«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անհապաղ քայլեր ձեռնարկել ԵՄ բանաձևում արված կարևոր կոչերն իրականացնելու ուղղությամբ. հայտարարություն

20/03/2024

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ողջունում է Եվրոպական խորհրդարանի 2024 թվականի մարտի 22-ի բանաձևի 14-րդ կետում ներկայացված նախաձեռնությունը, որը միանշանակորեն հաստատում է արցախահայության՝ միջազգային ներկայության ներքո հայրենիք վերադառնալու իրավունքը:

Հանձնախմբի այս առիթով տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Խորհրդարանի վճռական կոչն ընդգծում է այն իրողությունը, որ արցախահայության անվտանգությունն ու ապահովությունը չի կարող երաշխավորվել առանց միջազգային ներկայության և պաշտպանության։ Բանաձևում հայտարարված ձևակերպմանը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համահունչ հանձնախումբը պատրաստ է ներգրավվել միջազգային մանդատ ունեցող գործընթացում, որն ապահովում է արցախահայության՝ անվտանգ, արժանապատիվ վերադարձը իրենց հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո, հարգելով նրանց ինքնորոշման իրավունքը։

Միջազգային պաշտպանության ներքո իրենց հայրենիք վերադառնալու արցախահայության իրավունքը բանակցային դիրքորոշում չէ, այլ մանդատ՝ հիմնված մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։

Հակառակ բանաձևին Ադրբեջանի ապակառուցողական արձագանքին, խորհրդարանի ներգրավվածությունն այս հարցի լուծմանը ոչ միայն արդարացված և ողջունելի է, այլև կարևոր և ծանրակշիռ: Այս հարցում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումն ընդգծում է միջազգային վերահսկողության անփոխարինելի դերը արցախահայության՝ իրենց հայրենի հող անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովման, ինչպես նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանության գործում, որը ներկայումս ամեն օր ենթարկվում է քանդման և պղծման:

Չափազանց կարևոր է անհապաղ ստեղծել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմ և ձևաչափ։ Կոչ ենք անում անդամ պետություններին և միջազգային կազմակերպություններին ակտիվորեն աշխատել հիմնարար իրավունքներից շարունակվող զրկանքների վերացման և Արցախի բնիկ ժողովրդի վերջնական ոչնչացումը կանխելու ուղղությամբ և կոչ ենք անում ԵՄ կառույցներին, ներառյալ ԵՄ գործադիրին, անհապաղ քայլեր ձեռնարկել ԵՄ բանաձևում արված կարևոր կոչերն իրականացնելու ուղղությամբ։

Հարկադիր տեղահանումը չի կարող լեգիտիմացվել որպես հակամարտությունների կարգավորման մեթոդ: Իրավիճակի լրջության գիտակցումը և խաղաղության և արդարության ապահովմաննուղղված միջազգային ջանքերի հետ համագործակցելը իրական հաշտեցման և կայուն խաղաղության միակ ճանապարհն է։