«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՐՑԱԽՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՔՆՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

31/07/2023

Արցախի ներքաղաքական վիճակը, որն ուղիղ կերպով  ազդում է ՀՀ  ներքաղաքական վիճակի վրա, արդեն բավական ժամանակ է, ինչ  չի փոխվում  և դժվար է պնդել, որ կփոխվի։ Այն կցանկանայինք դիտարկել  երկու տեսանկյունից՝  քաղաքական և  հումանիտար։

Առաջին․ Արցախի քաղաքական իրավիճակը  բարդ է և անորոշ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տեղի իշխանությունները չեն գնում քաղաքական լուծումների սեփական հնարավորություններից  ելնելով, այլ՝ որդեգրել են այնպիսի մի ընթացք, որը չի տարբերվում  ՀՀ իշխանությւոնների ընթացքից։  Նրանք ապավինում են միջազգային հանրությանը, որն իր սնանակությունը վաղուց է արդեն ապացուցել, մեղադրում են ռուս խաղաղապահներին և Նիկոլ Փաշինյանին, որն Արցախը հայտարարությամբ ճանաչելով  Ադրբեջանի մաս, հանգեցրեց այս ամենին։ Հարկավ, նա եթե այդ հայտարարությունը չաներ էլ, ոչինչ չէր փոխվի, որովհետև Ադրբեջանը առանց դրա էլ  անելու էր նույնը, հատկապես ելնելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը սևեռված լինելով առավել  բարդ խնդիրների վրա, ակամա թույլ տվեց  ադրբեջանական կողմին՝ խախտել  այն ստատուս  քվոն, որն հաստատվել էր  նոյեմբերի 9 – ի համաձայնագրով։  Հավաքական Արևմուտքը փաստորեն պատերազմ հայտարարելով Ռուսաստանին, դեռևս շարունակում է փորձել այս տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, հօգուտ Ադրբեջանի լուծել  Արցախի հարցը, որը կնշանակի ռուս խաղապահների այնտեղից հեռացում։ Ռուսները ինչքան էլ հայտարարեն, որ իրենք  կողմ են Արցախի՝ Ադրբեջանին մաս կազմելուն, ապա ներքուստ նրանք այն սկզբունքով են առաջնորդվում, որ ամեն կերպ ձգձգեն նման լուծումը, որովհետև իրոք անիմաստ կլինի նրանց՝ ուկրաինական հակամարտությունում հնարավոր հաղթանակը, եթե կորցնեն այս տարածաշրջանը։ Այդ մասին էլի ենք խոսել։ Բայց այստեղ կարևորն այն է, որ նրանք հիմա ամենևին չեն գնա կոշտ գործողությունների ադրբեջանցիների հետ՝  միջանցքը բացելու համար, քանի որ իրավիճակի սրումը չի բխում  նրանց այստեղ  նոր կրակներ բորբոքել  խուսափելու ցանկությունից։ Պատկերացնենք մի պահ, որ ռուսները զոռով բացում են միջանցքը։ Ի՞նչ կարող է հետևել  դրան։ Ադրբեջանի կողմից դիմակայությունը, Արևմուտքի միջամտությունը և պատերազմը այս ճակատում ևս ռուսների դեմ՝ հօգուտ Ադրբեջանի։  Ոմանց կարող է թվալ, թե տարօրինակ բան ենք ասում, բայց ինչու՞։ Արևմուտքը կարող է Ուկրաինայում դե ֆակտո կռվել ռուսների դեմ, իսկ այստեղ Ադրբեջանի օգտին կռվել  չի՞ կարող  ի՞նչ է։ Ռուսների նման մարտավարությունն այստեղ կարող է ձգձգվել մինչև  ուկրաինական հակամարտության ավարտը, որը քանի դեռ չի ավարտվել, Ալիևը կփորձի իրենով անել  Արցախը։ Ամենօրյա հայտարարությունները միջանցքի բացման առումով, հումանիտար աղետը բացառելու մասին Արևմուտքի բազում հայտարարություննները, <<անտեղյակ>> դեսպանների  Հագարիի մոտ գնալ - գալը, վկայում են մի բանի մասին՝  նրանք են տվել ներքին համաձայնությունը՝ փակելու կամուրջը, Ալիևը, ինչպես ճշտորեն հայտարարեց, լավ գիտի, որ հայերին ոչ մի երկիր կոնկրետ օգնություն չի տալու, պետք է, ուրեմն, արցախցիներն  իր ցանկությամբ առաջնորդվեն։ Բայց նա վերջերս Շուշիում մի շատ հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ, այն է՝ Փաշինյանը հայտարարությամբ ճանչում է Արցախը Ադրբեջանի մաս, բայց չի ստորագրում այդ մասին խաղաղության փաստաթուղթը, քանի որ  պահանջում է, որ Ալիևը կետ մտցնի այնտեղ Արցախի հայության իրավունքների և անվտանգության ապահովության մասին, որին ինքը երբեք չի համաձայնվի։ Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Քաղաքական առումով ամենաճիշտ լուծումը թերևս այն կլիներ, որ հայ զինական ուժերը այս կողմից, իսկ Արցախի պաշտպանության բանակն այն կողմից հարձակվեին և բացեին կյանքի ճանապարհը, բայց դա  ամենաբացառված տարբերակն է քանի որ ՀՀ –ն  Արցախին է թողել  իր կարգավիճակի ընտրության հարցը Բաքվի հետ, միայն ահազանգելով հումանիտար աղետի մասին։

Այնպես, որ քաղաքական կամ ռազմական առումներով  լուծումը հիմա բացառված է։

Երկրորդ, հումանիտար  տեսանկյունից նույնպես խնդիրը մտել է փակուղի, որովհետև անհասկանալի է, թե ինչ է անում Արայիկ Հարությունյանը, որը մեկ շաբաթ վրանում   նստելուց հետո Արցախն հայտարարեց աղետի գոտի։ Իշխանակության քաղցր բեռն է ստիպում  նրան դա անել, անճարակությու՞նը, թե՞ քաղաքական լիդերի համար անհրաժեշտ հատկանիշներից զերծությունը։ Կարծում ենք, որ բոլորը միասին։ Ռուբեն Վարդանյանը, որն անընդատ  խոսում է  արցախցիների անկոտրում ոգուց, դժվար է հասկանալ, թե ինչ է  անում։ Այս օրհասական իրավիճակում   ինչ որ եկեղեցի է ոնց որ նորոգում, ընտրությունների է մասնակցում  և ոչ մի խելացի լուծում։ Թերևս խելացի լուծում է  առաջարկում  Սամվել Բաբայանը, լինելով ադրբեջանցիների հետ խոսելու կողմնակից,  բայց այսօր նրա բռնած դիրքը չի հասել ընդհանրության։ Ցավով պետք է մատնանշել, որ եթե այս իրավիճակը երկար շարունակվի, Արցախում կարող է սկսվել  անիշխանություն,  քանի որ եթե քաջություն ունենանք խոստովանելու, որ այնտեղ, որտեղ քաղաքական ղեկավարությունը չի կարողանում լուծել հացի խնդիրը, ժողովուրդին ոչ հայրենիք է հետաքրքում, ոչ հող, ոչ էլ բոցաշունչ ճառեր։ Տարբեր ուժեր կտարանջատվեն և խնդիրներ կլուծեն՝ ինչպես պատահի։ <Հաց>> ահա այն բառը, որը  չի իջնում մանուկների շուրթերից։ Թող ոչ մեկը հայրենասիրկան դասեր չտա, միտինգներ չանի՝ արտահայտելու համար իր մտքի գոհարները, Արցախն օգտագործի որպես պատրվակ իշխանության հասնելու համար, որը տևական գործընթաց է դարձել Տեր- Պետրոսյանի ժամանակներից։ Այժմ պետք է լուծել հացի խնդիրը, որը  ամենակարող ԱՄՆ-ն և Արևմուտքը և Ռուսաստանը  չեն անում։  Ինչպես այլ առիթով նշել ենք, արցախյան  մեծհարուստներ ելք գտեք, կաշառեք խաղապահներին, սնունդ հասցրեք, ինչի վրա եք ծախսում  ձեր միլիարդները, որոնք  բանկերում դրված տոկոսներ են բերում։

Կրկնում ենք՝ թող ոչ մեկը մեզ հայրենասիրության դասեր չտա, բայց ներկա իրավիճակից դուրս գալու ճիշտ քայլը մնացել է Աղդամով սնունդ ստանալը։ Փորձել  է պետք և լավ է վաղ, քան  թե ուշ, փորձել է պետք, քանի դեռ ռուս խաղաղապահներն Արցախում են։ Դա միգուցե հիմք հանդիսա Բաքվի հետ խոսելու համար։ Ստացեք Աղդամով հացը, փրկեք ժողովրդին, թեկուզ և պայման դնելով, որ նրան թույլ տան նաև Լաչինի միջանցքով բեռներ ստանալը կամ բանակցելու համար միջազգային հարթակ ձևավորելու։ Անցյալից բավ է խոսենք, մեր ձախորդությունների պատճառներին պետք է նայենք շղթայական, 1998թ․ սկսած, պետք է ներկան ճիշտ հասկանալ։ Ինչքան միջնորդներ մեջ գցենք, այնքան կկորցնենք։ Վերջապես հասկանալ է պետք։ Վաղն արդեն ուշ կլինի։

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի  ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյան