«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի նախկին տնտեսվարողները կազատվեն հարկային պարտավորությունից

09/02/2021

Արցախում նախատեսվում է հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից ազատել այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք գործունեություն են իրականացրել պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքներում: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրեց Արցախի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը:

Մշակվել և Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող արցախյան բնակավայրերում փաստացի գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին ազատել հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից (բացառությամբ սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարների) կատարումից: Այդ տնտեսվարողների կողմից 2020 թ. համար կատարված շահութահարկի (եկամտային հարկի) կանխավճարները և նվազագույն եկամտային հարկը հաշվանցվելու է և (կամ) վերադարձվելու»,- ասաց Արմինե Մուսայելյանը՝ հավելելով, որ օրինագծով ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերում գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գերավճարի մնացորդի հաշվանցումը կամ միաժամանակ հաշվանցումն ու վերադարձը իրականացվելու են կամերալ ուսումնասիրությամբ:

 

Բացի այդ, նշված տնտեսվարողներին հարկային խնդիրների կարգավորմանը նպատակաուղղված՝ ԱԺ-ում շրջանառվող օրինագծով առաջարկվում է նրանց ազատել նաև այն հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորություններից (բացառությամբ՝ սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարների), որոնց մասով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Նախատեսվում է նաև հաշվանցել և (կամ) վերադարձնել 2020 թ. համար կատարված շահութահարկի (եկամտային հարկի) կանխավճարները և նվազագույն եկամտային հարկը: Հարկային մարմնի տեղեկատվական բազայում ինքնաշխատ եղանակով կզրոյացվեն ներկայացված հաշվարկ հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում արտացոլված` վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մնացորդները: