«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Այրըն Մայնինգ Սի Էյ» ՍՊԸ-ն համայնքներին հողի հարկը չի վճարում

20/04/2021

Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը դատական գործընթաց է սկսել «Այրըն Մայնինգ Սի Էյ» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով հարկադիր կարգով դադարեցնել համայնքի տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ ընկերության սեփականության իրավունքը:
«Այրըն Մայնինգ Սի Էյ» ՍՊԸ-ն համայնքի տարածքում ունի 64 միավոր, ընդհանուր՝ 1270,5 հա հողամաս, որոնք արոտավայրեր են: Գագիկ Պալյանի խոսքով՝ ընկերությունը 4 տարուց ավելի է՝ չի վճարում հողի հարկը, մեծ ապառքներ են գոյացել: Այդ հիմքով էլ հարկադիր կարգով հողերի նկատմամբ ընկերության սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջ է ներկայացրել:
Ըստ համայնքապետի՝ ընկերության հողի հարկի մեկ տարվա գումարը 1 մլն 30 հազար դրամ է: Դրան ավելացել են տույժ-տուգանքները:
«Այրըն Մայնինգ Սի Էյ» ՍՊԸ-ն հողի հարկի պարտավորությունը չի կատարել նաև նույն մարզի Մարգահովիտ համայնքում: Մասնավորապես, դեռևս 2020թ. հոկտեմբերի 15-ին համայնքապետը որոշում է կայացրել «Այրըն Մայնինգ Սի Էյ» ՍՊԸ-ին հողի հարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին:
Ըստ այդ որոշման՝ ընդհանուր 1103.7 հա մակերեսով հողամասերը հանդիսանում են «Այրըն Մայնինգ Սի Էյ» ՍՊԸ-ի՝ ի դեմս տնօրեն Էդուարդ Մելիքյանի սեփականությունը: Հողամասի համար վճարման ենթակա հարկը կազմել է 8 մլն 791 հազար դրամ, որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով առաջացել է տույժ՝ մոտ 4 մլն դրամի չափով: 
Մարգահովտի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020թ. հոկտեմբերի 9-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել, սակայն չի ներկայացել ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մելիքյանը: Ուստի, համայնքապետը որոշել է Էդուարդ Մելիքյանից Մարգահովիտ համայնքի բյուջե գանձել 12 մլն 848 հազար դրամ:

Մարգահովտի համայնքապետ Սամվել Անանյանն ասաց, որ մինչ օրս «Այրըն Մայնինգ Սի Էյ» ՍՊԸ-ն չի կատարել իր հարկային պարտավորությունը, ուստի այն ուղարկել են հարկադիր կատարման:
Սամվել Անանյանի խոսքով՝ 5 տարուց ավելի է, ինչ ընկերությունը հողի հարկը չի վճարում, իրենք էլ չեն կարողանում համայնքային բյուջեի պլանը կատարել: 
«Այդքան գումարը որ վճարեին, սուբվենցիոն ծրագրերին մասնակցել ենք, 2-ի փոխարեն 3 ծրագիր կիրականացնեինք, բայց չեն վճարում»,- ասում է Ս. Անանյանը:
«Այրըն Մայնինգ Սի Էյ»-ին պատկանող հողամասերն արոտավայրեր են, գտնվում են սարերում:
«Կարող ա նույնիսկ տեղն էլ չգիտեն: Առել են ու մնացել է: Բանավոր խոսակցություն կար, որ պիտի դահուկային սպորտ զարգացնեին, բայց մի քանի տարի վճարեցին ու էլ չեն վճարել»,- հավելեց Մարգահովտի համայնքապետը:
Էդուարդ Մելիքյանը պատահական մարդ չէ: «Հետքը» գրել էր, որ Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակին կից 33-րդ թաղամասի կառուցման համար կառավարությունը 2008-ին «Ֆիրդուս»-ի տարածքը բացառիկ գերակա շահ է ճանաչել:
2018թ. մարտի 22-ին, դեռևս պաշտոնավարող Կարեն Կարապետյանի գլխավորությամբ նոր որոշում է կայացվել: Այդ որոշմամբ նույն օրը, նույն անձի կողմից հիմնադրած 18 ընկերություններ դարձել են 33-րդ թաղամասում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների սեփականատերեր: 18 ընկերությունները հիմնադրվել են 2015թ. մայիսի 5-ին՝ Էդուարդ Համլետի Մելիքյանի կողմից, որոնց մեծ մասից 1,5 ամիս անց նա դուրս է եկել:
«Այրըն Մայնինգ Սի Էյ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007-ին: 50-ական տոկոս բաժնեմասով ընկերությունը պատկանում է լիբանանցի գործարարներ Մուսսա Ֆաթթուչին և Պիեռո  Միչել Ֆաթթուչին: Վերջիններս յուրաքանչյուրը 10-ական տոկոս բաժնեմաս են ունեցել «ՄՏՍ Հայաստան» ընկերության միակ բաժնետեր «Արամայո Ինվեստմենթս Լիմիթեդ» ընկերությունում, որն օտարելու համաձայնությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տվել է 2019թ. հուլիսին:
«Այրըն Մայնինգ Սի Էյ» ՍՊԸ-ի տնօրենը հիմնադրման օրվանից Էդուարդ Մելիքյանն է:
«Հետքը» փորձեց պարզաբանում ստանալ նաև Էդուարդ Մելիքյանից, սակայն ապարդյուն. հեռախոսազանգերին պատասխանող չկար: