«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ  ԽԱՆՁԱՐՈՒՐԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼԻՍ․ ՊՐՈՖԵՍՈՐ ՆԵՐՍԻՍՅԱՆ

29/01/2022

     ՀՀ  քաղաքական միտքը ճահճի մեջ է և դեռևս այնտեղից դուրս գալու մտադրություն չունի: Պատճառը մեկն է՝ հայ քաղաքական մտքի կրող կուսակցություններն ու կազմակերպությունները, ինչպես նաև ազդեցիկ և հայտնի անհատները լծված են մի գլխավոր նպատակի՝ ապացուցել, որ իրենք ավելի խելոք և ճիշտ են, քան մյուսները: Արցախյան երկրորդ պատերազմից հետո այդ միտումը նոր թափ առավ, մեծացավ և շարունակում է մնալ: Խելացի մարդիկ վաղուց գիտեին, թե ինչ կարելի էր անել, որպեսզի պատերազմը չսկսվեր, անցյալ դարի վերջերից հասկանում էին, որ այս խնդիրը պետք է լուծում ստանա: Առաջին նախագահից հետո, որը թերևս միակն էր, որ հայտարարեց փոխզիջման անհրաժեշտության մասին մեր ավելի շահեկան դիրքերում լինելու պայմաններում, թե՛ երկրորդ և թե՛ երրորդ նախագահները նույնպես բանակցել են նույն տարբերակով, ավելին՝ ավելի մեզ համար աննպաստ, բայց ժողովրդի առաջ խոսել են հաղթանակներից և չզիջելուց: 2018թ. հեղափոխությունից հետո մինչև պատերազմը նրանք լռել են, բայց պատերազմից հետո, օրինակ երրորդ նախագահը հայտարարեց, որ ինքը եթե մնար վարչապետ, ապա՝ ստորագրելու էր Կազանյան փաստաթղթի տակ: Երկրորդ նախագահը, որը բանակցում էր տարածքների փոխանակման ծրագրի հիմքով, բանակցում էր ընդհանուր պետություն/Արցախն Ադրբեջանի հետ միասին/ կազմավորելու ծրագրի հիմքով, այն ժամանակ լռում էր այդ մասին, իսկ հիմա ասում է՝ Ադրբեջանն անընդհատ խստացնում էր պահանջները: Եվ նա կստորագրեր, եթե Ադրբեջանը համաձայնվեր կամ ինչ որ ուժեր չխանգարեին: Գանք ներկայիս վարչապետին: Իշխանության գալով նա հակասական արտահայտվեց Արցախյան խնդրի շուրջը, բանակցությունները դադարեցվեցին, բայց եթե շարունակվեին էլ՝ դարձյալ գրեթե նույն՝ փոխզիջումների հիմքի վրա: Պատերազմը, որից կարելի էր խուսափել, եթե չընդդիմանային առաջին նախագահին և հողերը տալու պատճառաբանությամբ չհեռացնեին նրան, վաղուց հեռացած կլիներ մեր դռներից: Բայց հայտնի կարգախոսը շրջանառվում էր՝ հող տալը դավաճանութուն է: Ո՞վ տվեց հողերը, պատերազմ կլինե՞ր, եթե չլիներ իշխանփախությունը, մնար Սերժ Սարգսյանը, ո՞վ դավաճանեց կամ ովքե՞ր դավաճանեցին: Այս և նման հարցերի պատասխանների որոնումն արդեն վաղուց պետք է անցներ իրավական դաշտ և հայ քաղաքական միտքը միավորվեր մի ընդհանուր նպատակի շուրջը: Բայց դա անհնար է և այն պատճառով, որ մենք մնում ենք և բավական տևական ժամանկ դեռ կմնանք մեկս մյուսի սխալները վեր հանելու և սեփական անսխալականությունն ապացուցել փորձելով գործելու տրամաբանության մեջ, որը ոչ մի կոնկրետ արդյունքի չի հանգեցնելու: Հայ ամբողջ ներքաղաքական կյանքը հիմնված է մեկ «կարևոր» ցանկության վրա՝ իշխանությունները պետք է հեռանան, նրանք դավաճան են: Սա ընդդիմադիր ճակատի դիրքորոշումն է: Իսկ իշխանական ճակատինն է՝ դուք բերեցիք հանգեցրիք վերջին ողբերգություններին: Շատ լավ, ենթադրենք, թե երկու կողմն էլ ճիշտ են, բայց ո՞րն է կարծես թե հավերժական դարձած այս երկու դիրքորոշումներից ելքը: Ոչ մեկը չի կարող սպառիչ պատասխան տալ այս հարցին: Սա ամուլ ճանապարհ է: Որոշ ընդդիմադիրների լսելիս այն տպավորությունն ես ստանում, որ կարծես թե հօգու խորքում ուզում են, օրինակ, Զանգեզուրով միջանցքը, կրակոցներ սահմաններին, նոր աղետներ և ողբերգություններ: Էլի ենք շեշտել՝ եթե քննադատում ես, ներկայացրու քո այլընտանքը մեր քաղաքական ուղու վերաբերյալ, ներկայացրու՝ ինչպե՞ս ես հետ բերելու գեթ Շուշին և Հադրութը: Ոչ մեկից սրա պատասխանը չենք լսել: Հայ քաղաքական մտքի հիմքում ներքաղաքական առումով ընկած է հետևյալը՝ դուք դավաճան եք, պետք է հեռանաք, արտաքին քաղաքական մտքի՝ Արևմուտքի հետ պետք է լինենք կամ Ռուսաստանի: Դեռ չի հասկացվում մի պարզ ճշմարտություն, որ քեզանից չի կախված, թե ու՞մ հետ ես լինելու: Այս պարզ ճշմարտությունը ով չի հասկանում, նա կապ ունի մութ ուժերի հետ: Քանի դեռ չի գիտակցվում, որ բոլորն են եղածի համար մեղավոր, քանի դեռ չի հնչում ինքնախոստովանանքը՝ մեր ականջը հասանելի է այն քաշել ուզողներին: Արցախի խնդրում բոլոր նախորդներին հողեր տալու մեջ մեղադրողները, իրենք իսկ բանակցելով հողեր տալու համար, փաստորեն նրանցից չտարբերվեցին: Ահա այստեղ պետք է որոնել մեր ձախորդությունների գլխավոր պատճառը: Մնացյալները երկրորդական են: Եթե գնում, բանակցում ես հողեր զիջելու համար, իսկ ժողովրդին հակառակն ես ասում, ուրեմն դավաճան ես: Եթե մեղադրում ես հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման համար, այն դեպքում, երբ ժամանկին ինքդ ես ասել, որ պատրաստ ես բանակցել թուրքերի հետ առանց նախապայմանների, ուրեմն՝ սեթևեթում ես: Դարձյալ օրինակներ կարելի է բերել, բայց դրանցից ինչ օգուտ: Չկա հավաքական կամք և միասնություն, կա իշխանությունը պահելու և այն խլելու ձգտում: Եթե եկար իշխանության՝ ի՞նչ նոր բան ես անելու: Պարզաբանիր հասկանանք: Եվ այսպես լողում ենք անղեկ և անառագաստ, անմիաբան և իրարամերժ: Իսկ միթե իրար մերժելով՝ կարող ենք չեզոքացնել մեր թշնամինների հակահայ դիրքորոշումները: Այս պարզունակ հարցի պատասխանը կարծես թե չգիտենք: Այնպիսի իրավիճակ է, որ որևէ մեկը չի կարող ուրվագծել ՀՀ քաղաքական ապագան, որովհետև  խանձարուրից դուրս չի գալիս հայ քաղաքական միտքը:

Հեղինակ՝ պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյան