«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ընդդիմադիրները ճիշտ կանեն չմասնակցելու որոշումը վերանայեն և լինեն հակակշիռ ստեղծված հանձնաժողովում

12/02/2022

Խորհրդարանական ընդդիմադիրները ճիշտ կանեն չմասնակցելու որոշումը վերանայեն և լինեն հակակշիռ արդեն ստեղծված հանձնաժողովում` ներկայացնելով բոլորին մտահոգող հարցերն ու ստուգման ենթարկեն իրենց կողմից անդադար բարձրաձայնված բացահայտումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով նրան, որ ընդդիմությունը հրաժարվել է  մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքնները քննող հանձնաժողովի աշխատանքներին:

«Երեկ տեղեկացանք, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում 44-օրյա պատերազմի հարցերը քննող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Մի կողմից, իհարկե պարզ էր, որ ընդդիմությունն այդտեղ չէր կարող մեծամասնություն ունենալ։ Ինքս էլ ժամանակին (2014թ) դեմ եմ արտահայտվել սահմանադրական այդ կարգավորմանը, որ անվտանգության հարցերով քննիչ հանձնաժողովը կարող է միայն ստեղծվել ԱԺ համանուն մշտական հանձնաժողովի կազմով ու կարգավիճակով: Առաջարկս այդպես չգրելու սահմանադրության փոփոխված տեքստը կտրուկ մերժվել է ամենաբարձր մակարդակով:

Սակայն անգամ այս կազմով մասնակցության պարագայում, ընդդիմությունը հնարավորություն էր ունենալու դռնփակ ռեժիմով բանակցային գործընթացի, պատերազմի վարման, սպառազինության վերաբերյալ ու իր ցանկացած այլ հարցերն ուղղել հանձնաժողովի նիստերին հրավիրված անձանց, որոնց թվում կարող են և պետք է լինեն նախկին նախագահները, գործող և նախկին վարչապետները, ԱԳ նախարարները, ՊՆ նախարարները, ԱԱԾ տնօրենները, ԳՇ պետերը, այլ բարձրաստիճան զինվորականներ և այլն։

Ընդդիմությունը կարող էր քննության արդյունքներով ներկայացնել նաև հատուկ կարծիք, որը նույնպես կկցվեր քննիչ հանձնաժողովի հիմնական զեկույցին:

Այսպիսով, այս պրոցեսին ընդդիմության չմասնակցությունը ևս մեկ բաց թողնված հնարավորություն է, որն այլ խողովակներով կամ այլ գործընթացներով չի կարող լրացվել կամ փոխարինվել:

Խորհրդարանական ընդդիմադիրները ճիշտ կանեն չմասնակցելու որոշումը վերանայեն և լինեն հակակշիռ արդեն ստեղծված հանձնաժողովում` ներկայացնելով բոլորին մտահոգող հարցերն ու ստուգման ենթարկեն իրենց կողմից անդադար բարձրաձայնված բացահայտումները»,- գրել է նա: