«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որոնք են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման ռազմավարական ուղիները

24/01/2022

 

Generalnews.am-ի հյուրն է ՀՊՏՀ <<Ամբերդ>> հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, ՀՊՏՀ և ՀՀ ՊԿԱ դասախոս, տ․գ․թ․, դոցենտ Գայանե Թովմասյանը։

- Ի՞նչպիսին է զբոսաշրջության արդի վիճակը մեր երկրում։

- Ինչպես գիտենք, վերջին տարիներին զբոսաշրջությունը մեր երկրում դրսևորել է աճի միտումներ։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, ոլորտի աճը խաթարվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019 թ. ՀՀ է ժա­մա­նել 1894377 զբոսաշրջիկ (2018 թ. համեմատ աճելով 14.7%-ով)։ 2020 թ․ համավարակի պայմաններում ՀՀ ներգնա զբոսաշրջային այցե­լու­թ­­­յուն­ների թվաքանակը կազմել է 375216՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 80%-ով: Ըստ ՍԷԿՏ-ով ստացված տվյալների՝ 2021 թ․ առաջին եռամսյակում ՀՀ է այցելել 86524 ներգնա զբոսաշրջիկ, երկրորդ եռամսյակում՝ 152739, երրորդ եռամսյակում՝  370512, ըստ նախնական տվյալների՝ չորրորդ եռամսյակում՝ 273623 մարդ։ Այսինքն կարելի  է ասել, որ ըստ նախնական տվյալների 2021թ․ ՀՀ է այցելել մոտ 880000 զբոսաշրջիկ, ինչը լավ է՝ հաշվի առնելով նախորդ տարվա անկումը, շարունակվող համավարակը, սահմանափակումները և այլն։

Հարկ է նշել, որ վերջին տարիներին աճում էր նաև ՀՀ ներքին զբոսաշրջիկների թվաքանակը: 2019 թ. ՀՀ ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 1544600 մարդ՝ նա­խորդ տարվա համեմատ աճելով 41.4%-ով: 2020 թ․, համավարակով պայմանավորված, նվազել է նաև ներքին զբոսաշրջիկների թվաքանակը՝ նախորդ տարվա համեմատ մոտ 33%-ով՝ կազմելով 1045756 մարդ։ 2021 թ․ առաջին երեք եռամսյակներում ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 1435111 մարդ՝ 2020 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 53․4%-ով։ Սա իհարկե լավ ցուցանիշ է, այսինքն շատերը արտագնա զբոսաշրջությունը փոխարինել են ներքին զբոսաշրջությամբ։

- Ի՞նչ պատկեր է ՀՀ-ում զբոսաշրջության կարգավորման օրենսդրաիրավական դաշտում։

- «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մա­սին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թ․։ Արդեն մի քանի տարի է, ինչ մշակվել է Զբոսաշրջութ­յան մասին նոր օրենքի նախա­գիծը, որը դեռ չի ընդունվել։  Դրանով նախատեսված են մի շարք փոփոխություններ։

- Ըստ Ձեզ՝ որոնք են ՀՀ զբոսաշրջության ոլորտի՝ արդեն իսկ հիմնական ուղղությունները, իսկ որոնք՝ հեռանկարային։

- Հայաստանում զբոսաշրջության հիմնական տեսակներից են պատմամշակութային-կրոնականը, առողջարանայինը, զարգացման մեծ հեռանկարներ ունեն արկածայինը, գինու և գաստրոնոմիական զբոսաշրջությունը, ագրո- և էկոզբոսաշրջությունը, բժշկականը, փառատոնայինը, կրթականը, և այլն։

- Ի՞նչ խնդիրներ կան ՀՀ-ում զբոսաշրջության մրցունակության ոլորտում, ի՞նչպես հաղթահարել դրանք։

- Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրա­պա­րակ­ած 2019 թ. զբո­սաշրջության մրցունակության զեկույցի՝ Հայաս­տա­նը 140 երկրների շարքում եղել է 79-րդը։ Հիմնախնդիրներ են համարվել՝ աշ­խա­­տուժի որակավորումը (77-րդ տեղ), զբո­սաշրջիկների ներգրավմանն ուղղված մար­­քեթինգի և բրեն­դին­­գի ար­դյու­­­նա­վե­տությունը (82-րդ տեղ), երկրի բրենդի ռազ­մա­­վարությունը (99-րդ տեղ), տոմ­սերի հարկերը և օդանավակայանի վճարները (105-րդ տեղ), զբոսաշրջության արդ­յու­նա­բերության զարգացման կայունությունը (81-րդ տեղ), բնական և մշակութային ռե­սուրսների ենթահամաթիվը (103-րդ տեղ),  բնա­կան ակտիվների գրավչությունը (83-րդ տեղ) և այլն: Ուստի, քայլերը պետք է ուղղված լինեն մրցու­նա­կութ­­յան համաթվի այն հենասյուների գծով, որոնց ցուցանիշները ցածր են զե­կույցում։

