասին այնպես էր խոսվում, որ կարծես թե աշխարհում միայն նա էր զարգանում և հզորանում, որ մեր հարևանները հիմարներ են և նրանց ցանկացած ոտնձգություն կհանգեցնի մեր քաջարի զորահրամանատարների կողմից Բաքվում թեյ խմելուն: Թուրքերի հետ երկխոսությունը նույնպես դավաճանություն էր համարվում և հիմա էլ շատերի կողմից համարվում է, քանի որ առաջնային էր ցեղասպանության միջազգային ճանչման գործընթացը, որը ցավոք, նույնիսկ այս պայմաններում դուրս չի գալիս օրակարգից. Հիմա էլ արդեն Բայդենից ենք սպասում, որ արտաբերի մոգական բառը: Բարոյական հաղթանակների ուրվականը դեռևս հետևում է մեզ, սերունդներ են գալիս ու գնում տառապելով հանուն հանպազօրյա հացի, իսկ մենք, որ այս փոքրիկ պետությունը չենք կարողանում պահել, դեռևս մեծ – մեծ ախորժակներից չենք հրաժարվում: Արցախյան պատերազմի ցավալի, հերոսական և ողբերգական ընթացքը, որում մենակ էինք մնացել, դարձյալ դաս չհանդիսացավ և շարունակում ենք նույն անիրատեսական ուղով ընթանալ: Հակադարձողները երբեմն սա են ասում. «մոռանա°նք մեր ցավը»: Մեր կարծիքն է՝ մի՛ մոռացիր, բայց մի ապրիր ապրիր այդ ցավի մշտական հիշողությամբ, պահիր կորցրածդ որպես հոգևոր արժեք, բայց քո արածը դիվանագիտություն չէ, քո բռնած ուղին տանում է հետընթացի: Ահավոր վատ է, որ պատերազմում մեր պարտությունը պետք է լիներ առիթը, որ հասունացման բերեր Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու խնդիր: Բայց իրոք դա է ճիշտ ուղին, որը հնարավոր է կյանքի կոչել, բայց էլի դրան կարող է խանգարել Սփյուռքի զգացմունքայնությունը, վրեժխնդրության ցանկությունը, Թուրքիայի հետ քաղաքական խնդիրներ ունեցող խոշոր տերությունների կողմից մեր ողբերգության շահարկումը, մեզ մատների վրա խաղացնելը և այլն: Հիրավի, դեռևս իշխանության և ընդդիմության շատ ներկայացուցիչներ չունեն այն քաղաքական հասունությունը, որ ընդունեն այս ամենի ճշմարտությունը: Բավական է մի պետության ղեկավարի, մի կազմակերպության կողմից ցեղասպանության փաստը հաստատող մի խոսք և սկսվում է շնորհակալական հեռագրերի քմծիծաղ հարուցող տեղատարափը: Ոչ մեկը գործ չունի մեր ցավի հետ, այն ամոքողը մենք ենք, որում կարևորվում է Թուրքիայի հետ դիվանագիտության հաստատումը: Թող ոչ մեկը լարախաղացությամբ չզբաղվի, թող ոչ մեկը հայրենասիրության դասեր չտա: Ոչ հեռավոր անցյալում Արցախյան հարցն էր շահարկվում՝ իշխանության հասնելու կամ այն պահելու համար և դեռ շարունակվում է շահարկվել, իսկ այսուհետև վախենում ենք, որ այս հարցը շահարկվի և այս պատճառով այդպես էլ կենսունակ և հարգված պետություն չենք դառնում: Ցավոք, այս մտավախությունը անհիմն չէ, քանի որ եվրոպական վեհաժողովներում, ընդդիմադիրների, ինչու չէ նաև արտգործնախարարի ելույթներում դեռ խոսվում է պանթուրքիզմից, աշխարհին բացահայտվում է թուրքական վտանգը, թուրքական գործակալ է համարվում ամեն այսպես արտահայտվող: Գործակալներ բոլոր երկրներում էլ կան, երևի միայն մենք չունենք այլ երկրների գաղտնի ծառայություններում մեր գործակալները, որոնք աշխատեն ՀՀ անվտանգության համար: Պատերազմից հետո ըստ էության հայ – թուրքական հարաբերությունները գործնականում մնացել են նույնը, եղել են զգացմունքային քայլեր՝ ՀՀ ներկրվող թուրքական ապրանքներին առնչվող, ուժեղացել է մեր ատելությունը թուրքերի և Էրդողանի նկատմամբ, բայց ուրիշ ոչինչ չի փոխվել: Թուրքիան այլևս այս տարածաշրջանում արել է այն, ինչն իրեն պետք էր, ավելիին չի գնա: Ռուսաստանը նրա հետ արել է այն, ինչ պետք էր, ավել տարածք հօգուտ Թուրքիայի ի վնաս ՀՀ – ի նա չի զիջի: Ավելին, Ռուսատանը և Թուրքիան,ելնելով բնականաբար նախ իրենվ շահերից և նաև Ադրբեջանը փաստորեն ցանկանում են տարածաշրջանում ձևավորել նոր տնտեսական հարաբերություններ, միջպետական նոր ճանապարհային հաղորդակցության ուղիներ, որոնց թերահավատությամբ է մոտենում մեր հայրենասեր և կեղծ հայրենասեր խավը: Ռուսատանն այնքան էլ շահագրգռված չի լինի մեր և Թուրքիայի սահմանի բացմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ, բայց ամեն ինչում չէ, որ պետք է նրան հետևել, Թուրքական դիվանագիտությունը ամեն կերպ կգնա դրան, միայն թե խոչընդոտը ցեղասպանության ճանչման գործընթացն է, որը դեռ մնում է մեր արտաքին քաղաքականության օրակարգում և որը խանգարում է այս խնդրի լուծմանը և որը նշանակում է մեր հայացքն անընդհատ կենտրոնացնել անցյալի վրա, գերեզմանների վրա, որը չի անում ամեն մի կենսունակ ժողովուրդ:

