«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տարվա առաջին եռամսյակում ԵՄ-ն Ադրբեջանից 2,1 միլիարդ եվրոյի գազ է գնել

10/07/2022

Անդրադրիատիկ գազատարով (TAP) Ադրբեջանից գազի գնման համար Եվրամիության երկրների ծախսերը 2022 թվականի առաջին եռամսյակում գնահատվել են 2,1 միլիարդ եվրո։ Նման տվյալներ են բերված գազի եվրոպական շուկայում իրավիճակի վերաբերյալ Եվրահանձնաժողովի (ԵՀ) եռամսյակային զեկույցում, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին ամիսներին ԵՄ-ն գազի ներկրման վրա ծախսել է մոտ 78 մլրդ եվրո, որից 26,5 մլրդ եվրոյի համարժեք գազ ստացվել է Ռուսաստանից, 19,2 մլրդ եվրոյի՝ Նորվեգիայից, 5,4 մլրդ եվրոյի Հյուսիսային Աֆրիկայից (Ալժիր եւ Լիբիա), 2,1 մլրդ եվրո՝ TAP-ի միջոցով։ Իսկ Հեղուկ բնական գազի (LNG) տեսքով ԵՄ-ն 2022 թվականի առաջին եռամսյակում գազ է ներկրել մոտ 33 մլրդ եվրոյի չափով։

Զեկույցում նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գազի ներկրումը Ադրբեջանից, նախորդ տարվա 10 ՏՎտժ-ի փոխարեն, հասել է 24 ՏՎտժ-ի՝ կազմելով ընդհանուր մատակարարումների 2,5 տոկոսը:

Անդրադրիատիկ գազատարը Հարավային գազային միջանցքով (SGC) մուտք է ապահովում դեպի ադրբեջանական գազային ռեսուրսներ, ինչը ԵՄ-ի գազամատակարարման անվտանգության քաղաքականության կարեւոր արդյունքն է», - ընդգծել է ԵՀ-ն։

Իտալիայի, Հունաստանի եւ Բուլղարիայի սպառողներին TAP գազատարով ադրբեջանական գազի մատակարարումները սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։

2021 թվականին Ադրբեջանը Եվրոպա է արտահանել 8,2 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակում՝ 2,6 միլիարդ։ Կանխատեսվում է, որ 2022 թվականին Եվրոպա գազի արտահանումը կգերազանցի 10 միլիարդ խորանարդ մետրը։

Գազատարի ընդհանուր երկարությունը 878 կմ է, որից 550 կմ-ն անցնում է Հունաստանի հյուսիսային մասով, 215 կմ՝ Ալբանիայի, 105 կմ՝ Ադրիատիկ ծովով եւ 8 կմ՝ Իտալիայի տարածքով։ TAP-ը SGC նախագծի վերջին բաղադրիչն է՝ ադրբեջանական գազի Եվրոպա մատակարարման ենթակառուցվածքը։

Գազատարը նախատեսված է Շահ Դենիզ հանքավայրից տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր բնական գազ տեղափոխելու համար՝ որպես դրա զարգացման 2-րդ փուլի մաս: Գազատարի թողունակությունը հնարավորություն է տալիս կրկնապատկել դրա այն՝ տարեկան մինչև 20 միլիարդ խորանարդ մետր։

Ծրագրի համասեփականատերերն են՝ SOCAR (20%), BP (20%), Snam (20%), Fluxys (19%), Enagas (16%) եւ Axpo (5%) ընկերությունները։ Ծրագրի արժեքը 4,5 միլիարդ եվրո է։ TAP-ի հիմնարկեքը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 17-ին Հունաստանում: