«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր երկրում կորոնավիրուսի ռիսկերն անսահման են. դասերի վերսկսումը բարձրացման միտում չի առաջացնի

02/12/2020

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։

– Պարոն Մկրտչյան, դեկտեմբերի 7-ից 5-12-րդ դասարանների սովորողների համար կվերսկսվի առկա ուսուցման գործընթացը: Ուղեցույցով սահմանված սահմանափակումները, ինչպիսին է գրատախտակի մոտ կանչելու արգելքը, չեն գործի՝ բացառությամբ 20 և ավելի սովորողների դեպքում դասարանը խմբերի բաժանելու և, ըստ այդմ, ուսումնական պրոցեսը կազմակերպելու մասին դրույթի։ Արդյոք կորոնավիրուսի ալիքը չի՞ բարձրանա նորից։ Ռիսկեր չկա՞ն։

– Ճիշտն ասած, մեր հանրապետությունում ռիսկերն անսահման են, և դասերի վերսկսումը ուսումնական հաստատություններում բացարձակ բարձրացման միտում չի առաջացնի։ Հիմա համաճարակի տարածումը շատ մեծ է հանրապետության ողջ տարածքում։ Վերջին մեկ շաբաթում որոշակի նվազման միտում կա, եթե մինչև 50 տոկոս բարձրացել էր վարակվածների մակարդակը, հիմա ունենք 35-40 տոկոսի ցուցանիշ ընդհանուր թեստավորումներից։ Այս միտումը կպահպանվի դեկտեմբերին։ Այնպես որ, դպրոցների վերսկսումը մեծ ազդեցություն չի ունենա թվերի ցուցանիշի վրա։ Միակ բանը, որ մտահոգիչ է, մահերի դեպքերի բարձր լինելն է, հուսանք, որ նվազման միտումներ կնկատենք։

– Կարծում եք՝ առողջապահական համակարգի խնդի՞րն է, որ այդքան մարդ է մահանում։

– Դժվար է ասել, քանի որ ամեն մի մահվան դեպք իր յուրահատկությունն ունի՝ կապված տարիքային խմբի, զուգորդող հիվանդությունների հետ։ Եվ մինչև հատուկ հետազոտություններ չանցկացվեն, թե որ մահերն էին հնարավոր կանխարգելել առողջապահական միջամտությամբ, չենք կարող ասել։ Առողջապահական համակարգը մնում է շատ պասիվ այս հիվանդության կանխարգելման գործընթացում։ Մեծամասամբ առաջնային բուժօգնության համակարգը պետք է ճկուն գործի, հեռահար խորհուրդներով մարդիկ կարող են ապաքինվել, և բարդացման դեպքեր չունենանք։ Երկու դեպքեր ունենք՝ երբ վաղաժամ բժշկին չեն դիմում։ Կա տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ, որն էլ  հենց տան պայմաններում պետք է ապահովի բուժօգնություն։ Հոսպիտալացնելու պահն էլ չպետք է բաց թողնել, դա էլ ընտանեկան բժիշկը  պետք է որոշի։ Ֆինանսական միջոցների ուղղումը պետք է լինի դեպի առաջնային բուժօգնության համակարգ։

– Կորոնավիրուսը բռնկվել է Վրաստանում, թեև ամենասկզբից նշվում էր, որ Վրաստանն է կարողանում հաջողությամբ պայքարել կորոնավիրուսի դեմ։ Ի՞նչ է պատճառը։

– Այս ամիսների ընթացքում մի քանի անգամ հարցադրումներ են եղել. եթե հիշում եք, ես ասում էի՝ եկեք կամ չմեկնաբանեմ, կամ ժամանակը ցույց կտա: Այն երկրները, որոնք ամբողջական փակվել են, լոքդաուն հասկացության մեջ են եղել, բացվելուց հետո վարակը կայծակնային տարածվում է,  ահավասիկ Վրաստանը։  Վրաստանում արդեն տեսանք, որ կանխարգելիչ միջոցառումներն իրենց արդյունքը չեն տալիս, ավելին՝ բացասական ազդեցություն են թողնում, մասնավորապես տնտեսությունն է փլուզվում փակվելու հետևանքով, և բացվելուց հետո խոցելի զանգված ենք ունենում, որ վարակվում է և տարածում հիվանդությունը։ Տարօրինակ է, որ  մեկուկես միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում ընդամենը 85-90 հազար հիվանդ կա։

– Կարծում եք՝ պետք է անցնել բնականոն կյանքի՞, ուսումնական հաստատությունները պետք է բացվե՞ն և առանց սահմանափակումների՞։

– Իհարկե, բնականոն կյանքի անցնելը հնարավորություն է տալիս տնտեսության պահպանմանը։ Այստեղ անհրաժեշտ է, որ առողջապահական ծառայությունները «ագրեսիվ» լինեն առաջնային բուժօգնության համար։ Աշխատանքի արդյունավետության բարձրացման համար որոշակի միջոցառումներ են անհրաժեշտ։

Մեզ մոտ դեպքերը կտրուկ աճեցին պատերազմի ժամանակ, քանի որ մեծ ծավալների միգրացիոն տեղաշարժեր տեղի ունեցան բնակչության մեջ, մոռացվեցին կանխարգելման միջոցառումները։ Եվ միգրացիոն պրոցեսների ժամանակ մոռացանք թե՛ դիմակ կրել, թե՛ սոցիալական հեռավորություն պահպանել, նաև բնակչությունը շատ հանգամանքներից ելնելով ստիպված էր դա չօգտագործել։ Նպաստող պայմանները պատերազմական գործողությունների ընթացքում շատ էին, դրա համար կտրուկ աճեցին դեպքերը։