«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դավիթ Իշխանյանի Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու առիթով. Աշոտ Ներսիսյան

08/08/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Դավիթ Իշխանյանի, որին բավական մոտիկից առնչվել ենք և որը միշտ թողել է ազնիվ և Արցախի խնդրին անվերապահ նվիրված անձի տպավորություն, ԱՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու հանգամանքը կարող են իրադարձությունները տանել հետևյալ ուղղություններով.

1. Առհասարակ բացառվի Ադրբեջանի հետ երկխոսությունը, քանի որ մայր կուսակցությունը մնում է պահանջատեր Թուրքիայից,Հայ դատի լուծման ջերմեռանդ կողմնակից է և առհասարակ չի հանդուրժում լսել Ադրբեջանին ինտեգրվելու որևէ շշուկ անգամ:

Դա կարող է հանգեցնել Արևմուտքի թշնամանքին և Ադրբեջանի` հայոց դեմ առավել տրամադրմանը:

2. Դավիթ Իշխանյանը, մեր խորին համոզմամբ, կաշխատի ավելի սերտացնել հարաբերությունները ռուսների հետ, որոնք ամեն կերպ ցանկանում են բանակցությունների հիմք տեսնել նոյեմբերյան համաձայնագիրը և չեզոքացնել Արևմուտքի այստեղից իրեն դուրս մղելու ձգտումները: Բայց ռուսները գործնականում դեռ որևէ քայլի չեն կարող գնալ, քանի որ Ադրբեջանին և Թուրքիային իրենց դեմ հանելը այս պահին նրանց համար կնշանակի գործել իրենց իսկ շահերի դեմ: Այնուամենայնիվ,եթե նա ստանա բանակցելու լիազորություններ և հասնի ինչ որ արդյունքի նոյեմբերյան համաձայնագրով հաստատված ստատուս քվոյի վերականգնման առումով, դրվատելի կլինի: Բայց ռուսները դժվար թե հիմա դրան գնան, քանի որ եթե դա անեին, կանեին Իշխանյանի գործոնից անկախ:

3.Օգտագործելով Սփյուռքում ՀՅԴ համեմատաբար լայն հեղինակությունը, հնարավոր է կարողանա լուծել Արցախ հումանիտար օգնության հարցը, գոնե միառժամանակ: Ասում ենք, միառժամանակ, որովհետև հայկական լոբբին ինչքան էլ աշխատի,ինչպես աշխատում էր ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի շուրջը, աշխարհի մեծ խաղացողները իրենց գերնպատակները չեն ստորադասի Արցախի խնդրին: Ինչպես երեկվա հարցազրույցում վերջապես խոստովանեց Արայիկ Հարությունյանը, Արցախը չունի աջակից կամ մենակ է:

4.Կտրուկ դեմ կարտահայտվի ՀՀ վարչապետի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն, որը կարող է ավելի սրել հակասությունները երկու հայկական քաղաքական միավորների միջև:

Զենքի դիմելու ճանապարհի ընտրությունն առայժմ բացառում ենք: Եթե գնանք դավադրական տեսությունների որոնման ճանապարհով,կարող ենք մտածել,որ Արայիկ Հարությունյանը ճարպիկ քայլ արեց`նախապես իր վրայից գցելով հետագա բարդ զարգացումների պատասխանատվությունը: Այս վարկածը տրամաբանական ենք համարում, քանի որ լիազորությունների ընդլայնման մասին խոսեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր -Ասատուրյանը:

Համենայն դեպս ողջունելի կլիներ, եթե Դավիթ Իշխանյանը կարողանար ձևավորել մի հարթակ և բանակցեր Ադրբեջանի հետ` փորձելով ժամանակ շահել և ստանալ երաշխիքներ հումանիտար աղետը կանխելու, ապա՝ ժողովրդի իրավունքների և անվտանգության: Թե ինչ ձևի, կարելի է տարբերակներ մտածել, բայց հիմա քաղաքական օդը շիկացած է և զգացմունքներն իշխում են բանականության վրա: Մեզ մնում է անկոտրում կամք մաղթել Իշխանյան Դավիթին` այս քաոսից ելքի որոնումներում: