«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արայիկ Հարությունյանի հրաժարականի հնարավոր պատճառները. Աշոտ Ներսիսյան

02/09/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Մենք մեր նախորդ վերլուծականում(Արցախը քաոսի մեջ է) փորձելով վերլուծել Արցախի ներքաղաքական վիճակը, չէինք բացառել, որ նրա նախագահը կարող է հրաժարական տալ: Այսօր նա հրաժարական տվեց: Այդ հրաժարականն,ըստ մեզ, պետք է բացատրել հետևյալ պատճառներով.

1. Արայիկ Հարությունյանին ցանկացավ շարքից հանել ղարաբաղյան կլանը, որը հանուն դրա ԱԺ նախագահ դրեց այնտեղ ամենփոքրաթիվ ուժը կազմող ՀՅԴ ներկայացնող Դավիթ Իշխանյանին, որը նաև այդ կուսակցության բյուրոյի անդամ է և որի կուսակցությունը Հայաստանում ձգտում է իշխանափոխության: Մի բան, որն անհնար լինելով այստեղ, հնարավոր եղավ Արցախում, քանի որ տեղի կլանը այնտեղ դեռ ուժեղ է: Թերևս ճիշտ են այն տեսակետների հեղինակները, որ տեղի իշխանափոխության ավարտից հետո, ծրագիր կա նույնն իրականացնել այստեղ, որը չենք կարծում, որ հնարավոր է:

2. Արայիկ Հարությունյանն ապրում էր քաղաքական դուալիզմ, ընտրել Ադրբեջանի հետ երկխոսության ելքեր որոնելու գիծը, թե միայն ապավինել միջազգային հանրությանը: Առաջին գիծն ընտրելը նրա համար դյուրին չէր, որովհետև նրա ընդդիմադիրները, բացի Սամվել Բաբայանից, համենայն դեպս, դա համարում էին դավաճանություն: Բայց, ինչպես վկայեց Վահրամ Աթանեսյանը, Դավիթ Իշխանյանն անցել է Ասկերան, որպեսզի ռուս խաղաղապահներին չնեղացնելու համար, նրանց միջոցով ստանա Աղդամով առաջարկվող հումանիտար բեռները: Այսինքն, սա նշանակում է, որ ինչում կարող էին մեղադրել Արայիկին,նույնը փորձում են անել իրենք: Վահրամ Աթանեսյանը, որը սթափ դատող հազվագյուտ անձանցից է, նաև նշեց, որ նախանցյալ օրը անհայտ մի բարերար 3 կգ գառան և տավարի միս է բաժանել ստեփանակերտցիներին: Սա հաստատ Արայիկին դեմ ուժերի քայլ է եղել: Մի խոսքով, ամեն ինչ արել են ընդդեմ նախագահի:

3. Արայիկ Հարությունյանը ճակատագրական սխալ թույլ տվեց իրենից վանելով Սամվել Բաբայանին, որին Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելուց հետո, պետք է նշանակեր պետնախարար: Այս քայլն անելով նա կուժեղանար, քանի որ Բաբայանն ինքնին ուժեղ դեմք է և ներկա իրավիճակում սթափ դատող:

Բայց, ջինը արդեն շշից բաց է թողնվել և կարծում ենք, որ Ազգային ժողովը կհաստատի նրա հրաժարականը:

Կարևորն այն է, թե ինչ կլինի դրանից հետո: Նոր ուժերը չունեն այլ քայլ, քան անելու այն,ինչ կպահանջի միջազգային հարությունը, այսինքն`խոսել Բաքվի հետ: Իսկ Բաքվի հետ ՀՅԴ-ն, եթե գա իշխանության, դժվար խոսի, եթե բացառենք դավադրական տեսությունները: Մի բան ակնհայտ է, որ միջանձնային հարաբերությունները արգելք են հանդիսանում Արցախի հստակ արտաքին դիրքորոշմանը: Այս ամենի հետնախորքի վրա այսօր տեղի ունեցավ Սոթքի սադրանքը: Պատահակա՞ն էր սա արդյոք: Անշուշտ, ոչ: Ալիևը սադրե՞ց: Ոչ: Մենք կարծես թե չափից ավելի ենք գնահատում այս անձի կարողությունները: Մեր խորին համոզմամբ, նա հրամայում է կրակել, երբ ականջին փսփսում են մեծ խաղացողները: Ֆրանսիայի ակտիվացումը մեր վրա ծանր նստեց: Վերջում մեզ էլ, Ադրբեջանին էլ ցույց են տալու երեք մատների կոմբինացիան: Չնայած, ընդհանուր առմամբ, մինչև հիմա էլ դա թե մեզ, թե նրանց երբեմն - երբեմն ցույց են տալիս: 44-օրյայում Ադրբեջանի հաղթանակն այս առումով սրա հակառակը պնդելու լիարժեք հիմք չէ: Ռուսները ոչ այստեղից կգնան,ոչ էլ Արցախից, բայց հարցի էական կողմն այն է, որ Արցախում նրանք չմնան, այն ապակենտրոն կառույց դարձնելով Ադրբեջանում: Հայերը Արցախում պետք են թե նրանց և թե Արևմուտքին որպես բլիթ կամ մահակ: