Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան՝ Հայաստանին ու Արցախին. Սիմոնյան
Միանշանակ դա մեր կողմից օգտագործվելու է միջազգային բոլոր ատյաններում և չեմ կարծում, որ դրանից Ադրբեջանը երջանիկ է լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հաագայի դատարանի որոշման վերաբերյալ այն հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի պարտադիր պահանջը:
«Առնվազն խոստանում եմ, որ իրենք դրանից երջանիկ չեն լինելու»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը նշեց, թե միջազգային առումով Հայաստանը բավականին մեծ հաջողություններ է գրանցում:
«Իմ գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան՝ Հայաստանին ու Արցախին՝ քաղաքական առումով: Այո՛, մենք տուժեցինք, այո՛, մենք ծանր ենք տանում, այո՛, մենք խնդիրներ ունենք, բայց քաղաքական առումով Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ», - նշեց ԱԺ նախագահը: