«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի հացահատիկային միությունը չի բացառել աղքատ երկրներում հացահատիկի հասանելիության հետ կապված խնդիրները

28/03/2022

Չնայած լավ բերքին՝ աղքատ երկրները կարող են կորցնել հացահատիկի հասանելիությունը՝ հացահատիկի աննախադեպ բարձր գների պատճառով, որոնք պայմանավորված են ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոններով: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի հացահատիկային միության (ՌՀՄ) նախագահ Արկադի Զլոչեւսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ համաշխարհային սովի հավանականության մասին կանխատեսումները ոչ մի կերպ կապված չեն հացահատիկի այս կամ այն պաշարների առկայության կամ բացակայության հետ։ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության վերջին կանխատեսման համաձայն, որն արդեն հաշվի է առնում Ուկրաինայից արտահանման բացակայությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Կանադայում երաշտը, աշխարհում հացահատիկային կուլտուրաների լավ բերք է սպասվում։ Միաժամանակ աշխարհում արձանագրվում է հացահատիկի բորսային գների աննախադեպ աճ՝ առնվազն մեկուկես անգամ։

«Բայց ինչի՞ կհանգեցնի գների նման կտրուկ աճը, որը հիմնված է ոչ թե հիմնարար, այլ քաղաքական գործոնների վրա։ Սա առաջին հերթին կհանգեցնի նրան, որ շատ ռեսուրսներ անմատչելի կդառնան աղքատ տարածքների համար, որոնք նախկինում գնում էին, իսկ այժմ չունեն բավարար գումար եւ չեն կարողանա ապահովել հացահատիկի մատակարարումը»,- ասել է Զլոչեւսկին։

Հացահատիկային միության նախագահը նշել է, որ պարենային անվտանգությունն ունի երեք հիմնական բնութագիր՝ տնտեսական անվտանգությունը, ֆիզիկական հասանելիությունը (պարենային ապրանքների ենթակառուցվածք) եւ հենց պարենի անվտանգությունը։

«Երբ ասում են, որ հացահատիկի պարենային անվտանգության հարցը 100 տոկոսով փակել ենք, դա ճիշտ չէ։ Ռուսաստանում մենք հացահատիկի առումով ունենք 100 տոկոսանոց ֆիզիկական անկախություն, դա ճիշտ է, բայց ոչ տնտեսական անվտանգություն»,- ասել է Զլոչեւսկին։

Նրա խոսքով, հացահատիկի տնտեսական հասանելիության հարցը չի կարելի լուծել գների վարչական զսպման միջոցով՝ այդ կերպ ոչնչացվում է արտադրողների մոտիվացիան եւ նրանց արտադրական բազան։ Գնի իջեցումը պետք է լինի մրցակցությունից, գերարտադրության ճգնաժամերից։ Իսկ կարիքավորները պետք է հասցեական օգնություն ստանան գների ուժեղ աճի դեպքում, կարծում է Զլոչեւսկին։