«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

1990-ական թթ․ ՀՀ-ում իրագործված ագրարային վերափոխումների հանրագումարները.պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան

27/10/2021

    Հայաստանի տնտեսության մեջ խոր, արմատական փոփոխությունները սկսվե­ցին դեռևս 1991 թ.:

   1991 թ. վերափոխումների իրականացման առաջին փուլին բնորոշ թերություններն էին.

  •      Տարբերակված մոտեցման բացակայությունը: 1970-1980-ական թթ. դեռևս հաղթահարված չէր շրջանների, գյուղերի զարգացման անհամամասնությունը: Գյուղատնտեսության զարգացման առանձնահատկություններն իրենց կնիքն էին դրել ինչպես գյուղական բնակչության կառուցվածքի, այնպես էլ գյուղատնտեսական զբաղմունքների համակարգի վրա: Հողային ֆոնդի բաշխման, հողահանդակների մասնատվածության, մեկ շնչին բաժին ընկնող գյուղատնտեսական նշանկության հողերի տարբերությունները նույնպես կարևոր նշանակություն ունեին և պետք է հաշվի առնվեին վերափոխումների իրականացման ընթացքում:
  • Պետության դերի և հիմնական գործառույթների հստակեցման բացա­կայությունը: Գյուղատնտեսությունում իրականացված վերափոխումները նախոր­դեցին տնտեսության այլ ճյուղերի փոփոխություններին, ինչը, բնականաբար, առաջացրեց բազմաթիվ բարդություններ` կապված գյուղմթերքների իրացման, գյուղատնտեսական աշխատանքների ամբողջական ցիկլի կազմակերպման հետ:
  • Վերափոխումների հանդեպ գյուղացիների վերաբերմունքը դեռևս ձևավորված չէր: Բանն այն է, որ գյուղում սոցիալ-մասնագիտական և սեռատարիքային տարբեր խմբերը չէին կարող նույնանման մոտեցում ունենալ վերափոխումների հանդեպ, քանի որ տարբեր էին տնտեսական շահերը, գյուղատնտեսության, կոլեկտիվ և պետական տնտեսությունների հանդեպ ձևավորված վերաբերմունքը:

      Հայաս­տանի իշխանությունները 1990-ական թթ. ոչ միայն քայլեր չէին ձեռնարկում արտա­սահմանյան առանձին ընկերությունների ու ֆիրմաների հետ համատեղ արտադրություն կազմակերպելու ուղղությամբ, այլ նաև խոչընդոտում էին նման նախաձեռնությունները: Իսկ հնարավորություններ, հատկապես 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից հետո, մենք շատ ունեինք, բայց անխոհեմաբար չօգտվեցինք:

      Գյուղատնտեսության ոլորտում վերափոխումների արդյունավետության գնա­հատման առումով հարկ է նշել, որ այս ոլորտում, ինչ խոսք, եղել են բավականաչափ դրական քայլեր, որոնք, սակայն, զուրկ լինելով ամբողջական և համակարգված մոտեցումներից, կրել են անավարտ, թերի, որոշ դեպքերում` ուշացած, չփոխկա­պակցված բնույթ:

    Ագրարային վերափոխումների արդյունքների գնահատումը  բավական բարդ գործընթաց է: Դժվար է տալ միատեսակ դրական կամ բացասական գնահատական: Այս առումով դրական է, որ ագրարային վերափոխումներ իրականացնող երկրների համար  Համաշխարհային բանկը մշակել է գնահատման հատուկ մեթոդ: Չնայած այդ մեթոդը ևս խիստ պայմանական է` նկատի ունենալով ագրարային վերափոխում իրականացնող երկրի տեղական առանձնահատկությունները, սակայն ընդհանուր առմամբ դրա կիրառումը թույլ է տալիս տեսնել իրականացված վերափոխումների ընդհանուր պատ-կերը:

      Համաձայն Համաշխարհային բանկի այդ մեթոդի, վերափոխումների արդյունք­ները գնահատվում են 1-10 սանդղակով և այդ գնահատումն իրականացնելիս հաշվի են առնվում մի շարք ոլորտներ, ինչպիսիք են`

ա. շուկայի ազատականացումը,

բ. հողային ռեֆորմը,

գ. սեփականաշնորհումը,

դ. գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերը,

ե. ենթակառուցվածքները:

     Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում իրականացված ագրարային վերափոխումների գնահատականը ըստ Համաշխարհային բանկի մեթոդի (1997 թ. դրությամբ) (աղյու­սակ 1):

 Աղյուսակ 1.

ՀՀ-ում իրականացված ագրարային վերափոխումների գնահատականը ըստ Համաշխարհային բանկի գնահատման (1997 թ. դրությամբ)

Շուկայի ազատա­կանացում

Հողային ռեֆորմ

Սեփականա-

շնորհում

Գյուղացիական տնտեսություն­ներին տրվող վարկեր

 

Ենթակա­ռուցվածքներ

Միջին միավոր

7

8

7

6

7

7,0

 

      Սանդղակային գնահատման համակարգում միավորներն ունեն իրենց բացատրությունը:

    Այսպես, 7-8 միավոր տրվում է այն դեպքում, երբ առկա են ազատ շուկաները, կա բավականաչափ ազատ առևտրային քաղաքականություն, բայց դեռևս ներքին շուկան լիովին զարգացած չէ: Բացի այդ, այդ միավորը տրվում է նաև այն դեպքում, երբ հողը սեփականաշնորհված է, սակայն պատրաստ չեն  բոլոր գրանցումային փաստաթղթերը, հողի շուկան ձևավորված չէ, սեփականաշնորհումն իրականացված է գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, առաջացել են նաև գյուղատնտեսության վարկավորման կազմակերպություններ և այլն:

     Ըստ վերոհիշյալ սանդղակի ագրարային վերափոխումները բաղկացած են հինգ հիմնական մասերից և այդ բոլոր մասերում իրականացված միջոցառումների շնորհիվ է ամբողջանում և տրվում ագրարային վերափոխումների գնահատականը: Ինչպես տեսնում ենք ներկայացված տվյալներից, ՀՀ-ն իրականացրած ագրարային վերակառուցումների արդյունքների գնահատման հիման վրա ստացել է 7 միավոր, այսինքն մեր երկրում առկա են բոլոր դրական չափորոշիչները: Այլ խոսքով, ՀՀ-ում առկա են ազատ շուկաները, ձևավորվել է բավականաչափ ազատ առևտրային քաղաքականություն, բայց դեռևս ներքին շուկան լիովին զարգացած չէ: Բացի այդ, հողը սեփականաշնորհված է, սակայն պատրաստ չեն բոլոր գրանցումային փաստաթղթերը, հողի շուկան ձևավորված չէ ամբողջությամբ, սեփականաշնորհումն իրականացված է գյուղա­տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, առաջացել են նաև գյուղատնտեսության վարկավորման կազմակերպությունները: Հարկ է նշել, որ Համաշխարհային բանկի առաջարկած մեթոդով հայկական վերափոխումների այս գնահատականը որքան էլ առաջին հայացքից դրական լինի, սակայն ընդգծենք, որ բերված թվերը հիմնականում ագրարային վերափոխումների քանակական, այլ ոչ թե որակական ցուցանիշներ են: Այլ խոսքերով ասած` ագրարային վերափոխումների արմատական բնույթը ամենևին էլ չի նշանակում ազգային տնտեսության ագրարային հատվածի վերականգնում կամ առավել ևս` որակական աճ: Դրանում մենք համոզվելու ժամանակ ունեցել ենք:

     Այսօր արդեն վստահաբար կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն դուրս է եկել ագրարային վերափոխումների և արմատական փոփոխությունների առաջին փուլին հատուկ անկման շրջանից և արդեն ապահովում է տնտեսական աճ: Չնայած դրան՝ մինչ օրս առկա են սոցիալ-տնտեսական չլուծված խնդիրներ, սակայն ագրարային ոլորտում Հայաստանի զար­գացումը բավական առաջ է իր հարևաններից:

    Այսուհանդերձ, օրախնդիր են տնտեսության հեռանկարային զարգացման համար կայուն հիմքերի ապահովման և միջազգային համագործակ֊ցության խորացման հար­ցերը: Նշենք նաև, որ ինչպես մյուս հետխորհրդային հանրապետություններում, այնպես էլ ՀՀ-ում ագրարային ոլորտի ծառայությունների ու ենթակառուց֊վածքների զարգա­ցումը դեռևս անմիջական պետական աջակցություն է պահանջում, մասնավորապես ոռոգման համակարգերի զարգացման, սննդի անվտանգության, բույսերի պաշտպա­նության, գյուղական վարկավորման և գյուղմթերքների իրացման խնդիրների լուծման գործում։

 

<<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ Մարինե Գևորգյան