«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական սոցիալական ցանցերում հայատյացության խրախճանք է՝ բացառիկ ցինիզմով. ՄԻՊ

04/11/2020

ՄԻՊ գրասենյակի աշխատանքը վերջին շրջանում կենտրոնացած է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի ուղղությամբ: Այդ մասին խորհրդարանում 2021 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: 

Նրա խոսքով՝ իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ խոսքը թիրախային հարձակումների մասին է՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բնակչության, խաղաղ բնակավայրերի նկատմամբ, իսկ Արցախի դեպքում, ըստ նրա, փորձ է արվում հասցնել այնքան վնաս, որքան հնարավոր է: 

Թաթոյանը նշեց, որ հակառակորդի թիրախում են հայտնվել Հայաստանի հատկապես երկու մարզերի՝ Գեղարքունիքի ու Սյունիքի խաղաղ բնակավայրերը, ցավոք, կան զոհեր և վիրավորներ: 

ՄԻՊ-ն ասաց, որ ինտենսիվ աշխատում են Արցախի ՄԻՊ գրասենյակի հետ՝ նաև փաստահավաք առաքելության շրջանակում: «Այս ամենի ետևում պետք է գտնել իրական դրդապատճառները, մոտիվները, նպատակները: Թիրախային, զինված հարձակումները խաղաղ բնակավայրերի նկատմամբ՝ արգելված զինատեսակներով՝ սկզբում կասետային ռումբերով, հիմա արդեն քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զենքերով ակնհայտ են դարձնում Ադրբեջանի նպատակը՝ վնաս հասցնել բնակիչներին և քաղաքացիական օբյեկտներին»,- ընդգծեց Թաթոյանը:

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանում հայատյացությունն ունի պետական աջակցություն, խրախուսվում է քաղաքական բարձր մակարդակով, պատերազմական օրերին ատելությունը դրսևորվում է դաժան տեսանյութերի տարածմամբ՝ մասնավորապես հայ ռազմագերիների նկատմամբ: «Ադրբեջանում ատելությունը սկսվում է քաղաքական գործիչներից ավարտվում մշակույթի գործիչներով, այն խրախուսում են, հրճվում, գովերգում, սոցիալական ցանցերում խրախճանք է՝ բացառիկ ցինիզմով»,- ընդգծեց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ սա արվում է  բարոյահոգեբանական տիրույթում առավելություն ձեռք բերելու նպատակով: 

Թաթոյանը հայտարարեց, որ հստակ է՝ Ադրբեջանն իրականացնում է պատերազմական հանցագործություններ՝ Սիրիայից բերված վարձկան-ահաբեկիչների ձեռամբ:  

ՄԻՊ-ը հայտարարեց, որ հետևողական են լինելու, բարձրաձայնելու են բոլոր խնդիրները միջազգային կառույցներում: