«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Երբ դու քո ճակատագիրը հանձնում ես ուրիշի տնօրինությանը, երբեք չպետք է սպասես, որ նա կշարժվի քո շահերից ելնելով». Ռուբեն Բաբայան

29/09/2023

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը 

– Պարո՛ն Բաբայան, այս օրերին տեղի ունեցողի մասին եմ ուզում խոսենք. ինչո՞ւ այս ամենը տեղի ունեցավ: 

– Թե ինչ կատարվեց, դեռ շատ կվերլուծվի, ու դա շատ ճիշտ կլինի, բայց վերլուծելուց առաջ պետք է մեկ րոպե կանգ առնել, խոր շունչ քաշել ու փորձել այս ամբողջ պատմության մեջ տեսնել, թե ի՛նչ ենք արել, որտե՛ղ ենք սխալվել, ու այդ սխալներն ինչի՛ հետևանք են: 

Ես կարծում եմ, որ սա մեր ավանդական մտածողության հետևանքն է, որը ո՛չ այսօր է ձևավորվել, ո՛չ 20 տարի առաջ: Այդ ավանդական մտածողությունը հետևյալն է. մենք շրջապատված ենք թշնամիներով, մեզ համար անպայման պետք է գտնենք մի հզոր հովանավոր, այս պարագայում ու ոչ միայն այսօր՝ Ռուսաստանը, անկախ նրանից, թե ինչ երկիր է, պինդ կպչենք նրա պոչից, սեփական անձից հեռացնենք պատասխանատվությունը ու այն հանձնենք երրորդ կողմին ու հետո ողբանք, որ մենք ունեցանք ողբերգական հետևանքներ: 

Երբ դու քո ճակատագիրը հանձնում ես ուրիշի տնօրինությանը, երբեք չպետք է սպասես, որ նա կշարժվի քո շահերից ելնելով, որովհետև դու կամավոր ես հանձնել այդ իրավունքը: Պատասխանատվությունը տիրոջ իրավունքն է, եթե քեզ երկրի տեր ես զգում, դու այդ պատասխանատվությունը վերցնում ես քեզ վրա, ու այդ պատասխանտվությունը տեղավորվում է քո հնարավորությունների սահմաններում, քո ուժի սահմաններում: Երբ դու այդ պատասխանատվությունից հրաժարվում ես, դու կարող ես շատ մեծ պահանջներ ներկայացնել ուրիշներին, բայց իրենք դա չեն կատարի, որովհետև դա միայն քո ցանկությունն է, որը ոչ մի հիմնավորում չունի, ու առավելևս՝ երրորդ կողմը ոչ մի պարտավորություն չի վերցնում իր վրա ու չպետք է վերցնի, շատ զարմանալի կլիներ, եթե վերցներ: 

Ցավոք սրտի, անհասկանալի մի բան է կատարվում, որ մեր սեփական պատմությունից մենք դասեր չենք քաղում, նույնիսկ վերջին տարիների, այն, ինչ կատարվեց 20 թվականին, որը ևս նման մտածողության հետևանք էր. ունենք պայմանագրեր, մեզ կպաշտպանեն, հզոր դաշնակիցը մեզ կպաշտպանի, ստացանք լրիվ հակառակը ու զարմանալիորեն շարունակեցինք նույն գիծը ու ստացանք ավելի ահավոր հետևանք: 

Բոլոր նրանք, որ առաջարկում էին պատասխանատվությունը վերցնել մեզ վրա, հասկանալ, որ աշխարհն արագ փոխվում է, որ աշխարհում գործընթացներ են տեղի ունենում, որոնք այսպես թե այնպես նաև մեզ վրա են ազդելու, բացառում էին այդ ամենը, հույսները դնում մի երկրի վրա, որը ճանաչված միջազգային հանցագործ է, ու խնդրում էին, որ նա պաշտպանի մեր իրավունքները: Անհեթեթություն է, չէ՞, որ դիմես հանցագործին ու ասես՝ արի իմ իրավունքները պաշտպանիր: Անհատական առումով՝ այսքան խելացի ազգ լինելով, կոլեկտիվ մտածողության մեջ բացարձակապես միամիտ ենք ու ռոմանտիկ:

– Իսկ հույս ունե՞ք, որ սրանից հետո դասեր կքաղենք:

– Ունեմ, որովհետև տեսնում եմ, որ այդ գործընթացը դանդաղ, իհարկե շատ կուզեի, որ արագ գնար, բայց կատարվում է, չի կարող չկատարվել: Չի կարելի ճնշել նոր եկող սերունդներին մեր կարծրատիպերով, դա Պլատոնն էր ասում՝ մի՛ թելադրեք ձեր երեխաներին ձեր մոտեցումները, որովհետև նրանք ուրիշ ժամանակների համար են ծնվել, սա շատ կարևոր է: 

Աշխարհը շատ արագ փոխվում է, նա, ով չի նկատում այդ փոփոխությունը, ժամանակը նրան պարզապես դուրս է շպրտում: Վստահ եմ, որ երբ մենք վերջնականապես որոշենք, որ սա՛ է մեր հայրենիքը, մեր բոլորիս պետությունը, այլ ոչ թե ցատկահարթակ է, հետո կտեղափոխվենք ուրիշ տեղ: Տեսեք՝ մեր պաշտոնյաները 30 տարվա ընթացքում ինչպես էին դասավորում իրենց ու իրենց երեխաների գործերը՝ արտերկրում ապրելու համար կամ պաշտոնից զրկվելուց հետո. պարզվում էր, որ նրանք կա՛մ Ռուսաստանի, կա՛մ ԱՄՆ-ի քաղաքացի ն, ընդ որում՝ ամենակարևոր պաշտոններ զբաղեցնող մարդիկ, երեխաներն են ուրիշ երկրի քաղաքացիներ: 

Ո՞ւմ են մենք մեր ճակատագիրը տնօրինելու հնարավորություն տվել. մարդկանց, որոնք այս երկրի ներկայի ու ապագայի հանդեպ ոչ մի հավատ չունեին, որովհետև եթե հավատ ունենային՝ նման ձևով չէին վարվի: Ինչքան էլ զարմանալի թվա, բայց մշտապես այդ երկընտրանքի առաջ ենք կանգնած՝ ի՞նչ ենք մենք ուզում ունենալ, անկախ պետությո՞ւն, որտեղ ինքներս կտնօրինենք մեր ճակատագիրը, թե՞ պարզապես շատ լավ գաղութ որևէ երկրի կազմում, որտեղ մեր ամենակարևոր հարցերը կլուծի ուրիշ երկիր: 

– Պարո՛ն Բաբայան, հիմա ո՞րը կընտրենք:

– Բոլոր դեպքերում այս սերունդը, որը գալիս է, նրա լավագույն ներկայացուցիչները ընտրելու են անկախությունը:

– Այս դժվարին իրավիճակից ինչպե՞ս դուրս գա հանրությունը:

– Մենք հո չե՞նք հանձնվելու, դա ամենաահավոր բանն է՝ կանգ առնել, ողբալ: Հասկանում եմ, որ ողբն էլ է դարձել ազգային արժեք, բայց ամենադժվար ու ծանր պայմաններում անգամ ապրել է պետք, երբեք չի կարելի հիասթափեցնել մարդկանց, հատկապես երիտասարդներին, որոնց առջև ամբողջ կյանք կա: Պետք է ուժ տալ, պետք է հավատալ, որ մի օր կարող է և մենք վերադառնանք Արցախ ու ոչ անպայման պատերազմով, սա շատ կարևոր է: 

Հենց այսօր ամենակարևորը մարդասիրական մոտեցումն է մեր եղբայրների ու քույրերի նկատմամբ, որը տեսնում եմ ու հիացած եմ: Սա դեղատոմսն է, որով պետք է ապրենք: Ի՞նչն է խանգարում մեզ մարդ լինել՝ անգամ շատ տարբեր քաղաքական հայացքներ ունենալով, ո՞վ ասաց, որ քաղաքական կողմնորոշումն ավելի կարևոր է, քան մարդ լինելը:

MediaLab.am