«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում աղտոտված արագիլների խնդիրը շարունակում է սուր մնալ

10/08/2022

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում բնադրող սպիտակ արագիլները բնապահպանական աղետի առջև են հայտնվել։ Դեռևս հստակ հայտնի չէ՝ որտեղ և ինչպես, բայց արագիլների փետրածածկը սև, յուղային շերտով է պատվում, ինչի պատճառով նրանք պարզապես թռչել չեն կարողանում։

Շատերի համար կյանքում թռչելու առաջին փորձը վերջինն է դառնում․ արագիլների ձագերն ընկնում են բնից կամ բախվում էլեկտրալարերին, սյուներին, որոշ ձագեր ընկնելիս սատկում են, որոշ ձագեր կոտրում են թևերն ու ընդմիշտ զրկվում երբևէ թռչելու, ինքնուրույն բնության մեջ ապրելու հնարավորությունից։ Թռչել չկարողացող արագիլները նաև սնունդ հայթայթելու խնդրի առջև են կանգնում, ուստի հյուծվում են և․․․ Այս տխուր պատմության պատճառը յուղանման, ճենճոտ այն նյութն է, որով արդեն մի քանի տարի է՝ աղտոտվում են Հայաստանում բնադրող արագիլները։

Քանաքեռ-Զեյթունի այգիներից մեկում այս պահին մոտ 2 տասնյակ փրկված արագիլներ են ապրում։ «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի թիմն արդեն 4 տարի է՝ զբաղվում է արագիլների փրկությամբ։ Նրանք Արարատի և Արմավիրի մարզերում հավաքագրում, հատուկ տարածք են տեղափոխում արագիլներին, օրեր, երբեմն շաբաթներ շարունակ խնամում, կերակրում են, որպեսզի արագիլները վերականգնեն ուժերը՝ լողացնելուն դիմանալու համար։

«Երբ բնից ընկած են լինում, ծնողները չեն կերակրում, համայնքային տարածքներում էլ համապատասխան կեր չեն գտնում, սկսում են նիհարել, հյուծվել։ Եթե միանգամից բերենք ու լողացնենք, չեն դիմանա մաքրող նյութերի բաղադրությանը, կարող են անկումներ լինել»,- ասում է հիմնադրամի նախագահ Մանուկ Մանուկյանն ու ավելացնում՝ փառք Աստծո, այս տարի դեռ լողացնելիս նման դեպքեր չեն ունեցել։