Դեռևս շարունակում է շրջանառվել այն հայեցակետը, որ եթե Թուրքիայի հետ սահմաները բացվեն, ապա նրանց ապրանքները մեր շուկան կհեղեղեն, որտեղից դուրս կմղվեն հայկական արտադրության ապրանքները և չի զարգանա տեղական արտադրությունը: Սակայն, ՀՀ ամեն օր ապրանքներ են ներմուծվում բազում այլ երկրներից, որոնք նույնպես հեղեղում են մեր շուկան, այդ դեպքում մի գուցե դրանք էլ արգելենք, որպեսզի տեղականը զարգանա: Մենք տնտեսագետ չենք, բայց կարծում ենք, որ ապրանքների ներկրման դադարեցումը էվոլյուցիոն պրոցես է, որը միայն մի դեպքում է հնարավոր, եթե արտադրվում է նույն ապրանքի ավելի որակյալ տեսակը և որակապես բարձր լինելով՝ նաև ավելի մատչելի է: Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ ՀՀ այսօր Թուրքիայի հետ չունենալով պաշտոնական հարաբերություններ, միջնորդավորված առևտրական կապերի արդյունքում տարեկան հսկայական քանակությամբ գումարներ է վճարում Վրաստանին և Պարսկաստանին: ՀՀ տարանցիկ երկիր դառնալը հրատապ խնդիր է, ավելորդ է ասել նույնիսկ, հանուն դրա, պետք է մի կողմ թողնել բոլոր բարոյական հաղթանակների բերող գործողությունները մեր արտաքին քաղաքականության մեջ: Ինչքան էլ ամպագոռգոռ հայտարարություններ անենք, մենք չենք կարող զարգանալ առանց մեր հարևանների հետ դրացիական հարաբերությունների ստեղծման և խիստ վիճելի է այն տեսակետը նաև, որ նրանք դա չեն ուզում: Այսօր մեր ազգին պատած ցավն ու սուգը, որն անամոք է թվում, հենց այս ուղղությամբ նախկինում չգործելու հետևանք է:

(Շարունակելի)

Նկար