«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչների նշանակմանը

12/03/2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչների նշանակմանը։ Այս մասին ասված է միության տարածած հայտարարության մեջ․

«Օրերս պարզ դարձավ, որ Ստեփանակերտում, Մարտակերտում, Իվանյանում, Ակնայում, Ջրականում, Մարտունիում նշանակվել են Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչներ։ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելուց և շուրջ երեք տասնամյակ ձևավորված և հաջողությամբ գործող ժողովրդավարական ինստիտուտները ոչնչացնելուց հետո Ադրբեջանը գերկենտրոնացված բռնատիրությունը մեծ արագությամբ տարածում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Նման գերկենտրոնացման վկայությունն էին կեղծիքների և այլակարծության բացառման մթնոլորտում անցկացված արտահերթ նախագահական ընտրությունները, որի ժամանակ ցուցադրականության ապահովման համար անգամ ամբողջ նախագահական ընտանիքն է խախտել սեփական երկրի ընտրական օրենսգրքով սահմանված նորմերը՝ ընտրություն կատարելով Ստեփանակերտում՝ այնտեղ, որտեղ գտնվող հայ բնակչությունը շուրջ 10 ամիս հումանիտար աղետի ենթարկվեց, որտեղ իրականցավեց ամենաիսկական էթնիկ զտում և վախի ու սպառնալիքի պայմաններում բռնի տեղահանում։

Փոխարենը Ադրբեջանն իրականացնում է միակողմանի և որևէ կերպ չվերահսկվող վերաբնակեցում այն տարածքներում, որը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնիկ էթնիկ հայության մասնավոր և պատմական սեփականությունը։ Սա է արդարության ընկալման ադրբեջանական հայեցակարգը։ Սեփական անօրինական քվեով ընտրված նախագահն այժմ իր հատուկ ներկայացուցիչներին է նշանակում՝ հերթական անգամ փաստացի ժխտելով և մերժելով Լեռնային Ղարաբաղի շուրջ 150 հազար հայ բնակչության վերադարձի անօտարելի իրավունքը, որովհետև Ադրբեջանը վերջին երեսնամյակում բազմիցս և՛ հայտարարել է, և՛ ապացուցել, որ կամք և ցանկութուն չունի զսպելու իր իսկ խթանած հակահայկականությունը, որն արտահայտվում է պետական ամենաբարձր մակարդակով հնչող խոսույթից մինչև դաժանագույն սպանություններ։

Փորձե՞լ է արդյոք Իլհամ Ալիևը գնահատել բռնազավթված տարածքներում իր սեփական լեգիտիմությունը՝ նախքան այնտեղ ներկայացուցիչներ նշանակելը: Զրոյական վիճակը փոխելու համար վերջինս ստիպված էր արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպել, սակայն արդյո՞ք հասավ իր նպատակին: Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի քայքայիչ գործելակերպը, որը բացառում է ցանկացած կառուցողականություն մարդու ոտնահարված իրավունքների հարգման և իրացման գործում»,- ասված է հայտարարության մեջ։