- Ի՞նչ հեռանկարներ ունի հայկական զբոսաշրջությունը ԵԱՏՄ անդամակցության պայմաններում։

- ԵԱՏՄ անդամակցությունը Հա­յաս­տանի համար հիանալի հնարա­վո­­րութ­յուն է՝ զարգացնելու զբոսաշրջությունը՝ հաշվի առնելով այս երկրների բնակ­չութ­­յան մեծ թվաքանակները, առանց վիզային ռեժիմը և ուղիղ թռիչքների առկա­յու­թ­­յունը բացառությամբ Ղրղզստանի: Հայաստանի և ԵԱՏՄ ան­դամ երկրների միջև զբոսաշրջության զարգացման նպատակով անհրա­ժեշտ է այդ երկրների համար մշակել հա­մա­պա­տաս­խան զբոսաշրջային փա­թե­թներ՝ հաշվի առնելով առկա ռեսուրսները և զբոսաշրջային պա­հան­ջարկը, կազ­մա­կերպել տարբեր բնագավառների գոր­ծա­րար հանդիպումներ՝ գործնական զբո­սաշրջության զարգաց­ման նպատակով և այլն: Սա իհարկե հնարավոր է, բայց շատ երկար աշխատանք է պահանջում։

- Ի՞նչ կասեիք ՀՀ-ում զբոսաշրջության անվտանգության ապահովման մակարդակի մասին, արդո՞ք պետությունն ու համապատասխան մարմինները կարգավորում են խնդիրը։

- Ըստ 2019թ. զբոսաշրջության մրցունակության զեկույցի՝ ամենա­ա­պա­­­հով ու անվտանգ երկրներն են համարվել Ֆինլանդիան, Իս­լան­դիան: Հայաստանը զբաղեցրել է 40-րդ տեղը։

Ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկների վրա կարող է բա­ցա­­սա­կան ազդեցություն ունենալ Արցախի 44-օրյա պատերազմը, ինչպես նաև ՀՀ սահմանին տիրող իրավիճակը: Ուստի, խիստ անհրաժեշտ է ու կարևոր Հայաստանն արտերկրում ներ­կայաց­նել որպես ապահով ու անվտանգ, հարուստ պատմություն ու մշակույթ և զբո­սաշրջային գրավչություններ  ունեցող երկիր:

- Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս անդրադարձավ 2020 թվականը ՀՀ զբոսաշրջության ոլորտում ներդրումների վրա։

- Ինչպես արդեն նշեցի, 2020 թվականն ընդհանուր առմամբ խիստ բացասական ազդեց զբոսաշրջության վրա, մի կողմից համավարակը, մյուս կողմից՝ Արցախյան պատերազմը։ Անշուշտ նման իրավիճակը ներդրումների համար չի կարող բարենպաստ լինել, ուստի մնում է հուսալ, որ ապագա տարիներին ոլորտը կվերականգնվի, և զբոսաշրջային ենթակառուցվածքներում կկատարվեն նոր ներդրումներ։

- Ինչպիսի՞ն է ըստ Ձեզ ՀՀ-ում հյուրանոցային ծառայությունների որակը, արդյո՞ք այն հավակնում է միջազգային որոշակի մակարդակի՝ թե դեռ շատ հեռու ենք դրանից։

- ՀՀ-ում իրակա­նաց­վում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակա­վո­րում կա­մա­վորության սկզբուն­քով, ու այսօր ընդամենը 8-ն են որակավորված 847-ից։ Բացի այդ չկա դրանց լիցենզավորում, ուստի այս առումով զբոսաշրջիկները կարող են տուժել։ Այժմ որոշ հյուրանոցներ օգտա­գոր­ծում հարցաշարեր` իրենց ծառայութ­յուն­ների որակը և հյուրե­րի բավարարվածության մակարդակը գնա­հա­տելու համար: Կարևորելով հյուրանոցային ծառայությունների որակը՝ իմ կողմից մշակ­վել է հյուրանոցային ծառայությունների որակի գնահատման հա­տուկ գործիք՝ ARMQUAL, որի 32 հարցից բաղկացած հարցաթերթի օգնութ­յամբ հյու­րանոցներում իրականացրել եմ գնահատում։ Արդյունքները ցույց են տալիս, որ դեռ շատ խնդիրներ կան բարձրորակ ծառայություններ մատուցելու համար։

- Ո՞րոնք են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման ռազմավարական ուղիները։

- Կառանձնացնեի հետևյալ հիմնական քայլերը, որոնք անհրաժեշտ են ոլոր­տի զարգացման համար.

  • իրականացնել ագրեսիվ մարքեթինգային արշավներ՝ ՀՀ-ն արտերկրում որպես անվտանգ ու ապահով, գրավիչ զբոսաշրջային դեստինացիա ներկայացնելու համար՝ փորձելով չեզոքացնել Արցախյան պատերազմի և հարևան երկրների հետ քաղաքական կոնֆլիկտի հնարավոր բացասական ազդեցությունը ներգնա զբոսաշրջային որոշումների վրա,
  • մշակել զբոսաշրջային արդյունավետ պրոդուկտներ և նոր շուկաներ ներ­­թա­­փան­ցել, որոնք ՀՀ-ի համար ավելի հեռանկարային են,
  • բարելավել զբոսաշրջային ​​ծառայությունների գին-որակ ցուցանիշները և բարձ­րաց­նել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում ծառայությունների մա­կար­դա­կը, ինչը կնպաստի զբոսաշրջիկների գոհունակության աստիճանի մեծաց­մանը,
  • ոլորտի մարդկային կապիտալի բարելավում․ ուսումնական հաստա­տութ­­յուն­ները և մասնավոր հատվածի կազմակերպությունները պետք է համա­գործակ­ցեն ոլորտի մաս­նագետների պատրաստման գործում, ուսանողները պետք է հնա­­րա­վորություն ունե­նան փորձառություն անցնել զբոսաշրջային կազմա­կեր­պութ­յուն­ներում` ուսում­նառության ընթացքում գործնական հմտություններ ձեռք բերելու հա­մար, կրթական համակարգը պետք է համապատասխանի աշխատաշուկայի պա­հանջ­­ներին,
  • բարելավել ոլորտի վիճակագրական հաշվառումը` զբոսաշրջիկների տա­րիքի, սե­ռի, ազգային պատկանելության, ճանապարհորդության նպատակների և օրերի քա­նակի վերաբերյալ ավելի մանրամասն տվյալներ ունենալու համար,
  • բարելավել ոլորտի օրենսդրությունը, ինչը թույլ կտա լիցենզավորել ոլորտի կազ­մա­կերպությունների գործունեությունը, ինչպիսիք են հյուրանոցային տնտե­­սության օբյեկտ­ները, զբոսաշրջային ​​գործակալությունները, մշակել զբո­սաշրջության առան­ձին տեսակների զարգացման ռազմավարական ծրագրեր,
  • ներդրումներ ներգրավել ոլորտի ենթակառուցվածքների զարգացման համար,
  • զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքները, ավելացնել բազ­մաթիվ ուղղութ­յուններով ուղիղ թռիչքների քանակը և նվազեցնել ավիա­տոմսե­րի գինը, ներգրավվել բյուջետային ավիաընկերություններ տարբեր ուղղություն­նե­րով: Ուղիղ և էժան թռիչքները գրավիչ են զբոսաշրջիկների համար և կհանգեցնեն զբո­սաշրջային ​​հոս­քերի աճի,
  • բարձրացնել շրջակա միջավայրի և բնական պաշարների պահ­պա­նության մա­կար­դակը, հյուրանոցներում էկոպիտակներ ներդնել, բարձրացնել բնակ­չության էկո­լոգիական կրթության և գիտակցության մակարդակը` զբոսաշրջությունն առավել կա­յուն դարձնելու նպատակով:

- Կարո՞ղ է արդյոք կայուն զբոսաշրջությունը օգնել մեր երկրին՝ հաղթահարելու զբոսաշրջության ոլորտի ներկա մարտահրավերները։

- Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացումը խիստ կարևոր խնդիր է: Հայաս­տանը շրջա­կա միջավայրի կա­յու­նութ­յան ինդեքսով 140 երկրների շրջանում 101-րդն է:

Զբոսաշրջության կայուն զարգացման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝

  • զբոսաշրջության կայուն զարգացման ծրագրերի մշակում,
  • B&B-երի ավելացում մարզերում՝ տեղական զարգացմանը և զբաղ­վա­ծությանը նպաստելու համար,
  • Էկոհյուրանոցների կառուցում, հյուրանոցների և այլ զբոսաշրջային կազմա­կեր­պութ­յունների կողմից էկոպիտակների օգտագործում,
  • բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում, ջրի և աղբի վե­րամշակ­ման մե­խա­նիզմների ներդրում,
  • կայուն տրանսպորտի համակարգի մշակում,
  • կանաչ տարածքների ավելացում, անտառահատումների և անտա­ռա­յին հրդեհ­ների կանխարգելում,
  • վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործում, էներգա­արդյունա­վե­տութ­յան և կայուն շինարարության ապահովում,
  • կայուն սպառման և կայուն արտադրության մասին բնակչության տեղե­կաց­­վա­ծու­թյան մակարդակի բարձրացում,
  • խելացի քաղաքային գյուղատնտեսության ապահովում՝ օգտագործելով հիդրո­պոնիկա, ակվա­պոնիկա,  ուղղահայաց հողագործություն և այլն:

Կայուն զար­գաց­­ման համար անհրաժեշտ է մարդկանց մտա­ծելակերպի, կենսակերպի, վար­քա­գծի, ար­մատացած արժեքային համակարգի փո­փոխություն: Առաջնահերթ խնդիր է հա­սարակական գիտակցության ձևավորումը, ինչպես նաև էկոկրթության և կայուն զբո­­սաշրջության այլ ասպեկտների վերաբերյալ գիտելիքների ապա­հո­վու­մը:

Հարցազրույցը վարեց` պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը